Ցավոք, նախարարը բավական մակարդակով չի տիրապետում մակրոտնտեսագիտությանը. Հրանտ Միքայելյանը՝ Վահան Քերոբյանի հերթական ռեկորդի մասին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր անհավանական լավատեսությամբ, հետընտրական Հայաստանում իրենց թիմի նախընտրական քարոզարշավին սազական հերթական միտքն է դաշտ նետել այսօր. «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն՝ եկեք միասին շենացնենք մեր երկիրը»։

Արդյո՞ք հարկման բազա ունեցող անձանց այս թիվը աշխատաշուկայի ցուցիչ կարող է համարվել՝ հարցի պատասխանը 168.am-ը լսեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանից։ Պարզվեց՝ իշխանությունների գրանցած հերթական «ռեկորդը» սովորույթի ուժով ամենևին էլ ռեկորդ չէ:

«Գրանցված աշխատողների վիճակագրությունն ամսական կտրվածքով այդ հարկման բազայով մենք ունենք միայն 2017 թվականի սկզբից. այսինքն՝ մենք կարող ենք համեմատել միայն վերջին չորս տարիների ցուցանիշը, բայց թե ինչ ցուցանիշ է եղել մինչ այդ, մենք ուղղակի չգիտենք, որովհետև այդ տեխնոլոգիան, որոնցով մշակվում են այդ տվյալները, այն ժամանակ չկար:

Իսկ այդ «աննախադեպ»-ի, «ռեկորդային»-ի մասին վստահեցումներն արվում են, որպեսզի մարդկանց մոլորեցնեն, և շատ մարդիկ կան, որոնք չեն տիրապետում բավական տեղեկության և հավատում են, որ Հայաստանն այսքան լավ տնտեսապես դեռ չի եղել, ինչը, իհարկե, ճիշտ չէ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նկատելով նաև, որ գրանցված աշխատողներ ու աշխատողներ հասկացությունները նույնը չեն, ու այդ 634 հազար 951 թիվը ամենևին աշխատատեղերի թիվը չէ, այլ հարկման բազայում գրանցված աշխատատեղերի թիվն է:

Փոխարենը՝ նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ունենք գործազրկության մակարդակի բարձրացում. «Օրինակ, մենք ունենք զբաղվածների կրճատում գյուղատնտեսության ոլորտում. նրանք գրանցված չեն և նրանք ստվերում էլ չեն: Մի կողմից՝ դրանք աշխատատեղ չենք կարող կոչել լիարժեքորեն, մյուս կողմից՝ համեմատության համար մենք պետք է սա էլ հաշվի առնենք:

Կարելի է նաև ենթադրել, որ հարկման բազայում գրանցված մարդկանց թվերն այժմ ավելի շատ է, քան, ասենք, 5 տարի առաջ, բայց գործազրկության տոկոսը Հայաստանում եղել է ավելի ցածր, քան հիմա, ինչը վկայում է, որ աշխատաշուկան հաստատ ավելի լավ պայմաններում չէ այս պահի դրությամբ»:

Տնտեսագետը նկատեց. «Ցավոք, նախարարը բավական մակարդակով չի տիրապետում մակրոտնտեսագիտությանը, և անում է հայտարարություններ, որոնք վկայում են դրա մասին»:

Ի դեպ, Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք Վահան Քերոբյանի մեկ այլ «ոգևորիչ» գրառման տնտեսագիտական հիմքերի մասին, որը հանրությանն էր ներկայացրել օրեր առաջ:

«Տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի ամենավստահելի ինդեքսը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսն է` cpi: Եվ այսպես, 1999թ. Հայաստանը այս ցուցիչով եղել է 80-րդը աշխարհում, 2008-ին` 109-րդը, 2018-ին` 105-րդը, իսկ 2020թ.` 60-րդը, ընդ որում, 2019-2020 թվականներին աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է։ Եվ լավ կառավարման արդյունքում` նախկինում տնտեսական աճն ապահովվում էր դղյակներ կառուցելով, իսկ այժմ` դպրոցներ ու մանկապարտեզներ»,- գրել էր նախարարը:

Տնտեսագեստն այս առնչությամբ հարկ համարեց հիշեցնել. «Transparency International-ը մեր, այսպես կոչված, հեղափոխության stakeholder-ներից մեկն է. այժմ երկրում Transparency International-ի մի քանի աշխատող կա բարձրագույն մակարդակում,- ապա հավելեց,- Կոռուպցիայի ընկալումն այս կազմակերպության փորձագետների տեսանկյունից, այո, էապես բարելավվել է, իսկ ինչո՞ւ է բարելավվել՝ առաջին հերթին, չպետք է անտեսել այն գործոնը, որ Transparency International-ի զուտ սուբյեկտիվ տեսանկյունից Հայաստանում իսկապես շատ լուրջ բարելավում է տեղի ունեցել: Մյուս տեսանկյունից՝ օբյեկտիվ բարելավում, այնուամենայնիվ, եղել է, որն առնչվում է ցածր օղակներում կաշառակերությանը, ինչի մասին վկայում են որոշ տվյալներ, սակայն, մեծ հաշվով, այս տվյալները սուբյեկտիվ են»:

Տեսանյութեր

Լրահոս