Բաժիններ՝

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմը կներկայացվի մի քանի հեղինակավոր միջազգային փառատոնների

Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր» բաժնում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ փառատոնը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:

Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխեսի կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում ` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:

Ֆիլմն ընդգրկվել է նաև իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, տեսախաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:

«Կաֆկայի երազը» ֆիլմի համակարգչային գրաֆիկան և անիմացիան «Վարդազարյան-ստուդիոյինն» է, գլխավոր պրոդյուսերն է Արմինե Հարությունյանը, գործադիր պրոդյուսերը և ֆիլմի սուպերվայզերը` Արամ Վարդազարյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը` Անդրանիկ Բերբերյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս