Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել Ուկրաինայի և Լեհաստանի միջև դիվանագիտական հակամարտության կարգավորման գործում

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Լեհաստանի միջև ծագած դիվանագիտական տարաձայնությունները հարթելու համար։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե երկու երկրներն էլ նման ցանկություն հայտնեն լիտվական կողմի միջնորդության համար։ Այս մասին հաղորդում է LRT-ն։

«Առաջին հերթին իրենք պետք է նման ցանկություն հայտնեն։ Ես իմ տարեկան ուղերձում էլ եմ ասել, որ պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի մեզ հարազատ երկու ժողովուրդների՝ Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերությունները չվատանան»,— LNK լրատվականին տված հարցազրույցում նշել է Գիտանաս Նաուսեդան։

Նա հայտնել է, որ շաբաթ օրը կմեկնի Լեհաստանի հյուսիս՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու նստավայր, որտեղ հնարավորություն կունենա այս հարցը քննարկել ոչ պաշտոնական մթնոլորտում։

«Կխոսենք այդ հարցի շուրջ, որն ինձ համար չափազանց կարևոր է»,— ասել է Նաուսեդան։

Նրա խոսքով՝ այս պահին երկու երկրներն էլ հայտարարում են, որ ցանկանում են դիվանագիտական խնդիրը լուծել ինքնուրույն ձևով՝ առանց միջնորդների։

«Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու կողմից նման հայտարարություն լսել եմ։ Բայց եթե երկու կողմերն էլ հանգեն այն եզրակացության, որ միջնորդ է պետք, և եթե նման խնդրանք լինի, ես իսկապես պատրաստ եմ ստանձնել այդ դերը»,— հայտարարել է Լիտվայի ղեկավարը։

Հանգստյան օրերին Լեհաստան կատարած այցի ընթացքում Գիտանաս Նաուսեդան ցանկություն է հայտնել նաև անձամբ Կարոլ Նավրոցկուց ավելին իմանալ հակամարտության պատճառների և այն մասին, թե ինչ կարելի է անել իրավիճակը կարգավորելու համար։

Լիտվայի նախագահի խոսքով՝ այս շաբաթ Գդանսկում կայացած՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հստակ հասկացնել է տվել, որ Կիևը շահագրգռված է այս հակամարտության հանգուցալուծմամբ։

«Անցյալը կարևոր է, բայց հատկապես կարևոր է ներկա իրավիճակը, երբ Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակվում է»,— ասել է նա։

Ավելի վաղ Նավրոցկին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու որոշման մասին։ Նա նշել էր, որ լեհերը գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչ է նշանակում ռուսական սպառնալիքը՝ ընդգծելով, որ «լեհերի համբերությունն էլ սահման ունի, և այն սպառվել է»։

Այս որոշումից հետո Զելենսկին հայտնել էր, որ փոստով շքանշանը հետ է ուղարկել Լեհաստանի նախագահին։ Նա վստահեցրել էր, որ Ուկրաինան նախկինի պես բաց է իր գործընկերների հետ կառուցողական համագործակցության համար։

Ավելի ուշ Լեհաստանի բարձր պետական պարգևները հետ են վերադարձրել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, ինչպես նաև նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նախագահ Նավրոցկու՝ Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու որոշումը ձեռնտու է Մոսկվային և շոկի է ենթարկել դաշնակիցներին։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Լեհաստանի նախագահին վրդովեցրել էր Զելենսկու՝ ուկրաինական ռազմական ստորաբաժանումներից մեկին Ուկրաինական ապստամբական բանակի պատվավոր անվանումը շնորհելու մասին որոշումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՈՒԱԲ-ն մասնակցել է լեհերի զանգվածային սպանություններին, որոնք Լեհաստանը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն։

Ուկրաինան ՈՒԱԲ-ն համարում է հայրենասիրական կազմակերպություն, սակայն Լեհաստանը բազմիցս կոչ է արել Կիևին՝ ճանաչել վերջինիս դերը Վոլինի ողբերգության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930