Բաժիններ՝

4-5 դրամ գնի նվազումը ոչինչ է, եթե հաշվի առնենք այն, որ այս կամ այն ապրանքը 100-500 դրամով էր թանկացել. Կարեն Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 10.4% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.3% գնանկում: Ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 41.4%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ գրանցվել է 8.1% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է՝ 36.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0%):

2021թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2% գնաճ:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գների նվազում գրեթե չկա, իսկ 5 դրամի տատանումը ոչինչ չի փոխում, որովհետև որոշ ապրանքատեսակներ թանկացել են գրեթե 50 տոկոսով:

«Ասում են՝ որոշ ապրանքներ էլ էժանացել են, նայում եմ, ոչ մի բանն էլ չի էժանացել: 4-5 դրամ գնի նվազումը ոչինչ է, եթե հաշվի առնենք այն, որ այս կամ այն ապրանքը 100-500 դրամով էր թանկացել: Ձեթի գինը, ասենք, 1200 էր, հիմա՝ 1150 կամ 1180: Մի քանի տոկոսի էժանացումը ոչինչ է, եթե 50 տոկոսով թանկացավ՝ 700-ից դարձավ 1500 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է շաքարավազի գնի բարձրացմանը՝ Կարեն Չիլինգարյան նշեց. «Շաքարավազի 1 կիլոգրամի արժեքը 420-430 դրամ է: 10 կամ 20 դրամ գնի բարձրացումն արդեն 5 տոկոս է անում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս