Ինչպես 1919 թվականի նոյեմբերին սյունեցիները ջախջախեցին ադրբեջանական զորքերին
1919 թվականի հոկտեմբեր ամսին Ադրբեջանը սկսեց տարբեր տեղերում զորքեր կուտակել, որպեսզի կտրուկ և ուժգին գրոհով գրավի Զանգեզուրը։ Արցախի հարցն ըստ իրենց արդեն փակված էր և հարմար առիթ էր ստեղծվել Զանգեզուրի հարցը ևս փակելու։ Ուստի տարբեր տեղերում նրանք սկսեցին զորքեր կուտակել, որպեսզի անցնեն վճռական գործողությունների։ Նախ զորքեր կուտակեցին Նախիջևանի կողմից։
Զորքեր կուտակվեցին նաև Շուշիի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը Զանգեզուրի գրավման համար պատրաստել էր 3 հետևակ և 2 ձիավոր գնդեր, որոնց օգնելու էին 400 քուրդ կամավորները։ Նախիջևանի կողմից կուտակվել էր մոտ 3000 զինվոր։ Այս ամենին պետք է գումարել նաև թնդանոթները։ Թշնամին պատրաստվել էր մարտական և ուներ լավ սպառազինություն։ Նախքան գրոհը սկսելը Սուլթանովը որոշում է կոչով դիմել զանգեզուրցիներին` հույս ունենալով, որ միգուցե արյունահեղություն չլինի, և սյունեցիները համաձայնվեն հարցը լուծել խաղաղ ճանապարհով.
«Ես դիմում եմ Զանգեզուրի ազգաբնակչությանը, բանվորներին ու գյուղացիներին… ապացուցե՛ք, որ դուք կապ չունեք անիշխանական և արկածախնդիր տարրերի հետ։ Ես ապահովում եմ ձեր անձի ու գույքի անձեռմխելիությունը, իսկ ես միշտ հարգում եմ իմ խոսքը։ Իսկ եթե դուք շարունակեք օգնել անիշխանական տարրերին, ես այնքան ուժ կունենամ, որ կստիպեմ ձեզ ճանաչել Ազրբեջանի Հանրապետության իշխանությունը, բայց այն ժամանակ արյունահեղության պատասխանատվությունը կընկնի ձեր վրա»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 353):
Բնականաբար, սյունեցիները Սուլթանովի ստեղծած խորամանկ քայլը հասկացան։ Ադրբեջանցիները ևս հասկացան, որ սյունեցիներին չեն կարող խաղաղ ճանապարհով իրենց ենթարկել։ Եվ արդեն իսկ նոյեմբերի 1-ին անցան գրոհի.
«Զանգեզուրցիք ականջ չդրին Սուլթանովի հորդորներին, և նոյեմբերի 1-ին ազրբեջանյան զորքերը Զաբուղից, Կարյագինի կողմից, Նախիջևանից ու Դարալագյազից անցան ընդհանուր հարձակման։ Ամբողջ 6 օր Զանգեզուրի լեռներում որոտում էին թնդանոթներն ու գնդացիրները։ Առաջին օրերը թշնամին գրավեց Խնածախ, Խոզնավար, Բայանդուր, Կոռնիձոր գյուղերն ու Քաչալ Դաղը և սպառնում էր Գորիսին։ Նոյեմբերի 4-ին զանգեզուրցիները, Ա. Շահմազյանի հրամանատարությամբ, կանգնեցրին թշնամու առաջխաղացումը և կատաղի հակագրոհներով հարվածներով, նոյեմբերի 6-ին փախուստի մատնեցին ազրբեջանյան բանակը, որը թողեց բազմաթիվ դիակներ, ավելի քան 150 գերի, մեկ թնդանոթ, 20 գնդացիր և հարուստ ավար։ Ազրբեջանյան 2-րդ ձիավոր գունդը ամբողջապես ոչնչացավ։ Զանգեզուրը, շնորհիվ իր զավակների հերոսական ճիգերի, մի անգամ էլ փրկվեց մահացու վտանգից»։ (Նույն տեղում` էջ 353):
Ադրբեջանական զորքերի ջախջախիչ պարտությունից հետո բրիտանական ներկայացուցչությունը կոչ արեց, որպեսզի զինված բախումը դադարեցվի և բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի։ Արդեն իսկ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի վարչապետ Ուսուպբեգովի և Հայաստանի վարչապետ Խատիսյանի միջև տեղի ունեցավ հանդիպում։ Հանդիպումից 3 օր անց` նոյեմբերի 23-ին, կողմերը համաձայնության եկան։ 5 կետից բաղկացած համաձայնության մեջ կողմերը պարտավորվում էին նախ դադարեցնել զինված գործողությունները։ Երկու կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեին և վերանորոգեին Զանգեզուր տանող ճանապարհները։
Կողմերը պարտավորվում էին սահմանային հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ եթե այդկերպ լուծման չհասնեին, ապա պետք է ընտրվեր չեզոք անձնավորություն, ում կողմից սահմանված վճիռը պետք է կատարվեր։ Տվյալ դեպքում չեզոք անձնավորություն համարվեց ԱՄՆ-ի բանակի գնդապետ Ջեյմս Ս. Ռեյը։ Հայաստանը և Ադրբեջանը հավասար թվով պատգամավորներ պետք է նշանակեին դեկտեմբերի 4-ին Թիֆլիսում կայանալիք խորհրդաժողովին, որի ժամանակ ևս պիտի քնվեր բախումները։ Հատկանշական է, որ մի քանի օր տևած այս բախումները ցույց տվեցին, որ Սյունիքը կանգուն է։ Սա՝ այն դեպքում, որ արդեն իսկ նոյեմբերի վերջին նախահարձակ եղան սյունեցիները.
«Նոյեմբերի վերջերին, ղափանցիները, Երևանից նոր հասած Գ. Նժդեհի գլխավորությամբ, մաքրեցին Օխչի չայի ապստամբ շրջանը։ Դեկտեմբերի սկզբին մաքրվեցին Գեղվա ձորի մոտ 40 թրքաբնակ գյուղերը։ Այդ դեպքերը նորից բողոքի ու սպառնալիքի նյութ դարձան գնդապետ Ռեյի և Ուորդրոպի կողմից։ Ազրբեջանի կառավարությունը ցատկոտ հեռագրեր տվեց ու պատասխաններ ստացավ, բայց կյանքը գնաց իր ճանապարհով. Զանգեզուրն այլևս մաքրված էր ներքին թշնամուց»։ (Նույն տեղում` էջ 355)։
Ադրբեջանը և իր թիկունքում կանգնած ուժերը նույն քաղաքականությունն են վարում նաև հիմա։ Նրանց այժմ էլ թվում է, որ Արցախի հարցը փակվեց, և հերթը Սյունիքինն է։ Այժմ որքան էլ ողբերգական ու բարդ վիճակում ենք գտնվում, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ կրկնվել սիրող պատմությունը շատ անգամներ հիշեցնել է տալիս, որ մեծ լուսաբացները տեղի են ունենում երկարատև ու դառը գիշերներից հետո։
Զ. Շուշեցի