Անձի հանդեպ պետության վերաբերմունքը պետք է ձևավորվի նաև նրա վաստակով, անձնային հատկանիշներով և ներդրումով. ՀՀ նախագահ
168.am-ը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներին հուզող մի շարք հարցերի վերաբերյալ օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Նախագահից մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ընտրությունները հանգուցալուծել են ներքաղաքական ճգնաժամը, ի՞նչ նկատի ունի, երբ շեշտում է Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, ի՞նչ դիրքորոշում ունի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարի կալանավորման հարցի վերաբերյալ և ինչո՞ւ 44-օրյա պատերազմի հետևանքների համար այդպես էլ չգտնվեցին պատասխանատուներ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր ստացանք մեր հարցադրումների պատասխանները.
– Ընտրություններից ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում չէիք բացառել ներքաղաքական ճգնաժամի շարունակությունը նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեր գնահատմամբ, ի վերջո, ընտրությունները լուծեցի՞ն ներքաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ:
– Հանրապետության նախագահը պատերազմից հետո հրապարակավ ներկայացրել էր այն քայլերը, որոնց հաջորդական իրականացումը կարող է նպաստել ճգնաժամային իրավիճակից դուրս գալուն: Նախագահն այդ մասին իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է իր հարցազրույցներում, հանդիպումներում ու հայտարարություններում:
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ առկա ճգնաժամը բազմավեկտոր է և բազմաբաղադրիչ` վերաբերելով տարբեր բնագավառների: Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, բնականաբար, միայն ընտրությունների արդյունքներով չի կարող կարգավորվել: Որպեսզի հնարավոր լինի հաղթահարել պետական կառավարման, պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության, առողջապահության և մյուս ոլորտներում, ինչպես նաև հասարակության մեջ առկա խորը բարոյահոգեբանական ճգնաժամը, անհրաժեշտ է, որ ձևավորվի արհեստավարժ, ոլորտներին տիրապետող և բարձր կառավարչական հմտություններով կառավարություն, որը կներկայացնի շատ հստակ և իրագործելի ծրագիր:
Անհրաժեշտ է նաև նախադրյալներ ստեղծել քաղաքական դաշտում քաղաքակիրթ երկխոսության համար, քայլեր ձեռնարկել հասարակության վստահությունը վերականգնելու, հասարակությունը համախմբելու, համազգային հարցերի լուծման ուղղությամբ: Ներքաղաքական ճգնաժամն առավելապես պայմանավորված է երկրում առկա այլ ճգնաժամերով, որոնք դեռևս հաղթահարված չեն:
– Պարբերաբար նշում եք նաև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որոնք համակարգը կվերափոխեն դեպի ավելի նախագահականի՝ համոզումով, որ այդ փոփոխությունը երկրի ներկայիս շատ խնդիրներ կլուծի։ Խնդրում եմ նշել, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ կլուծվեն: Այդ փոփոխությունները որքանո՞վ դրական կազդեն ներքաղաքական իրադրության վրա, եթե հաշվի առնենք, որ հաճախ սահմանադրական փոփոխությունները հարմարեցվել են քաղաքական նպատակներին:
– Երբ Հանրապետության նախագահը խոսում է Սահմանադրությունը փոխելու մասին, առաջին հերթին նկատի ունի, որ գործող Սահմանադրությամբ զսպումների և հակակշիռների լիարժեք մեխանիզմներ նախատեսված չեն: Նախագահի կարծիքով՝ առանց նման մեխանիզմների ոչ մի համակարգ՝ խորհրդարանական թե նախագահական, չի կարող արդյունավետ գործել, առավել ևս՝ նպաստել ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը:
Նախագահը կարծում է, որ պետք է վերադառնալ նախագահական կառավարման համակարգին` նշելով, որ նաև քաղաքական և հասարակական մշակույթի տեսանկյունից երկրում ավելի լավ ընկալվում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը:
Նախագահը նաև համարում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է հնարավորություն տան նոր էջ բացել Հայաստանի Հանրապետության կյանքում, ինչպես նաև միավորել ողջ հայ ժողովրդի ներուժը՝ ընդգրկելով նաև Սփյուռքը:
Նրա կարծիքով՝ նորմալ երևույթ չէ, երբ, օրինակ, Սփյուռքում տարբեր ոլորտներում ամենաբարձր աստիճանի ու հաջողության հասած մարդկանց ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն չի ընձեռում որպես պետական պաշտոնյա իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել Հայաստանի զարգացման, պետական համակարգի կայացման գործում:
Հանրապետության նախագահի առաջարկությունները բխում են բացառապես պետության ապագայի վերաբերյալ ունեցած մտահոգություններից, հետևաբար, դրանք երբևէ չեն ունեցել և չունեն անձնական նպատակ: Խոսքը վերաբերում է համակարգային փոփոխություններին և պետական կառավարման բարելավմանը:
– Այս համատեքստում նշել եք նաև, որ գործող Սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի։ Արդյո՞ք դրա հետևանքն էր նաև այն, որ 44-օրյա պատերազմի հետևանքների համար այդպես էլ չգտնվեցին պատասխանատուներ:
– Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ պետք է զարգացնել խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, պետք է լինի հավասարակշռված պետական կառավարման համակարգ և պատասխանատվության հստակ բաշխում:
Իշխանության թևերը պետք է լինեն հավասարակշռված և ստանձնեն հստակ պատասխանատվություն: Առկա խորհրդարանական համակարգը մեզանում չի կարողանում արդյունավետ աշխատել:
44-օրյա պատերազմի պատասխանատուների վերաբերյալ Ձեր հարցի պատասխանը պետք է դիտարկել է նաև այդ համակարգի անկատարության տեսանկյունից: Պետք է նաև նկատի առնել, որ այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ, պատերազմները, ամենակարևոր գնահատականը տալիս են ժամանակը և պատմությունը:
– Քանի որ մեր վերջին հարցմանն ի պատասխան՝ Ձեր աշխատակազմից նշել էին, որ՝ «Հանրապետության նախագահը Սյունիքում հանդիպումների ժամանակ առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը», ապա նաև տեղեկացրել, որ անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո Հանրապետության նախագահի աշխատակազմը ձեռնամուխ կլինի կոնկրետ ծրագրերի, որոնք արդեն իսկ նախնական մշակման փուլում են», խնդրում ենք տեղեկացնել, թե, ի վերջո, ի՞նչ ծրագրեր մշակվեցին:
– Հանրապետության նախագահի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները ևս այցելել են մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի իրականացման մանրամասներն արդեն քննարկվել են, և առաջիկայում այն կմեկնարկի:
Նախատեսվում է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրն իրականացնել փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:
– Oրերս կալանավորել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ Արմեն Չարչյանին: Անձամբ լսե՞լ եք արդյոք ձայնագրությունը։ Ի՞նչ հետևություն եք արել ինքներդ՝ կա՞ պարտադրանք որևէ թեկնածուի ընտրելու վերաբերյալ։ Օբյեկտի՞վ եք համարում դատախազության որոշումը. արդյո՞ք կյանքեր փրկող բժիշկը վտանգավոր անձնավորություն է մեր հասարակության համար, և լինելով ազատության մեջ՝ կարող է վտանգել ուրիշների կյանքը կամ դիմել փախուստի և խոչընդոտել մեկնարկած իրավական գործընթացը:
– Նախագահը Սարգսյանը բարձր է գնահատում պրոֆեսոր Չարչյանի վաստակն ու ներդրումը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրված բժշկական օգնության հարցում` ունենալով համոզմունք, որ յուրաքանչյուր անձի հանդեպ պետության վերաբերմունքը պետք է ձևավորվի նաև նրա վաստակով, անձնային հատկանիշներով և ներդրումով: Իսկ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է ունենան քաղաքական ենթատեքստ:
– Ե՞րբ է գալու «Չորրորդ հանրապետություն»-ը, և ե՞րբ հասկացաք, որ Չորրորդ հանրապետության առաջին նախագահը չեք:
– Նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում մենք ունենք բազմաթիվ լուրջ ձեռքբերումներ, բայց նաև՝ լուրջ թերություններ ու սխալներ, որոնք պետք է մնան անցյալում: Այսօր մենք մտնում ենք պատմության նոր փուլ, առերեսվում նոր իրականության հետ, որը պարտադրում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց:
Այս նոր փուլը նախագահը պայմանականորեն է կոչել «Չորրորդ Հանրապետություն»՝ համարելով, որ, անկախ անվանումից, այն պետք է դառնա գաղափարական, հայեցակարգային և բովանդակային նոր հիմք մեր ժողովրդի ապագայի համար՝ շեշտը դնելով պետության որակի վրա:
Ինչ վերաբերում է Չորրորդ Հանրապետության առաջին նախագահը լինելուն կամ չլինելուն, ապա կարծում ենք՝ այն առնվազն ոչ ճիշտ ձևակերպում է: Հանրապետության նախագահը հանդես է եկել որպես Չորրորդ Հանրապետության գաղափարի հեղինակ և շարունակում է ներկայացնել ու պաշտպանել այդ գաղափարը:
Չորրորդ Հանրապետության նպատակի և դերի մասին Հանրապետության նախագահը խոսել է ինչպես իր հոդվածում, այնպես էլ ծավալուն կերպով անդրադարձել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների հետ վերջերս ունեցած հարցազրույցում։
Հ․Գ․ Նկատենք միայն, որ Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության դիտարկումը, թե վերջին հարցում առկա «Չորրորդ Հանրապետության առաջին նախագահը լինելու վերաբերյալ» ձևակերպումը «առնվազն ոչ ճիշտ ձևակերպում է», առնվազն մեզ չէ, որ պետք է ուղղված լիներ. այդ ձևակերպման հեղինակը ինքը՝ Նախագահ Արմեն Սարգսյանն է:
Դեռ 2018 թվականի փետրվարի 9-ին խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ չի՞ նեղանա, եթե ընտրվի նախագահ, և իր նստավայրը չլինի Բաղրամյան 26-ում, պատասխանել է. «Ընդհակառակը, ես արդեն ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ և ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահը, այլ Չորրորդ Հանրապետության առաջին նախագահը»: