Բաժիններ՝

«Այսօրվա խաղի ընթացքում հույս ունեմ տեսնել հայկական ֆուտբոլի ապագա աստղերին»․ Ջոն Գալագեր

Երևանի Հանրապետական մարզադաշտում այս պահին ընթանում է Չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» հանդիպումը։ Հայաստանի և Ուելսի չեմպիոններն առաջին հանդիպումը ավարտել են 2։2 հաշվով և այս խաղում վիճարկելու են հաջորդ տուրի ուղեգիրը։

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը։

168.am-ի հետ զրույցում Ջոն Գալագերը նշում է՝ շատ ուրախ է, փոքր համայնքի ֆուտբոլային ակումբը մրցում է չեմպիոնների լիգայում։

«Քանի որ որպես Միացյալ Թագավորության դեսպան ես ներկայացնում եմ Միացյալ Թագավորությունը, բնականաբար, երկրպագելու եմ «Նոմադսին»։ Շատ լավ է, որ հարաբերականորեն փոքր համայնքի ֆուտբոլային ակումբը մրցում է չեմպիոնների լիգայում։ Սակայն եթե նրանք որևէ թիմի պարտվեն, ուրախ կլինեմ, եթե հաջորդ փուլ անցնողը հայկական թիմ լինի։Հայաստանյան ֆուտբոլի մասին այնքան էլ շատ բան չգիտեմ, բայց գիտեմ Հենրիկ Մխիթարյանի մասին, որը խաղում էր Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթր Յունայթեդի» և «Արսենալի» կազմերում։ Նաև հանդիպել եմ ազգային թիմի մարզիչ Խոակին Կապառոսին, որն իսկապես ֆանտաստիկ գործ է արել։ Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի իր մեծ առաջընթացը և հաջորդ տարի որակավորում կստանա Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Այսօրվա խաղի ընթացքում հույս ունեմ տեսնել հայկական ֆուտբոլի ապագա աստղերին»։

Դեսպանի հետ զրուցել ենք նաև ավարտված Եվրոպայի առաջնության մասին, որտեղ Անգլիայի հավաքականը հասել էր եզրափակիչ։

«Իհարկե, ես չէի կարող այդ խաղը բաց թողնել։ Ես այն դիտեցի Իտալիայի դեսպանի հետ, Երևանի Անգլիական այգում, հարյուրավոր երկրպագուների հետ միասին։ Մթնոլորտը հիանալի էր։ Շատ ափսոս, որ 11 մետրանոց հարվածների արդյունքում մենք պարտվեցինք, սակայն ողջ երկիրը հպարտ էր ամբողջ մրցաշարի ընթացքում թիմի խաղով և առաջին անգամ եզրափակչին հասնելու նվաճումով։ Թիմը մեզ մեծ օրինակ է ցույց տվել իր նվիրումով, քաջությամբ և կարևոր սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու հանձնառությամբ։ Այս թիմը կհիշվի որպես Անգլիայի պատմության մեջ ամենալավ թիմերից մեկը»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս