«Պուտինի «շնորհավորանքը» չարախնդալու նման էր, որ՝ ձեր հասարակությունը ընտրել է պարտությունը, նվաստացումը». Արմեն Բաղդասարյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղդասարյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Դուք ասել էիք, թե չեք կարծում, որ գործող իշխանությունները բավականին մեծ վարկանիշ ունեն, քանի որ «առողջ տրամաբանությունն ասում է, որ իշխանությունը, որը ձախողել է առանց բացառության բոլոր ոլորտներում, չի կարող ունենալ բարձր վարկանիշ»: Այդ դեպքում, ինչպե՞ս եղավ, որ գործող իշխանությունները վերարտադրվեցին:

– Ես հիմա էլ եմ պնդում, որ գործող իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտները: Ես ասել էի, որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ գործող իշխանությունը բարձր վարկանիշ պետք է չունենա, հիմա ես ասում եմ, որ ընտրությունների արդյունքներն առողջ բանականության հետ կապ չունեն: Թող ներեն ինձ ընտրությունների մասնակիցները, բայց այս արդյունքներն ունեցած իշխանությունները պետք է այդքան ձայն չհավաքեին: Ի դեպ, ես մեծ վստահություն չունեմ ընտրությունների արդյունքների նկատմամբ, կարծում եմ, որ իշխանությունները չարաշահել են հնարավոր բոլոր լծակները, հնարավոր բոլոր ձևերով ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց, այնուամենայնիվ, այո՛, պետք է խոստովանենք, որ առաջին տեղում ՔՊ-ն է, ինչը շատ տարօրինակ էր, այդպես պետք է չլիներ: Դրա հետևանքները, ի դեպ, մենք դեռ տեսնելու ենք:

– Ի՞նչ հետևանքներ ենք տեսնելու:

– Ցավալի հետևանքներ: Տեսեք՝ մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ուղղակի վարչապետի երեսին շփացրեց դա, ասաց, որ՝ ձեր ժողովուրդը ձեզ է ընտրել, դուք վստահության բավականին պաշար ունեք, ուրեմն՝ գնացեք և այդ ցավոտ ու ծանր որոշումներն ընդունեք, և հանկարծ չասեք, որ ժողովուրդն այլ կերպ է մտածում:

– Այսինքն՝ դա շնորհավորանք չէ՞ր, այլ զգուշացո՞ւմ:

– Դա շնորհավորանք չէր, այլ չարախնդալու նման մի բան էր, որ ձեր հասարակությունն ընտրել է պարտությունը, ձեր հասարակությունն ընտրել է նվաստացումը, ուրեմն՝ բարի եղեք մինչև վերջ գնացեք այդ ճանապարհով:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ենթադրում Պուտինի ասած բարդ, շատ սուր և զգայուն հարցերի լուծումը:

– Կարծում եմ՝ խոսքը երեք հիմնական բաների մասին է. Առաջին՝ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա, այսինքն՝ նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում: Երկրորդ՝ Սյունիքով միջանցքի կամ ճանապարհի տրամադրում: Երրորդ՝ փաստացի, Հայաստանի դուրսմղում արցախյան բանակցություններից, որովհետև եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ուրեմն՝ մեծապես Հայաստանի դերը նվազում է այդ հարցում: Կարծում եմ՝ այս երեք կետերը նկատի ուներ Վլադիմիր Պուտինը:

– Դուք կարծում եք, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը փակվելո՞ւ է:

– Ոչ, դա նշանակում է, որ էապես նվազելու է Հայաստանի դերակատարումն այդ հարցում: Այսինքն՝ հարցը տեղափոխվելու է բոլորովին այլ հարթություն, քննարկվելու է ընդամենն Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում: Հիմա Ադրբեջանի նախագահն ասում է, որ ընդհանրապես կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում՝ կարող է լինել մշակութային ինքնավարություն, ինչը տարածքային բաղադրիչ չունի։ Այսինքն՝ նրանք համարում են, որ այդ հարցը փակված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ համարենք՝ այդ հարցը փակված չէ, ինչպես նաև ՄԽ համանախագահներն են ասում, բայց հասկանում ենք, որ մենք չունենք այն իրավիճակը, ինչ մեկ տարի առաջ, և այլևս չենք կարող խոսել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման մասին:

– Բայց գործող իշխանություններն այլ բան են ասում։ Օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի սահմաններն են ճանաչելու, բայց Արցախի հարցը, նրա խոսքով՝ ինքնորոշման հարց է և սահմանային հարց չէ, և այդ առումով չի կարող որևէ խնդիր առաջանալ:

– Նա իրականում ճիշտ է ասում՝ զուտ ձևականորեն: Բայց բոլորը, այդ թվում՝ ՄԽ համանախագահները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, համարում են, որ այդ ինքնորոշումը պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ: Այսինքն՝ այո՛, գուցե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապ չունի: Խնդիրն այն է, որ այն ժամանակ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, հիմա այլևս երաշխավորը չէ, երկրորդ՝ այն ժամանակ Ադրբեջանից դուրս կարգավիճակի դիմաց մենք զիջելու էական բաներ ունեինք, որը հիմա չունենք:

– Իսկ Հայաստանը հիմա իր իսկ անվտանգության երաշխավո՞րն է:

– Ո՛չ, բնականաբար, ո՛չ: Բայց ես տեսնում եմ, որ Հայաստանի իշխանություններին դա առանձնապես չի էլ մտահոգում, նրանք նույնիսկ հպարտանում են, ասում են՝ բայց ինչո՞ւ պետք է մեր զինվորները կանգնեն էն սարերում, որտեղ տարին 12 ամիս ձյուն է: Մեր իշխանությունները չեն էլ փորձում լինել անվտանգության երաշխավոր, թեև Սահմանադրությամբ ՀՀ վարչապետը տարածքային անվտանգության երաշխավորն է:

– ՀԱՊԿ-ին են մեղադրում:

– Դե, սխալ են անում, որ մեղադրում են ՀԱՊԿ-ին, որովհետև առաջին հերթին՝ պետք է ինքներս մեզ մեղադրենք: Եթե անգամ ՀԱՊԿ-ը թերացել է, նախ՝ դա անսպասելի չէր, ՀԱՊԿ-ը թերացել է, ուրեմն՝ դրանում մեղավոր են ՀՀ իշխանությունները, որովհետև չեն կարողացել ժամանակին նորմալ հարաբերություններ հաստատել այդ կազմակերպության հետ, և, ըստ էության, չափազանցված ակնկալիքներ են ունեցել, ինչն անթույլատրելի էր:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս