«Հետամնաց, հին հայացքներ ունեցող մարդկանց իդեաներ. շատ անորակ, վտանգավոր ու ոչինչ չասող նախագիծ». Շուշան Դոյդոյանը՝ ԲՏԱ նախագծի մասին
Հուլիսի 2-ին շրջանառության մեջ դրված Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության նախագծերով առաջարկվում է արգելափակել պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների, պաշտոնյաների թռիչքների, մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տեղեկությունները:
Մասնավորապես, պետական պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկության հրապարակումը ՀՀ կառավարության մի քանի տարի առաջ ստանձնած հանձնառությունն է՝ Բաց կառավարման գործընկերության շրջանակներում պետք է հրապարակվի գործուղումների մասին ողջ տեղեկությունը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանին 168.am-ի հետ զրույցում նախ զարմացրեց ԲՏԱ նախարարության ներկայացրած օրենսդրական առաջարկությունը, որը դժվարացավ նախագիծ անվանել, ապա ընդգծեց, որ կառավարությունն այս քայլով ավելի վաղ ստանձնած իր հանձնառություններին լրիվ հակառակ տրամաբանությամբ գործողություններ է իրականացնում, սկսում է հակասել ինքն իրեն:
«Գործուղումների հարթակը, որը հրապարակվում է e-gov.am-ում, կառավարության ստանձնած հանձնառություններից է՝ Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրով: Ինքը հանձն է առել, ինքն իրականացրել է, հիմա էլ փոշմանել է: Ինչ-որ անգրագետ մարդու ձեռագիր է այստեղ, էլ չեմ վարանում այդպես անվանել, որովհետև մարդ, որն ընդհանրապես ծանոթ չի, թե մենք ուր ենք հասել տեղեկատվության ազատության մեր պայքարում, ինչ ձեռքբերումներ ունենք, որ դարձել ենք օրինակելի երկիր, իրավունք արտահանող երկիր, ու… 19-րդ դարի մտածողություն էլ չի սա: Ինչ-որ հետամնաց, հին, ժամանակավրեպ հայացքներ ունեցող մարդկանց իդեաներ են շրջանառվել, որ ուղղակի ցավում եմ դրա համար:
Ինչ-որ լուրջ բան են առաջարկում՝ շատ վտանգավոր, ու երկու պարբերությամբ իրենց կարծիքով հիմնավորել են: Շատ փնթի, անորակ բան է: Չգիտեմ նաև, թե որքանով է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կոմպետենցիայի և լիազորությունների շրջանակում այս հարցին անդրադառնալը: Այսինքն՝ ԱԱԾ-ի հետ ուսումնասիրել են, ինչ-որ վերլուծություն են արել, որն ընդհանրապես բացակայում է, չենք տեսնում՝ ինչ եզրահանգումների են հանգել, ու նման գլոբալ բան են առաջարկում. շատ անորակ, վտանգավոր ու ոչինչ չասող նախագիծ:
Ինչո՞ւ եմ ասում՝ անորակ ու ընդհանրապես սխալ իրավական ակտի նախագիծ, որովհետև խոսքը գնում է տեղեկատվության ազատության սահմանափակման մասին, իսկ տեղեկատվության ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով սահմանված հիմքերով, կարգով և չի կարող ենթաօրենսդրական ակտով տեղի ունենալ կամ սահմանվել: Տվյալ դեպքում վարչապետի ինչ-որ որոշումով են ուզում սահմանափակել հանրային տեղեկատվության մատչելիությունը: Սա արդեն իրավական անգրագիտություն է, որովհետև մենք խոսում ենք բաց տեղեկատվությունը սահմանափակելու առաջարկի մասին, որը չի կարող ենթաօրենսդրական ակտով կարգավորվել: Այստեղ արդեն իսկ ի սկզբանե սխալ կա:
Սա ենթաօրենսդրական ակտ է և չպետք է ընդունվի, որովհետև չի կարող սահմանափակվել տեղեկատվությունը ենթաօրենսդրական ակտով: Սա չի կարող ընդհանրապես դրվել քննարկման, որովհետև ի սկզբանե սխալ է»,- ասաց Դոյդոյանը:
Անդրադառնալով գործուղումների մասին տեղեկություններն արգելափակելու վերաբերյալ նախագծի բովանդակությանը, որով մասնավորապես նախատեսվում է այլևս հանրությանը չտրամադրել տեղեկություն պաշտոնյաների գործուղման նպատակի, քննարկման թեմաների, հանդիպումների, ելույթների, բարձրացված կամ քննարկված հարցերի, հանդիպումների կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումների, պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի, առաջարկությունների, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկների՝ եղանակի, ձևի, ժամկետների, պատասխանատուների, ակնկալվող արդյունքների մասին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարը նշեց, թե այս տեղեկությունների գաղտնագրման հիմքում որևէ հիմնավորում չի դրվում:
«Ընդհակառակը, գործուղումների հաշվետվությունները հնարավորություն են տալիս հանրային վերահսկողություն իրականացնել, թե որքանո՞վ են այդ գործուղումները՝ այն կամ այն երկիր, այս կամ այն միջոցառմանը մասնակցելու ուղևորությունները արդյունավետ եղել և ծառայե՞լ են հանրային շահին, թե՞ անձնական շահին են ծառայել: Այսինքն՝ հանրությունը պիտի իմանա այս տվյալները, որպեսզի կարողանա արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնել:
Փակելով այս տեղեկատվությունը, ընդհակառակը, վնասում են պետական համակարգին՝ առողջանալու և ճիշտ իրականացնելու և ճիշտ ծախսելու իր ռեսուրսները: Այնպես որ, ընդհանրապես անիմաստ նախագիծ է»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Ըստ Դոյդոյանի՝ «այն, ինչ որ հանրային է և կարևոր է, այդ ամեն ինչը ուզում են փակել»: Օրենքով սահմանված տեղեկատվության ազատությունը ենթաօրենսդրական ակտով սահմանափակելուց, ավելի վաղ ստանձնած հանձնառություններին հակառակ քայլ անելուց զատ, ըստ մեր զրուցակցի, այս նախագիծը նաև հարցեր է առաջացնելու Հայաստանի միջազգային գործընկերների մոտ:
«Բա էլ ի՞նչն է հրապարակվելու գործուղումների մասին, եթե նպատակը, քննարկման թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկները ուզում են փակել: Նման անգրագիտություն ես չեմ պատկերացնում: Էլ ի՞նչն է մնալու բաց: Գրելու են, որ այսինչը մեկնեց գործուղմա՞ն՝ անհասցե, անհետևանք…
Ամոթ է: Երբ Հայաստանը գնում է թափանցիկ, բաց կառավարման, երբ լուրջ հանձնառություններ է ստանձնում Բաց կառավարման գործընկերության շրջանակներում, փորձ է անում դառնալ էտալոնային երկիր, ու մեկ էլ՝ նման նախագիծ: Հիմա որ սա մենք ցույց տանք մեր միջազգային գործընկերներին, ի՞նչ են պատասխանելու, ասենք՝ տեսեք, հիմա լրիվ հակառակ ու վնասակար նախաձեռնություն են անում, փոշմանել են, ի՞նչ են պատասխանելու…
Հույս ունեմ, որ գոնե կան իրավաբաններ, որոնք կնայեն, ու այն, ինչ հիմա մենք իրար հետ խոսում ենք, հաշվի կառնեն ու կհամաձայնեն և կանտեսեն այս նախագիծը»,- նշեց Շուշան Դոյդոյանը: