Ինչո՞ւմն է ՀԱՊԿ-ը խնդիրը և ինչո՞ւ էր ՀԱՊԿ պատասխանը բնականոն

ՀԱՊԿ պատասխանը Հայաստանի դիմումին մեծ աղմուկ է բարձրացրել մեդիաքաղաքական և փորձագիտական տիրույթում։ Հայաստանյան քարոզչական երկու հիմնական բևեռները՝ արևմտամետներն ու ռուսամետները, սկսել են համապատասխան աշխատանք այս պատասխանի հետ, այն փաթեթավորելով՝ ըստ իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումների։

Բնականաբար, առաջինների համար սա լավ առիթ է կրկին քաղաքական օրակարգ բերելու համար ՀԱՊԿ-ը լքելու, ՌԴ-ի հետ պայմանագրային կապերը խզելու և արևմտյան կառույցներին կամ ԱՄՆ-ին դիմելու հարցը, իսկ երկրորդների համար՝ ամեն կերպ արդարացնելու ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի բոլոր գործողությունները՝ ուղղված տարածաշրջանին։ Նույնիսկ փորձագիտական մակարդակում նման բևեռացվածության պայմաններում ընթերցողի համար դժվար է հստակ հասկանալ, թե ի՞նչ կառույց է ընդհանրապես ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ էր ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին, ի՞նչ հոդվածով, ի՞նչ պատասխան է հնչել ՀԱՊԿ-ից, ու որտե՞ղ է խնդիրն այդ պատասխանում։

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Սև լճի և մերձակա տարածքներում, խախտելով ՀՀ պետական սահմանը և առաջ գալով ՀՀ տարածքում, ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ։ Արդեն մայիսի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բացի Սյունիքից, ադրբեջանցիները խորացել են նաև Գեղարքունիքի մարզի, ավելի կոնկրետ՝ Վարդենիսի տարածաշրջանի հատվածում։ Այն ընթացքում երբ ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում էին, ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ակտիվ շփումների մեջ էին թե ՌԴ իշխանությունների, թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։

Եղան կոշտ՝ հայամետ հայտարարություններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, իսկ ռուսական կողմը՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում հույզեր բորբոքելու որևէ պատճառ չկա, և, որ ռուսական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար։

Հայաստանը սկզբից՝ բանավոր, ապա՝ գրավոր դիմեց ՀԱՊԿ-ին այդ կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածով։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ավելի ավելի վաղ ասել էր հետևյալը՝ խորհրդակցությունների նպատակով դիմելով ՀԱՊԿ-ին․ «Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Հարկ է հստակեցնել, որ իրավիճակի առաջին շաբաթների ընթացքում, պաշտոնական կարծիքի համաձայն, հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի էին ունեցել ծեծկռտուքներ առանց զենքի գործադրման։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հայ զինծառայողներին չկրակելու հրամանը պայմանավորված էր ՀԱՊԿ գործընկերների խորհրդով՝ չկրակել։

Մինչ այդ նշենք նաև, որ սահմանն անհրաժեշտ կահավորում ևս չէր ունեցել, որը թույլ էր տվել ադրբեջանցի զինծառայողներին հանգիստ ներխուժել ՀՀ տարածք՝ առանց արժանանալու դիմադրության հենց սկզբից։ Այսինքն՝ ՀՀ անվտանգության թիվ 1 երաշխավոր պետությունը չի իրականացրել իր խնդիրը, չի կասեցրել ադրբեջանական զինուժի՝ ՀՀ սահմանի խախտումն ու ՀՀ տարածքում առաջխաղացումը, սակայն դիմել է ՀԱՊԿ-ին՝ ՀՀ անվտանգության մյուս երաշխավորին, այդ կառույցում այս խնդրի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Եվ կառույցի գլխավոր քարտուղարը միայն այսօր նշում է, որ իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Իսկ այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր այնտեղ չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Զասը։ Ըստ նրա, միջադեպի սրում չի նկատվում։

«Չենք կարող ասել, թե իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ սրվում է։ Չի սրվում՝ արդեն լավ է, սա արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի հարցով, բոլոր վիճահարույց խնդիրների հանգուցալուծման, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զասը։

Սա լիովին ընկալելի պատասխան է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանցի զինծառայողներին հատել ՀՀ սահմանը առանց կրակոցի, այսինքն՝ սա չի դիտարկել՝ որպես ագրեսիա, և նաև նման հոդվածով, որը ՀԱՊԿ 4-րդ հոդվածն է, չի դիմել ՀԱՊԿ-ին։

Հայաստանը նախընտրել է իրավիճակը հարթել դիվանագիտական ճանապարհով, նույնն է արել նաև ՀԱՊԿ-ը։

Ի դեպ, մայիսի 12-ից հետո այս իրավիճակի շուրջ 168am-ը զրուցել է բազմաթիվ ռուս քաղաքագետների ու ռազմագետների հետ, որոնցից բոլորը զարմանքով էին անդրադառնում ստեղծված իրավիճակին՝ նշելով, թե ինչու նախ ՀՀ-ն չի փորձում ապահովել իր անվտանգությունը, եթե տեղի է ունեցել ագրեսիա, կամ, եթե ագրեսիա է տեղի ունեցել, ինչու է ՀԱՊԿ-ին դիմում խորհրդակցություններ անցկացնելու հոդվածով։

Մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀԱՊԿ կառույցի նշանակությունից շատ է խոսվել։

Ըստ նրա, դա կառույց է ՌԴ-ի գործընկերների համար, որին անդամակցելով՝ նրանք ստանում են արտոնյալ պայմաններով սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն, և այս կառույցի շնորհիվ ձևակերպվում են ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները, այսինքն՝ այս կառույցին անդամակցության իմաստը եղել են ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները։

«ՀԱՊԿ-ը որպես դասական անվտանգային կառույց՝ չի գործում, դա նորություն չէ, այնտեղ շատ են տարակարծությունները։ Ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս հաճախ ենք խոսել, թե ինչու Ղազախստանը զինծառայողներ չի ուղարկի Ղարաբաղ անհրաժեշտության դեպքում, դա ՀԱՊԿ գոտին չէր, և ՀԱՊԿ-ը նախատեսում է, որ պետք է գործի արտաքին ագրեսիայի դեպքում, ինչը վերջերս տեսանք, որ ևս բարդ խնդիր է, դա ևս կանխատեսելի էր։ ՀԱՊԿ-ը որևէ մեկը երբեք չի գերագնահատել, ՀԱՊԿ նշանակել է Ռուսաստան, իսկ ՌԴ-ն կարծես ավելացրել է հենակետեր, տեղում իրականացրել բանակցություններ, արել դիվանագիտական առաջարկ։ Սակայն այս իրավիճակը միանշանակ չէր, քանի որ չկա չսահմանազատված սահման, և այդ աշխատանքը, որքան էլ բարդ, պետք է իրականացվի։

Ռուսաստանն ասում է, որ պետք է իրականացնել այդ գործընթացը, այսինքն՝ այդտեղ կա խնդիր, ՌԴ-ն չի ցանկանում խնդիրներ ունենալ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ, դա ևս պետք է հստակ լինի, այդ մասին ևս բազմիցս խոսել եմ, իսկ Հայաստանն անընդհատ փորձում է ուժային հարաբերակցությունը տարածաշրջանում վերականգնելու համար Ռուսաստանին ներքաշել, բայց պատերազմել ոչ ոք չի ցանկանում՝ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը։ Հասկանալի է, որ պատերազմից հետո Հայաստանը ուժ չունի, եթե չունի, ապա հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով, եթե խոսքը Ռուսաստանի մասին է»,- նշեց ռազմագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս