«Արցախի հարցում, ըստ էության, Թուրքիան և Ռուսաստանը եկան փոխհամաձայնության, ինչը եղավ հայկական շահերի շնորհիվ. իրենք դա չեն թաքցնում». Թուրքագետ
Հունիսի 30-ին Անթալիայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում։
Ըստ ՌԴ արտգործնախարարի, պայմանավորվել են շարունակել սերտորեն կոորդինացնել ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը։
168.am–ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն անդրադառնալով այդ հանդիպմանը և այս համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններին ու Արցախի հիմնախնդրի քննարկումներին, նկատեց՝ վերջին շրջանում նկատելի է, որ երկու երկրների հարաբերությունները բավականին բազմաշերտ են, և այդ հարաբերություններին միանշանակ գնահատականներ տալ հնարավոր չէ։
«Ռուսաստանն այդ հարաբերությունները գնահատում է՝ որպես մրցակցային հարաբերություն, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրում է որպես հարաբերություններ՝ ինչպես բիզնեսում կամ ինչպես շուկայում։ Այսինքն՝ այս հարաբերություններում որևէ հարցում կարող են շահել, կամ՝ որևէ հարցում կորուստ ունենալ, այնպես, ինչպես շուկայում է լինում առևտրի ժամանակ։ Հիմա կոնկրետ Արցախի հարցում ըստ էության Թուրքիան և Ռուսաստանը եկան փոխհամաձայնության, բնականաբար, այդ փոխհամաձայնությունը եղավ հայկական շահերի շնորհիվ, և իրենք դա չեն թաքցնում»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը։
Ըստ նրա, այդ համատեքստում «Շուշիի համաձայնագիրը» ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան ռազմական ներկայացվածություն ունի Հարավային Կովկասում, եթե մինչ այդ նրա ներկայությունը քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական էր, այժմ ուղղակի ներկայություն ունի և մտադիր է այն ամրապնդել, քանի որ ունենալու է ռազմաբազա։
«Բնականաբար, այս ամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից չի բխում, բայց Ռուսաստանն այժմ այն վիճակում է, որ ոչ թե չի ուզում, այլ ուղղակի չի կարող հակազդել Թուրքիային, ստիպված գնում է այդ համագործակցությանը՝ ինչ-ինչ հարցերում զիջումների գնալով, որոշ հարցերում էլ փոխշահավետ համագործակցություն անելով»,- հավելեց թուրքագետը։
Անուշ Հովհաննիսյանը վստահ է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Թուրքիայի մասնակցությունն ուկրաինական գործերում, այսպես ասած՝ Ղրիմի պլատֆորմում։
«Այստեղ ամենացավալին այն է, որ Հայաստանը հաշվի չի առնվում այդ հաշվարկների մեջ, ինչ-որ չափով՝ նաև Ադրբեջանը։ Տեսեք՝ երկու կողմերն են պայմանավորվում առանց Հայաստանի ու Ադրբեջանի, ըստ էության Ադրբեջանն իր սուբյեկտայնության ինչ-որ բաժին կորցրել է, իսկ Հայաստանն առհասարակ կորցրել է։ Այստեղ տեղի է ունենում երկու տարածաշրջանային ուժերի սակարկության գործընթաց, որը հիմնականում տեղի է ունենում ի վնաս հայկական շահերի։ Իրենք են որոշում, թե ինչ լավ կլինի կամուրջներ ստեղծել հայ-ադրբեջանական բարեկամության համար, և այլն։ Ցավոք, մենք դրանց հակադրելու ոչինչ չունենք։ Մեղավորության առյուծի բաժինն այդ իշխանություններինն է, սակայն համաձայն չեմ ամբողջությամբ մեղքը նրանց վրա բարդելու, որովհետև մինչ այդ վարած քաղաքականությունը բերել-հանգեցրել է այս վիճակին»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։