ԱՄՆ-ը ու ԵՄ-ն Փաշինյանի հետ աշխատում են, բայց Սյունիքում բազա ձևավորում է Ռուսաստանը. Վասաձե

Հարցազրույց Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, Ռազմավարական վերլուծության կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքագետ Գելա Վասաձեի հետ

– Պարոն Վասաձե, տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական վերափոխումների ակտիվ միտումների ֆոնին Ռումինիայի, Լիտվայի ու Ավստրիայի ԱԳ նախարարները ԵՄ մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեցին հարավկովկասյան երկրներ՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի անունից: Այցի նպատակներից մեկը Ղարաբաղյան հետպատերազմյան իրողություններն ու դրանցում ԵՄ մասնակցության հնարավորությունները քննարկելն էր կարծես: Սրան նախընտրական փուլում նախորդել էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Վրաստանի միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը ՀՀ: Ի՞նչ խնդիրներ է փորձում, ըստ Ձեզ, լուծել ԵՄ-ն նման մակարդակի այցով, որը բացառիկ էր, մեր ռեգիոնում, ու ինչպե՞ս հասկանալ այս այցը:

– Ես չէի ասի, որ բացառապես հետպատերազմյան խնդիրներն էին քննարկվում ԵՄ նախարարական այցի շրջանակում, քանի որ Վրաստանում նախարարներն ունեին այլ օրակարգ․ նպատակն էր Վրաստանում Շառլ Միշելի նախաձեռնության իրագործումը, դատական բարեփոխումները, նախընտրական բարեփոխումը, այսինքն՝ ԸՕ բարեփոխում: Սա էր այս փուլում կարևորը Վրաստանի համար, և դա էր այցի վրացական նպատակը: Հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տարածաշրջանի հիմնական գլխացավանքն է, իհարկե, այն բանից հետո, երբ մենք տեսանք, որ ԱՄՆ-ը ոչ թե վերադարձել է, այլ վերադառնում է տարածաշրջան, ԵՄ-ն ևս ակտիվացնում է իր ջանքերը: Չպետք է մոռանալ, որ թեև կա եվրաատլանտյան համերաշխություն, սակայն ԱՄՆ-ը ու Եվրոպան տարածաշրջանում նաև մրցակիցներ են, չպետք է մոռանալ այդ մասին, և Եվրոպայի ակտիվությունը ռեգիոնում պայմանավորված է նաև ԱՄՆ-ի հետ մրցակցությամբ:

Այսինքն՝ Եվրոպան ևս իր ներդրումն է ցանկանում ունենալ տարածաշրջանային զարգացումների հարցում: Ի դեպ, ԵՄ անդամ երկրներից ԱԳ 3 նախարար էր ընտրված, որոնցից երկուսը բացառիկ հետաքրքրություն ունեն, որպեսզի տարածաշրջանում բեկում մտնի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Սակայն ինչ վերաբերում է Ավստրիային, ապա Ավստրիան չափազանց հեռու է այս ամենից, չմոռանանք նաև, որ սերտ հարաբերություններ կան Ավստրիայի կանցլերի ու Վլադիմիր Պուտինի միջև: Այսինքն՝ ընտրված էր Ռուսաստանի հարցում հավասարակշռված կարծիքներով պատվիրակություն, որը ևս պատահական չէր: Սա վատ չէ մեր երեք երկրների համար, վատ չէ, քանի որ արտաքին շահառուների ներկայությունն այս դեպքում բարձրացնում է տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու հնարավորությունը:

– Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշել էր, թե Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձևաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարևոր նախագծեր իրականացնելու համար: Վրաստանի այս դերն ունի ակնհայտորեն նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը: Ի՞նչ պրոյեկտներ կարող են իրագործվել այս ձևաչափով:

– Վրաստանի դերը պրովայդերի դեր է․․․ խաղաղ գործընթացի, համագործակցության պրովայդերի դերը: Բայց եկեք անկեղծ խոսենք, առանձնահատուկ բարիդրացիություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա տարիներին չի երևակվում: Ինչ վերաբերում է Վրաստանի միջնորդությանը, հնարավոր է՝ ոչ ստանդարտ պրոյեկտներ իրագործվեն, ոչ ստանդարտ պայմանավորվածություններ ձեռք բերվեն և, առավել ևս, արտաքին աջակցության՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության դեպքում կարող է իր լավ դերակատարությունն ունենալ:

– Ձեզ մոտ կա՞ տպավորություն, որ փոխվում է աշխարհաքաղաքական պատկերը մեր տարածաշրջանում, և որքանո՞վ է կայուն այդ տպավորությունը, քանի որ գործընթացներն անկանխատեսելի են: Պատերազմից հետո տարածաշրջանում ամրապնդվել են Ռուսաստանը և Թուրքիան, այս օրերին էլ ՌԴ-ն շարունակում է ավելացնել իր կոնտինգենտը ՀՀ-ում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում, բայց շատ ակտիվ գործընթացներ կան աշխարհաքաղաքական այդ դասավորության դեմ, ի՞նչ կարող է փոխվել ապագայում, ու այդ դեպքում ինչպե՞ս է ապահովվելու ՀՀ անվտանգությունը, որը ՌԴ-ի «ձեռքում» է:

– ՀՀ անվտանգության երաշխավորը միշտ է եղել ՌԴ-ն: Կցանկանամ խոսել նաև Ադրբեջանից ու Վրաստանից: ՌԴ-ն Ադրբեջանի քաղաքական կյանքում ազդեցությունն էապես զիջում է, լիովին դուրս մղված չէ, քանի որ, հիշեցնեմ, որ բարձր հրամկազմի շարքերում Ադրբեջանում շատ են եղել ռուսական ազդեցության գործիչները: Թուրքիան երեկ չէ հայտնվել Ադրբեջանում, սա 20-ամյա համագործակցություն է, կադրերի 20-ամյա պատրաստում, ադրբեջանական բանակը, ի դեպ, լիովին անցել է թուրքական բանակի չափանիշերին, ինչը նշանակում է՝ ՆԱՏՕ չափանիշեր, և չմոռանանք նաև երրորդը՝ Իսրայելը, որը հետաքրքրված է Ադրբեջանի անվտանգությամբ, քանի որ Ադրբեջանն ու Իսրայելն ընդհանուր հակառակորդ ունեն՝ ի դեմս Իրանի: Ամենախառն իրավիճակը Վրաստանի դեպքում է, քանի որ Վրաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ճանապարհային քարտեզ ունի, Վրաստանը ՆԱՏՕ բոլոր անդամ երկրների հետ լուրջ անվտանգային համագործակցություն ունի՝ Ֆրանսիայից՝ ՀՕՊ համակարգեր, Թուրքիայի, Լեհաստանի հետ կան ծրագրեր, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ կան ռազմատենխնիկական որոշ ծրագրեր, Վրաստանը ՆԱՏՕ ասպիրանտ երկիր է, ուստի այս մասով ամեն ինչ հասկանալի է, կա նաև խոսակցություն վրաց-ուրաինական ռազմական լուրջ համագործակցության մասին: Այսինքն՝ մոտավորապես այսպիսի դասավորություն է:

Կարող է բավականին հետաքրքիր անվտանգային ճարտարապետություն ձևավորվել՝ կա երկու երկիր, որոնց վրա հարձակվել հնարավոր է, բայց չարժե՝ դա Հայաստանն է, որը ՀԱՊԿ անդամ է, և հարձակումը միանգամից ՀԱՊԿ 4-րդ հոդվածն է գործի դնում, և կա Ադրբեջան, որն ունի ռազմաքաղաքական միություն Թուրքիայի հետ, և Շուշիի հռչակագրում ամրագրված է թուրք-ադրբեջանական ռազմական փոխօգնությունը: Միակ երկիրը, ով նման հրամայական պարտավորությամբ աջակից չունի, դա Վրաստանն է: Բայց Վրաստանի համար ամենահզոր երկիրն է կանգնած՝ ԱՄՆ-ը: Հասկանալի է, որ ԱՄՆ-ը ռազմական ուժով չի միջամտում, այլ՝ այլ կերպ: Այսինքն՝ անվտանգային ճարտարապետությունը Հարավային Կովկասում գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ: Դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենա, բայց դա նշանակում է, որ այս փուլում հնարավոր են այլ համագործակցություններ, օրինակ՝ եռակողմը:

– Շատերը տպավորություն ունեն, որ գործընթացները գնում են ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ:

– Ադրբեջանից դուրս է մղվում ՌԴ-ն, Վրաստանից դուրս մղված է, իսկ Հայաստանից ո՞վ պետք է դուրս մղի:

– Այսինքն՝ ներկայումս իշխանությունը դա չի՞ անի:

– Ապագայում՝ պատմական, հնարավոր է, բայց ներկայումս մենք չենք խոսում հեռավոր պատմական ապագայի մասին, մենք խոսում ենք ներկա դրության, իրավիճակի մասին: Վերջին անգամ ով է «և-և»-ի իրական քաղաքականություն  վարել, կարող ենք հիշել նաև ՀՀ առաջին նախագահին, սակայն իրատեսորեն դա արել է Սերժ Սարգսյանը, ուղիղ ասենք, քանի որ գուցե Փաշինյանը շատ էր ցանկանում նման քաղաքականություն վարել, բայց նա հնարավորություն չունի դրա համար:

– Ըստ Ձեզ՝ չի՞ փորձում դեպի Արևմուտք «խաղալ»:

– Շատ է ցանկանում, բայց մենք չենք խոսում, չէ՞, այն մասին, թե ինչ ենք ցանկանում, խոսում ենք այն մասին, թե ինչ է հնարավոր, բայց փնտրտուք լինելու է, քանի որ խոսքն այն մասին է, որ 20-րդ դարում Ռուսաստանը երկու անգամ հեռացել է Հարավային Կովկասից և հեռացել է շատ անսպասելի բոլորի համար:

– ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունը կարո՞ղ է հանգեցնել դրան, քանի որ Փաշինյանի հետ ակտիվ աշխատում են, անվանում ժողովրդավար:

– Իհարկե, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն Փաշինյանի հետ աշխատում են, բայց Սյունիքում բազա ձևավորում է Ռուսաստանը: Սա վճռական փաստ է: Դինամիկ աշխարհաքաղաքական հավասարակշռություն է տարածաշրջանում, և ամեն բան կախված է ոչ թե նրանից, թե ինչպես մեր երկրները կաշխատեն, այլ, թե ինչպես համաշխարհային քարտեզը կձևավորվի: Մեր հնարավորությունները դրա վրա ազդելու քիչ են, բայց եռակողմ կոնտակտները կարող են որոշակի դեր ունենալ: Ամենալավը կլիներ, որ այս համագործակցությունը հնարավոր լիներ առանց արտաքին մասնակցության նաև, այդպես այդ համագործակցությունն ավելի կայուն կլիներ:

Տեսանյութեր

Լրահոս