Վրաստանի արևելքում Ազգային արգելոցում բռնկած հրդեհը մեկուսացվել է
Ներկա դրությամբ հրդեհը, որը բռնկել էր Կախեթի Դեդոպլիսցկարո մունիցիպալիտետի Վաշլովանիի Ազգային արգելոցում, արդեն մեկուսացվել է: Այդ մասին հաղորդվում է Facebook-ի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության էջում: Առկա տեղեկատվության համաձայն, հրդեհն առաջացել էր կայծակի հարվածից:
Բռնկումը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Գրանցվել է սաստիկ ծխոտում, հարկավոր է եղել հրշեջ-փրկարարների օգնությունը:
Հրշեջ բրիգադներն անհապաղ մեկնել են միջադեպի վայր: Նրանց խոսքով՝ այրվել է ստորին յարուսը, կրակն սկսել է ավելի հեռու տարածվել: Բարդ ռելիեֆի պատճառով հրշեջները չեն կարողացել տեխնիկայով հասնել համապատասխան վայր, ուստի նրանք ստիպված են եղել հրդեհը մարել ձեռքով՝ հատուկ սարքավորման օգնությամբ: Կենդանի ուժի ակտիվ օգտագործման արդյունքում հրդեհը մեկուսացվել է եւ կրակի բաց օջախներ այլեւս չկան: Հրշեջների խումբը, որը բաղկացած է 30 մարդուց, շարունակում է կրակի տեղափակման աշխատանքները: Վաշլովանիի Ազգային արգելոցը գտնվում է Կախեթի արեւելյան մասում՝ Դեդոպլիսցկարոյի շրջանում:
Վաշլովանիի արգելոցի եւ բնության երեք հուշարձանների ընդհանուր մակերեսը կազմում է 35,1 հազար հեկտար: Այն ընկած է ծովի մակարդակից 300-ից մինչեւ 600 մետր բարձրության վրա: Այդ տարածքները «Վաշլովանի» («վաշլի» վրացերենից հայերեն թարգմանությամբ նշանակում է խնձոր) անվանումն ստացել են խնձորենիների հետ խնկածառերի բնական նմանության պատճառով: Վաշլովանիում աճում են մինչեւ 700 տեսակի բույսեր, որոնց թվում բազմաթիվ են հազվագյուտ տեսակները, այդ թվում՝ խոլորձի յոթ տեսակները, իբերիական (վրացական) հիրիկը, Էյխլերա կակաչը եւ վայրի որթը:
Պակաս բազմազան չէ նաեւ պարկի ֆաունան. այստեղ բնակվում են կաթնասունների 62 տեսակ, թռչունների 135 տեսակ, 30 տեսակ սողուններ, ձկների 16 տեսակ եւ 4 տեսակի երկկենցաղներ: Վաշլովանիի կավե զառիվեր սարահարթերի վրա բույն են դրել ծիծեռնակների հսկայական գաղութներ: Նրանց բնակության վայրն անվանում են «Ծիծեռնակների քաղաք»: Վաշլովանիի տարածքում գրանցվել է 700 տեսակ միջատ, որոնց մեծամասնությունը թիթեռներ են (109 տեսակ), հաղորդել է Sputnik-ը: