Երբևէ չցուցադրված տղամարդու, երեխայի տարազները ներկայացվել են հանրությանը
Հունիսի 30-ից Կառավարության թիվ 2 շենքում բացվել է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի դեռ թանգարանի հիմնական շենքը վերանորոգման փուլում է, որոշեցին այսպիսի ցուցահանդես կազմակերպել ու ներկայացնել թանգարանի գործվածքի հավաքածուի որոշ մասը:
«Գործվածքի հավաքածուն 8000-ից ավելի է, բայց այստեղ մոտավորապես 200-ն է ներկայացված: Թանգարանի աշխատակիցները կարողացան համադրել որոշակի տարազային համալիրներ: Մի մասը նախկին ցուցադրություններում կային, սակայն որոշներն առաջին անգամ են ներկայացվել, օրինակ՝ տղամարդու տարազներ, որոնք չէին ցուցադրվել, ինչպիսին է Կիլիկիայի հին տարազներից մեկը՝ 1460-ական թթ.: Ներկայացված է մանկական տարազ, որը երկար ժամանակ չի ցուցադրվել: Հետաքրքիր է, թե մարդիկ ընդհանրապես ի՞նչ են կրել առօրյայում, ինչպե՞ս են այդ հագուստները պատրաստել, կիրառել, և դրան համադրեցինք թանգարանային ֆոնդերից արխիվային լուսանկարներ, որոնք ևս երկար ժամանակ չէին ցուցադրվել:
19-րդ դարի վերջից սկսած արդեն մարդիկ հագնում էին տարազ, գնում էին լուսանկարվելու՝ ինչպես հիմա, որպեսզի ցույց տային իրենց ինքնությունը: Վերջերս ձեռք ենք բերել նաև տարազային համալիր. բերել էին տատիկի հարսանեկան զգեստը: Թոռը պահել էր տատիկի հարսանեկան զգեստն Ախալցխայից, որը Կարինի ավանդույթներով արված հարսանեկան տարազ է, շատ լավ է պահվել ու սերնդեսերունդ վերածվել է ինքնության խորհրդանիշի: Եվ թանգարանը ձեռք բերեց տատիկի այս զգեստը, որպեսզի ներկայացնի կենդանի մի պատմություն, որը Արևմտյան Հայաստանից եկել է Ախալցխա, հետո գնացել է Գյումրի: Տատիկն այս պահին ապրում է Գյումրիում»,- պատմեց Դավիթ Պողոսյանը:
Թանգարանի տնօրենի փոխանցմամբ՝ առաջին անգամ ցուցադրվում են նաև շատ հետաքրքիր նմուշներ, բնօրինակ դաջեր:
Դավիթ Պողոսյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե հայերեն և անգլերեն լեզուներով բացատրություններում, օրինակ, շատ դեպքերում անգլերեն լեզվում Մուշ, Վան կամ Արևմտյան Հայաստանի այլ քաղաքները հիշատակելիս պարզապես գրված է՝ ներկայիս Թուրքիա.
«Գրել ենք Զեյթուն, ներքևում՝ այժմյան անունը: Որոշ տեղերում գրում ենք նաև նվիրատուների անունները, որովհետև նրանց շնորհիվ ունենք այս հավաքածուները»:
Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 1-ը, մուտքի արժեքը 1000 դրամ է: Դպրոցականների, ուսանողների համար մուտքի տոմսն ավելի մատչելի է: