Բաժիններ՝

Կատաստրոֆա. Որտե՞ղ եք տեսել նորմալ քաղաք, որ արհեստական լճի տեղը մեծ ու 22 հարկանի շենքի կառուցեն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը, Երևանի ավագանին հունիսի 22-ին որոշել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ. 55/2 հասցեում գտնվող «Ջրառ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.194615 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «ջրային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի», իսկ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/3 հասցեում գտնվող «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.130476 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «ջրային» հողերի կատեգորիա։

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հասցեներում գտնվող հողամասերը գտնվում են ջրային մակերևույթների, հասարակական կառուցապատման և անցումային բուֆերային գոտիներում:

«Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվող պահանջներին ու պայմաններին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա իրականացնել բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

Կենտրոնի համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ որոշմանը՝ գրելով.

«Անկեղծ լինեմ, զարմացած եմ ու զայրացած. ինչպե՞ս կարող է Երևանի համար նման կարևորության հարցը, որը կարող էր և նախադեպային լինել, որտեղ խաչվում են մայրաքաղաքի, համայնքի, տվյալ դեպքում` Էրեբունի ՎՇ, Ինվեստորի և (բիզնեսի ընդհանրապես) էկոլոգիայի, հասարակական տարածքների էլի ու էլի նուրբ հարցեր, այսպես անտեսվեր ու անլուրջ քննարկում լիներ: Ինչ մանիպուլյացիա էր «ջրանցք» բառը օգտագործել մի քանի անգամ ու ոչ մի անգամ «լիճ» բառը:

Լավ, դուք կեսդ այդ գործից չեք հասկանում ու անհավես, ամիսը մեկ, մի քանի ժամ մի ձև հավաքվում եք, թամաշա եք անում, բայց սրտացավ երևանցի պետք է մնաք միշտ, դա է ձեր հիմնական առաքելությունը: Երևանով զբաղվել ամեն օր, ամեն ժամ, իսկ քաղաքապետարանի` այդքան անհասկանալի ոլորտային վարչություններում, մեկը չեղավ՝ առաջարկեր, օրինակ, հա՛մ լիճը պահեին, հա՛մ թող 33 հարկանի շենք, մոլ բացեին, բայց ժամանակակից ու գեղեցիկ լուծումներով, ոչ թե այդպես «կառոբկեք» լինեն ու, ամենակարևորը, գրագետ հասարակական տարածք ստեղծելն էր էրեբունցիների (ուպրավլենցիների, մետաքսեցիների, սարիթաղցիների, կայարանցիների…), համար ու ե՞րբ ենք մենք սկսելու քաղաքային, համայնքային, նաև կասեմ թաղային կարևոր հարցերը մասնակցային կառավարել: Լսե՞լ եք դրա մասին, որտե՞ղ եք տեսել նորմալ քաղաք, որ տարիներ առաջ մեր մեծերի, համոզված եմ, տաժանակիր աշխատանքների շնորհիվ ստեղծված արհեստական լճի տեղը մեծ ու 22 հարկանի շենք կառուցի ու հարակից շենքերի բնակիչների հետ լսումներ չանի: Հարգելիներս, Երևանի գլխավոր շահը բյուջեն լցնելը չէ, հատկապես ավագանու համար, ու եթե չոր կանոն պետք ա լինի, ուրեմն հաստատ առաջիններից լճերի ու այգիների տեղը կառուցապատումը արգելելն է»:

Վիկտոր Մնացականյանը գրառմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ՝ նշելով. «Նկարներն էլ դրել եմ, որ եթե հանկարծ քաղաքապետարանի ինտերնետը անջատել են, տեսնեք՝ աշխարհում ինչ նման լուծումներ կան»:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը ևս չի հասկանում, թե ինչ են ուզում անել:

«Այդ տարածքը կոչվում էր ժամանակին Թոխմախի լիճ, հիմա՝ Վարդավառի լիճ: Այգին էլ վերանորոգվել ու ծառայում էր իր նպատակին: Ջրային տարածքը սարքելու են կառուցապատման համար, սա էլ՝ ջրայինի: Կատաստրոֆա է: Մոլ են սարքում, չգիտեմ՝ ինչ են անում: Այգի չթողեցին էլ: Ամբողջ աշխարհում չկա նման բան: Ժողովրդին այգի պե՞տք չի, ծառ պե՞տք չի, մո՞լ է պետք: Ասենք, 30 տարի չհետևեցին, 1990-ական թվականներին էլ ծառահատումներ եղան, հիմա պետք է նորացվեին, չէ՞: 20 տարի է՝ նորմալ ծառատունկ չեն էլ արել: Այդ թաղում առանձնապես այգի էլ չկա, պետք է ձեռք չտային: Նայեք, այդ ուղղությամբ մի կողմից Թոխմախն է, մյուս կողմից՝ Մուրացան փողոցը, և օրենքով Մուրացան փողոցը երկու կողմից պետք է զարգանա: Ուզում են բարձահարկ կամ 5 հարկանի շենք սարքեն, այդպես դուրս կգա Թոխմախի այգի, ինչը քաղաքաշինության տեսանկյունից շատ լավ է, մյուս կողմից էլ կգա Կայարան: Եվ հետո՝ մոլը չի կարելի քաղաքի մեջ սարքել: Միակ լավ բանը, որ արեցին, այն էլ պատահաբար է ստացվել, դա Երևան մոլն էր, ու քաղաքաշինության տեսանկյունից իր տեղում է: 1990-ական թվականներին էլ այգիներում սկսեցին սրճարաններ բացել ու 5-6քմ տաղավար էին սարքում, որ սպասարկեր, 2000-ականներին այդ տաղավարների չափերը մեծացան ու դարձան քարե»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս