Ի՞նչ զիջումներ են ակնկալում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից հետընտրական փուլում
Մինչ Հայաստանը հետընտրական շոկն է հաղթահարում, կտրված և անհաղորդ իրեն առնչվող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներից, տարածաշրջանի շուրջ բանակցությունները եռում են: Ընդ որում, դա տեղի է ունենում տարածաշրջանով հետաքրքրվող բոլոր խաղացողների մասնակցությամբ՝ Ռուսաստան, Թուրքիա, ԵՄ, ԱՄՆ, Իրան, Վրաստան:
Այս ֆոնին, մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ ԱԳՆ-ն չունի ղեկավար կազմ ու չի ծավալում որևէ գործունեություն, չի ընդունում և ճանապարհում օտարերկրյա պատվիրակություններին հավուր պատշաճի, չի զբաղվում ՀՀ արտաքին հարաբերություններով, հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակով ու Ղարաբաղյան հակամարտության շուրջ դիվանագիտական աշխատանքով: Ավելին, տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով է պահանջները ներկայացնում հայկական կողմին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագայի հարցում: Իլհամ Ալիևը հույս ունի, որ՝
- ընտրությունների ավարտից հետո Հայաստանից դրական պատասխան կլինի Խաղաղության համաձայնագրի հարցում,
- Հայաստանը նորմալ հարաբերություններ կհաստատի իր հարևանների հետ և կհրաժարվի տարածքային պահանջներից, ընդհանուր առմամբ չի օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, քանի որ, նրա խոսքով, «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»,
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, և, որ Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի Ադրբեջանի հետ սահմանների որոշման ուղղությամբ,
- սահմանազատման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի և աշխատանք կտարվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման շուրջ:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը հետագայում ևս կամրապնդվի, և դա կասկածից դուրս է: Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ «ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները»: Սրան զուգահեռ՝ հիշեցնենք, որ հետպատերազմյան տարածաշրջանային իրողություններն ամրագրվեցին Պուտին-Բայդեն, Էրդողան-Բայդեն բանակցություններին հաջորդած Շուշիի հռչակագրով, որին հաջորդեցին բարձրաստիճան խոսակցություններն Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի մասին, և նախօրեին Լավրով-Չավուշօղլու բանակցությունները: Այս բոլոր բանակցությունների առաջնահերթ օրակարգում է նաև Ղարաբաղյան թեմատիկան:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ ընտրություններից հետո նոր փուլ է սկսվելու ՀՀ արտաքին քաղաքականության համար՝ մեծ մարտահրավերներով: Դրանք, նրա խոսքով, առնչվում են՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Թուրքիային, որոնց հետ տասնամյակներով խնդրահարույց հարաբերություններ են եղել, երկկողմ պահանջներ, զիջումների ակնկալիքներ: Նադեին-Ռաևսկին ասաց, որ եթե պարզ և կարճ նկարագրենք, ապա ակնկալիքն այն է, որ Հայաստանն այս երկու կողմերում հրաժարվի իր բոլոր տեսակի պահանջներից՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ինչպես նաև Ադրբեջանի հարցում:
«Առաջին շրջանակում ակնկալիքը պահանջատիրության վերացումն է, թեև Թուրքիան իր կողմից Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չի արել, չնայած պատերազմը լուծել է, նրանց պատկերացմամբ, նախապայմանի հարցը, սակայն, եթե չի արել, ուրեմն ունի այլ ակնկալիքներ, իսկ դրանք կարող են վերաբերել միայն հայկական կողմի պահանջատիրությանը: Երկրորդում՝ Ղարաբաղյան հարցի վերացումը, սահմանային խնդիրների լուծումը, Նախիջևան-Ադրբեջան կապի հաստատումը, որի ճանապարհին Հայաստանը մշտապես խնդիր է եղել, ու այդ իրավիճակի համաձայնագրով հաստատումը:
Սրանք նպատակներն են, որոնց հասնելու հարցում, ինչպես տեսնում ենք, թեև պատերազմ է եղել, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ներուժը ամրապնդելու նկրտումներից չեն հրաժարվում, ավելին՝ այն շատ ակտիվ շրջանառում են Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարից խոսելիս։ Այսինքն՝ այս բաղադրիչն առկա է, անընդհատ զորավարժություններ, ԶՈՒ կատարելագործում, Թուրքիայի ռազմական էքսպանսիա Ադրբեջանում և պանթուրքիստական նպատակների իրագործում, բայց ինչպես հասկանում ենք, դա բաղկացած է բազմաթիվ տարրերից, քննարկվելիք հարցերից, ինչպես նաև արտաքին դերակատարներից:
Պարզ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ հատկապես այնպես, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, քանի որ այնտեղ բնակչությունը հայկական է, որը մերժում է այն, ինչ Ադրբեջանն է առաջարկում: Ես չեմ պատկերացնում, թե այս հարցերն ինչպես և ինչ ձևաչափով են քննարկվելու, ու Հայաստանն այս հարցում ինչ դիրքորոշում է ներկայացնելու, քանի որ այդ մասին հայկական կողմի տեսլականը վերջին շրջանում չի հնչում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հետընտրական փուլում դիրքորոշումներն ավելի հստակ կլինեն, ու կկարգավորվի դիվանագիտական գերատեսչությունում տիրող իրավիճակը, այն պետք է ժամացույցի նման աշխատեր, գործոն լիներ:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը ևս գտնում է, որ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ճնշումը շարունակվելու է նոր թափով, իսկ ակնկալիքը՝ Ղարաբաղյան հարցի չեզոքացում, Նախիջևանի միջանցք ու բոլոր տեսակի պահանջներից հրաժարում:
«Պատերազմից ոչ պակաս բարդ փուլը դեռ առջևում է: Թեև խոսքը ռազմական գործողությունների մասին չէ, այլ աշխարհաքաղաքական և մարդկանց կյանքի, անվտանգության համար կարևոր որոշումների կայացման մասին, որոնցում ներգրավված են նաև հզոր խաղացողներ՝ իրենց շահերով, որոնցից առանցքայիններից մեկը՝ Թուրքիան, որի հետ Ռուսաստանի բարդ երկխոսություն-հակամարտությունը տարբեր կերպ շարունակվում է:
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՌԴ-ն ևս ռեգիոնում նոր դիրքեր է ստացել, խոսքը ԼՂ-ում խաղաղապահների և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ընդլայնման, հագեցման մասին է, այսինքն՝ այս փուլում նաև հայ-ռուսական ռազմական հարաբերություններում են փոփոխություններ նկատվում: Մյուս կողմից՝ տարածաշրջանն արդեն ԱՄՆ-ի հայացքի ներքո է գտնվում, որը ԵԱՀԿ ՄԽ տապալումից հետո այս ամենին մասնակցելու ուղիներ է փնտրում, բայց պետք է արձանագրել, որ այս գործընթացում դեռ որոշիչ դերակատարություն է կարողանում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի վերջին ձեռքբերումը Շուշիում ստորագրված ընդլայնված համաձայնագիրն էր, որը, թեև սիմվոլիկ, սակայն կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որում ամրագրված են թուրք-ադրբեջանական բոլոր ապագա պլանները: Այնուամենայնիվ, ներկայիս փուլն անորոշ է նաև թվում, քանի որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ևս սկսում են մասնակցել տարածաշրջանային նոր իրականության ձևավորմանը»,- ասաց նա: