«Ինքն ընտրվելու դեպքում կանգնելու է ու ասի՝ ժողովուրդ, ճանաչելու եմ Ադրբեջանի ամբողջականությունը». Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, մարզկենտրոն Իջևանում անդրադարձել էր Արցախի 44-օրյա պատերազմի սկսվելու պատճառներին։

Ըստ նրա, Ադրբեջանը պատերազմը սկսել է այն պահին, որ ևս մի քանի տարի սպասելով՝ նա այլևս չէր կարող հասնել ցանկալի արդյունքի։

«Ի տարբերություն նախկինի, երբ Հայաստանը թուլանում էր, Ադրբեջանն ուժեղանում էր, Հայաստանը 2018 թվականին մեծ տեմպերով զարգանում է։ Այսօր մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, բայց մենք Հայաստանը և Արցախի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ դա շատ նման է մի օրգանիզմի, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է, հյուծվել է, թունավորվել է և, ի վերջո, մահամերձ վիճակում հայտնվել է մեր գրկում։ Բայց հիմա ասում են՝ տեսեք, մենք հարցը բերեցինք հասցրեցինք, նաև՝ բանակի մասին են ասում, թե բերեցինք հասցրեցինք, բայց իրենց գրկում այդ օրգանիզմի հետ տեղի ունեցավ աղետ։ Իսկ ինչպիսի վիճակում ենք մենք ստացել Ղարաբաղի հարցը. երբ Ղարաբաղը դուրս էր գցված, դուրս է մղված եղել բանակցային գործընթացից։ Երբ Հայաստանը Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ղարաբաղի հարցի կարգավորման այն եղանակը, որը պիտի տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում։ Ստացել ենք մի վիճակում, երբ Մեղրին,  Ղազախը, Ղազախի շրջանները, Շուշին՝ առանձնացված Լեռնային Ղարաբաղից  և դրված Լաչինի, և իրենց ասածով՝ օկուպացված տարածքների շարքում։ Ստացել ենք մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ 7 շրջանները վերադարձնում եմ քեզ, Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր՝ ոչ։ Այդ մարդիկ, որ մեզ մեղադրում են, թե մենք լավ չենք հասկացել Արցախի հարցի էությունը կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, այդ իրենք չեն հասկացել, որովհետև իրենք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեն, և հայ հանրությունը պայթեց, կպայթի»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նկատեց՝ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Արցախի մասին խոսելու իրավունքը, քանի որ Արցախի մասին նրա ցանկացած հայտարարություն լկտի սուտ է, և դրան արդեն երեք տարի բոլորը ականատես են լինում։

«Այս ամենի արդյունքում ականատես եղանք, թե ինչպես 44 օրվա ընթացքում հանձնեց Արցախը՝ իր ստերով հանդերձ։ Իհարկե, իր ասածն իրականությանը չի համապատասխանում, պարզապես այսօր իր քարոզարշավում  փորձում է նման տեխնոլոգիաներ բանեցնել։ Նման հայտարարություններն այն մասսաների համար են, որոնք առ այսօր գոռում են՝ «Նիկոլ թագավոր», կամ իր «օդնոկլասսնիկի» ընկերներից են։ Իսկ հանրության գիտակից հատվածը շատ լավ գիտակցում է, որ մենք ունեցել ենք Արցախի բանակցային գործընթացի փայլուն ընթացք և այդ գործընթացը դեռ պետք է երկար շարունակվեր, որովհետև այնպես չէր, որ 20-30 տարիների ընթացքում հնարավոր էր միանգամից դրական արդյունքի հասնել։ Մենք ապրում էինք կայուն Արցախում, որտեղ, իհարկե, լինում էին միջադեպեր, որևէ երկրի սահման չկա, որտեղ միջադեպեր չլինեն։ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելուց հետո բանակում անընդհատ ինքնասպանություններ էին լինում։ Այս ամենը միայն Նիկոլ Փաշինյանի զառանցանքների արգասիքն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հանրությունը մշտապես տեղեկացված է եղել բանակցային գործընթացից, և այնպես չէ, որ բանակցությունները գաղտնի են ընթացել։ Հետևաբար, չի եղել այնպես, որ բանակցությունների արդյունքում՝ մինչև 2018 թվականը, Արցախն օկուպացվել է, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախընտրական այս քարոզարշավի ընթացքում չի խոսում Արցախի ապագայից և չի ասում, թե ինչպես է պատկերացնում Արցախի հետագան, Մետաքսե Հակոբյանը հարցով պատասխանեց.

«Իսկ ինչպե՞ս նա կանգնի ու ասի, որ Արցախը հանձնել է, երբ ընդամենը գրչի մեկի հարվածով հանձնեց Արցախի 75 տոկոսը։ Պատերազմի արդյունքում թշնամին շատ փոքր հողակտոր էր գրավել, իսկ մնացածը Նիկոլը հանձնեց թշնամուն։ Նա նաև փորձեց արժեզրկել մեր քաջորդիների զոհվելը, ինչը նրան հաստատ չհաջողվեց։ Նա արդեն հանձնել է Արցախը, մնում է Արցախի հարցի վերջնական լուծումը, և ինքն ընտրվելու դեպքում կանգնելու է ու ասի՝ ժողովուրդ, ճանաչելու եմ Ադրբեջանի ամբողջականությունը։ Սա նա միանշանակ անելու է, և սա բոլորս գիտենք։ Նա արդեն հասցրել է ստորագրել երկու փաստաթուղթ, մնում է մեկը, այսինքն՝ նա այդ գործընթացը սկսել է»։

 

Տեսանյութեր

Լրահոս