Հայաստանը հնարավորություն չունի ամեն մեկին 500-1000 դոլար աշխատավարձ տալ ամեն ամիս, բայց 5 հոգու կարող է․ ՆԱՍԱ-ի հայազգի աստղաֆիզիկոսը՝ գիտության զարգացման մասին

«14 տարեկանում ինձ համար արդեն պարզ էր, որ պետք է շարունակեմ աստղագիտություն սովորել, ու այլ ճանապարհ չկա»,- ասում է ՆԱՍԱ-ի գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության, Ամերիկական աստղագիտական ընկերության անդամ, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը, ով Երևանում հիմնադրելով աստղագիտական խմբակ և լինելով դրա առաջին ուսուցիչը՝ հիմք է դրել աստղագիտական օլիմպիադաների նախապատրաստական պարապմունքներին։

Աստղաֆիզիկոսի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, նրա կյանքում Վիկտոր Համբարձումյանի ունեցած բացառիկ դերի, Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրների, Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (ՆԱՍԱ) աշխատանքի անցելու և այլ հարցերի շուրջ։

Պարոն Հայրապետյան, ծնվել եք Բաքվում, Սումգայիթի ջարդերից առաջ տեղափոխվել եք Երևան։ Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել, և ո՞վ Ձեզ տարավ «աստղերի» աշխարհ։

– Հայրս տնտեսագետ է եղել, մայրս աշխատել է գրադարանում: 10 տարեկանում, երբ Մարսի մասին գիրք կարդացի, կարելի է ասել՝ այդ ժամանակվանից արդեն վարակվեցի աստղագիտությամբ: Վիրուսի նման է, կպչում է մարդուն, ու վերջ: Հետո մայրիկին հարցրեցի, թե կա՞ ինչ-որ խմբակ, որտեղ կարող եմ հաճախել, քանի որ շատ եմ սիրում աստղագիտությունը: Այն ժամանակ Պիոներ պալատներ էին: Մայրս սկսեց փնտրել ու գտավ Սովետական Միությունում ամենահզոր աստղագիտական խմբակներից մեկը՝ Բաքվի կենտրոնում:

Բացի տեսական դասընթացներից՝ լաբորատորիայում ձեռքով աստղադիտակներ էինք պատրաստում: Այդ խմբակից շատերն աստղագետ դարձան, մյուսներն էլ դարձան մարդիկ, ովքեր սիրում են աստղագիտությունը:

Այդ ժամանակ խաղացել եմ Գարրի Կասպարովի հետ, որովհետև իր շախմատի և իմ աստղագիտական խմբակը մոտ են եղել, և երբ դուրս էինք գալիս մաքուր օդ շնչելու՝ շախմատ էինք խաղում։ Ես 12-13 տարեկան էի, ինքը 2 տարի փոքր էր։

Ամեն ամառ գնում էինք Շամախի աստղադիտարան, որտեղ կար 2 մետրանոց աստղադիտակ։ Այնտեղ մնում էինք շուրջ մեկ ամիս, դիտումներ կատարում մեր կողմից սարքած դիտակներով։

14 տարեկանում արդեն հետաքրքրվում էի ուժեղ բռնկումներով։ Ուզում էի հասկանալ՝ ինչպես են առաջանում։

Այդ ժամանակ մեր ղեկավարը թույլատրում էր դիտակները տանել տուն: Հիշում եմ՝ տարել, պատշգամբում էի դրել: Շատերն էին գալիս, սովորեցնում էի, թե ինչպես դիտեն: Իմ նպատակն է եղել՝ ինչքան մարդ հասկանա այդ գեղեցկությունը, այնքան լավ լինի, կդառնան բարի, գեղեցիկը գնահատող, հետաքրքրասեր:

– Ու այդ գեղեցկության մասին ավելին իմանալու համար Ձեր քայլերն ուղղեցիք Երևան, Բյուրականի աստղադիտարան։

– Ինչքան շատ էի խորանում, այնքան հասկանում էի, որ պետք է մաթեմատիկա, ֆիզիկա լավ իմանամ: Աստղագիտական խմբակի ղեկավարն ասաց, որ Բաքվում կա ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 9-րդ և 10-րդ դասարանները կարող ես այնտեղ սովորել՝ քննություններ պետք է հանձնես, անցար՝ անցար: Այդ խմբակը մեր տնից երևի մետրոյով մոտ 40 րոպե ու մի 10 րոպե էլ ոտքով հեռավորության վրա էր, այսինքն՝ 50 րոպե պետք է առավոտ շուտ գնայի: Ընդունվեցի, ավարտեցի:

Այդտեղ սովորելով՝ ավելի հմտացա, խորությամբ ուսումնասիրեցի առարկաները: Ուսուցիչներից մեկը եղել է հայ, մյուսները հիմնականում հրեաներ էին: Շատ ուժեղ մասնագետներ էին, ոնց որ հիմա Երևանի «Քվանտ»-ում:

Իմ ամբողջ ժամանակն անցել է կա՛մ դասերով, կա՛մ խմբակ գնալով: Բայց դա կյանք էր դարձել ինձ համար: Հաճելի էր: Երբ ասացի, որ ուզում եմ գնալ Մոսկվա՝ սովորելու, հայրս, թե՝ չէ, շատ հեռու է, ո՞նց պետք է մենակ ապրես, ավելի լավ է՝ Բաքվի համալսարան գնա, հետո կտեսնենք:

Երկու տարի սովորեցի, հետո հայտնեցի, որ ուզում եմ գնալ ոչ թե Մոսկվա, այլ Հայաստան:

Վիկտոր Համբարձումյանի ժամանակ շատ հայտնի էր Բյուրականի աստղադիտարանը, գիտությունն ուժեղ էր: Սկսեցի երազել այդ մասին, ու հայրս ասաց, որ լավ որոշում է, Հայաստանն էլ մոտ է:

Ինքնաթիռով 40 րոպեի ճանապարհ է, ինչպես նաև քո հայրենիք ես գնում: Ասաց՝ գնա, սակայն ամեն ինչ մենակ ես անելու. ընդունեցին՝ ավելի լավ, չընդունեցին՝ դա էլ ոչինչ, 19 տարեկան տղամարդ ես, դու պետք է որոշես քո ապագան, դու ես այդ կյանքն ապրելու, և այս խոսքերն ինձ համար մեծ դեր են խաղացել:

Հասկացել եմ, թե ինչ եմ ես ուզում, ոչ թե ուրիշները, ու ինչպես եմ խնդիրը լուծելու՝ սկսած նրանից, թե ինչպիսի բնակարան եմ ուզում, ինչպիսի կահույք, ինչ եմ սիրում ուտել, գիտության ո՞ր ճյուղն եմ ուզում ուսումնասիրել, որտե՞ղ, ինչպիսի՞ մարդկանց հետ եմ ուզում շփվել: Այս ամենը հաղթահարելուց հետո ամեն ինչ հեշտ է դառնում:

Մի խոսքով, երկրորդ կուրսն ավարտեցի, եկա Երևան, գնացի ԵՊՀ՝ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի մոտ, ով հիմնադրել է ԵՊՀ-ի Տեսական ֆիզիկայի ամբիոնը։

Ի դեպ, այդ ժամանակ հայերեն չէի խոսում, միայն ռուսերեն, ու Գ․Սահակյանի հետ խոսել հորդորել էին Բյուրականի աստղադիտարանից, քանի որ առաջինը նրանց հետ էի կապ հաստատել՝ ասելու, որ ուզում եմ հանդիպել Վիկտոր Համբարձումյանին, ուզում եմ աստղագետ դառնալ, որ հասկանամ Տիեզերքը, մոդելավորում անեմ:

Այն ժամանակ շատ էին խոսում Համբարձումյանի մասին՝ որպես ուժեղ գիտնական: Հանդիպեցի Գուրգեն Սահակյանին, ասաց՝ լավ, նստիր՝ տեսնեմ այս խնդիրները կլուծե՞ս, թե՞ ոչ: Լուծեցի, ասաց՝ շատ լավ, ընդունված եք, ու այդպիսով սեպտեմբերի 1-ից սկսեցի սովորել տեսական ֆիզիկա: Կես տարի անց հասկացա, որ աստղաֆիզիկայի ամբիոնում ևս պետք է սովորեմ:

Մոտեցա աստղաֆիզիկոս, դասախոս Արթուր Նիկողոսյանին, ասաց, որ 4-րդ կուրսից են դասընթացները, մինչ դա՝ այլ առարկաներ պետք է սովորենք, պատասխանեցի՝ շատ լավ, ես կսովորեմ, բայց ինչքան շուտ գիտական աշխատանք անեմ, այնքան լավ: Կյանքը շատ կարճ է, չեմ կարող գնալ, պետք է սովորեմ, ու կես տարի անց քննություն հանձնեցի: Ավարտեցի կարմիր դիպլոմով, ու Համբարձումյանն ինձ ընդունեց ասպիրանտուրա, և սկսեցի աշխատել Բյուրականի աստղադիտարանում:

– Ու եկան բանակ զորակոչվելու օրերը…:

Այդ տարիներին բուհն ավարտելուց առաջ բանակ էին տանում՝ որպես լեյտենանտ: Ճիշտ է, կարմիր դիպլոմով էի ավարտել, սակայն այն ժամանակ կոռուպցիան շատ ուժեղ էր, ու հիմա էլ կա, դրա համար էլ հեռացել եմ Հայաստանից, բայց դա ինձ վրա ազդեց, քանի որ ասացին, թե՝ դե բաքվեցի է, ոչ մեկը չկա, որ իր համար խոսի, կարևոր չէ, որ կարմիր դիպլոմով է ավարտել: Համբարձումյանն էլ չի իմանա, կուղարկենք բանակ: Իսկ մեկ ուրիշը, ով գերազանց չէր սովորել, սակայն հայրը հարուստ էր, չէին զորակոչում բանակ: Ասացի՝ ես չեմ գնալու բանակ, ասպիրանտուրայում եմ սովորելու, գիտնական պետք է դառնամ, նրանք, թե չէ՝ կարմիր դիպլոմով ավարտածները բանակի համար լավ են:

Հարցրեցի, իսկ ինչպե՞ս կարելի է այս հարցը լուծել՝ պատասխանեցին, թե միակ մարդը, ով կարող է ինձ օգնել, Վիկտոր Համբարձումյանն է: Դե, նա այն ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր: Մինչև երկուշաբթի ժամանակ էին տվել, որ թուղթ տանեմ:

Հիշում եմ, ուրբաթ օր էր, զանգահարեցի ու այդ մասին հայտնեցի Արթուր Նիկողոսյանին: Որոշեցինք նստել ավտոբուս ու գնացինք Բյուրականի աստղադիտարան: Մտանք ներս, Համբարձումյանի Լյուդմիլա անունով քարտուղարուհին ասաց, թե Համբարձումյանն այսօր պետք է գնա Թբիլիսի, չգիտեմ՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ:

Մոտ մեկ ժամ անց տեսնեմ՝ աստիճաններով Համբարձումյանը բարձրանում է. դե մեծ էր արդեն, քայլերը դանդաղ էին, ու միանգամից հասկացա, որ ինքն է, մտանք միանգամից ներս, պատմեցինք՝ ինչ է կատարվել, երբ իմացավ՝ ասաց, որ նման բան չի կարող լինել, ու քարտուղարուհուն հանձնարարեց գրել նամակը:

Նշեց, որ, եթե գնամ բանակ, ապա դա բացասաբար կազդի, ես պետք եմ գիտությանը: Նամակը վերցրեցի ու երկուշաբթի գնացի Հանրապետական զինկոմիսարիատ: Միանգամից մտա գեներալ-մայորի մոտ ու նշելով՝ ասում էիք, որ միայն Համբարձումյանը կարող է հարցը լուծել, ահա նրա նամակը: Նայեց, թե բա՝ Համբարձումյանի ստորագրությո՞ւնն է, ստուգում էր, էլի:

Պատասխանեցի՝ իր հեռախոսի համարը կա այդտեղ, կարող եք զանգել, ասաց՝ լավ:

– Դուք այն գիտնականներից եք, ով կարծում է, որ մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ Արեգակը նպաստել է Երկրի վրա կյանքի առաջացմանը:

– Ես համալսարանում զբաղվել եմ պլազմայի տեսությամբ: Արեգակը եղել է շատ երիտասարդ, ոչ հանգիստ աստղ, բռնկումներ է ունեցել, ու հենց դա հնարավորություն տվեց, որ Երկրի վրա կյանք սկսվի, որովհետև կյանքի համար էներգիա է պետք:

Քանի որ Արեգակը մեզ մոտ է, կարող ենք ամեն փոքր բան դիտել. այնտեղ, որտեղ ուժեղ մագնիսական դաշտ կա, տեսնում ենք, որ բռնկումներն այնտեղ ավելի ուժեղ են, իսկ որտեղ մի քիչ թույլ է, ապա ավելի թույլ է: Ես ուզում էի անել այն, ինչով Բյուրականում ոչ ոք չէր զբաղվում, ավելին, ուզում էի ստուգել՝ Համբարձումյանը ճի՞շտ է, թե՞ ոչ:

Շատերն ասում էին՝ ո՞նց, Համբարձումյանն Աստված է: Ասում էի՝ գիտության մեջ աստվածներ չկան: Ինքը շատ լավ, խելացի մարդ է, ես իր հետ պետք է խոսեմ: Մի խոսքով, Համբարձումյանին ասացի, որ պետք է ստուգենք՝ նմա՞ն են արեգակնային և աստղային բռնկումները, թե՞ ոչ: Եթե նման են, ապա մենք կարող ենք այն տեսությունները, որ հիմա օգտագործում են Արեգակն ուսումնասիրող գիտնականները, օգտագործել ուսումնասիրություններում:

Լավ է, որ գիտության մեջ, ինչպես քաղաքականության դեպքում է, կա մրցակցություն: Այդ ժամանակ 22 տարեկան էի, Համբարձումյանն ուրախացավ, ասաց, որ շատ լավ կլինի, եթե զբաղվեմ սրանով:

Թեկնածուականը պաշտպանելուց հետո Համբարձումյանն ինձ առաջարկեց բացել արեգակնային և աստղային բռնկումների բաժին: Այդ ժամանակ արդեն այս ուղղությունը սկսեց զարգանալ, ու Համբարձումյանը հասկացավ, որ աստղադիտարանի համար նոր ուղղություններ են պետք, ու եթե որևէ երիտասարդ ուզում է այդ գործով զբաղվել, ինքը պետք է օգնի:

Համբարձումյանը եղել է իմ ղեկավարը, ուսուցիչը, ընկերը: Եվրոպայում էլ է այդպես․ ասպիրանտի հետ ղեկավարը խոսում է հավասարը հավասարի պես:

1994թ․ ինձ հրավիրեցին ԱՄՆ, Նյու Յորքի համալսարան: Բյուրականում զբաղվում էի երիտասարդ աստղերի և բռնկումների ուսումնասիրմամբ, հետո երբ եկա ՆԱՍԱ՝ սկսեցի զբաղվել Հաբլ տիեզերական աստղադիտակի դիտումներով: Մեզ մոտ աշխատում է 1500 գիտնական. աստղագետներ, աստղաֆիզիկոսներ, Արեգակը ուսումնասիրողներ, մոլորակներով զբաղվողներ՝ Մերկուրիից մինչև Պլուտոն և այլն: Փորձում ենք հասկանալ՝ կյանքն ինչպես է ազդում մոլորակի վրա, ոչ թե՝ հակառակը: Արեգակը նույնպես աստղ է, գիտեմ, թե հիմա ինչպես է ապրում: Մի անգամ հարցրեցի՝ ինչո՞ւ ոչ ոք այսքան ժամանակ չի խոսել Արեգակի մասին: Միայն Երկիր մոլորակի մասին են խոսել, որը եղել է նրան մոտ: Իսկ մենք գիտենք, որ Արեգակը հաճախ շատ ուժեղ բռնկումներ է առաջացրել: Ու սկսեցի ուսումնասիրել այն, թե աստղն ինչպե՞ս կարող է ազդել մոլորակների վրա: 11 տարին մեկ Արեգակի ակտիվությունը բարձրանում է: Այն ակտիվ աստղ է եղել, բռնկումներ են եղել, ու սկսեցի նայել, թե ինչ տեսակի մոլեկուլներ կարող էին ստեղծվել: Սկսեցի քիմիկոսների հետ աշխատել, շատ բան սովորեցի: Հոդված տպագրեցի Nature ամսագրում, մի քանի երկրներից հրավերներ ստացա՝ Ճապոնիայից, Անգլիայից: Հիմա նաև Տոկիոյի համալասարանի պրոֆեոր եմ:

– Ճի՞շտ հասկացա, որ ժխտում եք Աստծո գոյությունը:

– Ես հարգում եմ դա: Գիտեք, իմ հոբբին հոգեբանությունն է, ազատ ժամանակ կարդում եմ ամսագրեր, նյութեր: Եթե 30 տարի առաջ ինձ այս հարցը տայիք, չէի իմանա, թե ինչ պատասխանեի: Երբ ինձ հարցնում էին՝ Աստծուն հավատո՞ւմ ես, այն կա՞, պատասխանում էի, որ չգիտեմ: Իրոք այդպես էր: Մարդը պետք է ինչ-որ պատկերացում ունենա Տիեզերքի մասին: Համբարձումյանը, ի դեպ, ևս աթեիստ էր. դասերին սովորեցնում էին, որ սկզբից պետք է փորձենք հասկանալ բնությունը: Պատկերացնո՞ւմ եք, հին հունական առասպելներում ասում էին՝ Զևսն է երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստվածը:

Ըստ ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասի տեսության՝ Արեգակնային համակարգն առաջացել է շիկացած գազից կազմված միգամածությունից: Սառչող և սեղմվող միգամածության պտույտը հանգեցրել է նրա տափակելուն: Կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ նրա եզրից անջատվել են գազային նյութի օղակներ, որոնք փոխակերպվել են գնդերի և սկիզբ դրել մոլորակների ձևավորմանը: Նա եղել է խոշոր ու ամենահարուստ գիտնականներից մեկը: Երբ գրքում բացատրում է իր տեսությունը, այն նվիրում է Նապոլեոնին, ով մեկ շաբաթ անց կանչում է Լապլասին, գովում, սակայն ասում է՝ մի բան կա, չեմ տեսնում, որ ձեր մոտ Աստծո մասին խոսում եք: Լապլասը պատասխանում է՝ այդ հիպոթեզի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Ուզում է ասել՝ կարող է՝ կա: Ինչքան գիտությունն առաջ է գնում, այնքան քիչ տեղ է մնում Աստծո համար: Ու եթե 30 տարի առաջ Աստված եղել է իմ ուղեղի որևէ անկյունում, հիմա չկա նման բան:

– Ի՞նչ անել, որ երիտասարդ գիտնականները, ինչպես նախկինում դուք եք արել՝ չհեռանան Հայաստանից. վերջերս որոշում ընդունվեց բարձրացնել գիտաշխատողների նվազագույն աշխատավարձը: Արդյո՞ք սա որոշ չափով կլուծի խնդիրը:

– Մտածում եմ՝ երբ գնամ թոշակի, կգամ Հայաստան ու կդասավանդեմ: Հոկտեմբեր ամսին կլինեմ Հայաստանում ու նպատակ ունեմ երկու ասպիրանտի բերել Վաշինգտոն: Մինչև ԱՄՆ գալը ես աշխատել եմ Շվեդիայում, Դանիայում, այդ երկրները Հայաստանից ավելի հարուստ են: Աշխատել եմ Ստոկհոլմի աստղադիտարանում: Գիտե՞ք, թե քանի հոգի էր այնտեղ աշխատում՝ հինգ:

5 խոշոր գիտնական, ովքեր ունեն ասպիրանտներ, որոնք դիպլոմ ստանալուց հետո գնում են ուրիշ երկիր ու 3 տարի հետո հետ են վերադառնում: 5 հոգուց օգուտն ավելի մեծ է, քան 50 հոգուց: Հայաստանն այդքան մեծ չէ, որ մի ոլորտում ունենա 50-100 գիտնական:

Ավելի լավ է՝ քիչ քանակությամբ, բայց լավ մասնագետները 3-4 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանան: Հայաստանը հնարավորություն չունի ամեն մեկին 500-1000 դոլար աշխատավարձ տալ ամեն ամիս, բայց 5 հոգու կարող է: Իսկ այդ 5 հոգուն պետք է ասել՝ քեզ ենք ընտրել, բայց ամեն տարի պետք է պահես քո որակական վարկանիշը, որովհետև այսօր դու լավ ես, ասում ես, դե բոլորը գիտեն, որ լավն եմ, վաղը նարդի խաղամ կամ սուրճ խմեմ..․ այդպես չի լինի: Միշտ պետք է լավը լինել: Եթե ես այս ամիս աշխատավարձ եմ ստացել, ուրեմն մյուս ամիս է՛լ ավելի լավ պետք է աշխատեմ, որովհետև ես ազնիվ գիտնական եմ: Հայաստանում, ի դեպ, ակադեմիկոսներ կան, ովքեր ամեն ամիս ստանում են 500 դոլար աշխատավարձ ու ոչ մի բան չեն անում. հոդված էլ վերջին անգամ տպագրել են երևի 30 տարի առաջ: ԱՄՆ-ում, Եվրոպայում նման բան չկա: Մարդը ստանում է աշխատավարձ միայն իր գործն այդ պահին անելիս: Այլ երկրների գիտնականների հետ էլ պետք չէ համեմատվել՝ կա գիտնական կամ ոչ գիտնական. սովետական մտածելակերպին պետք է վերջ տալ:

Ես 32 տարեկանում եմ հեռացել Հայաստանից, տեսել եմ, թե Եվրոպայում կամ ԱՄՆ-ում տնտեսությունն ինչպես է աշխատում: Միշտ մրցում ես ուրիշների հետ: Գիտեմ, որ եթե 3 տարում լավ հոդվածներ չգրեմ՝ իմ բոլոր գրանտները դուրս կգան: ՆԱՍԱ-ի գիտնականն աշխատավարձ չի ստանում, սակայն միշտ փորձում է փող աշխատել. ինչքան շատ է աշխատում, այնքան իրեն հարգում են: Միշտ գլուխն աշխատում է. ոնց անի, որ պահպանի գիտությունը, խումբը, ֆինանսական ստատուսը:

Ի դեպ, մարդիկ ՆԱՍԱ-ում որ գնում են թոշակի՝ իրենք աշխատավարձ չեն ստանում, բայց օֆիս ունեն, կարող են գալ: Պատկերացրեք, գալիս են ամենաշուտը ու գնում ամենաուշը, որովհտև ուզում են աշխատել: Թոշակ են ստանում, բայց անվճար առավոտից իրիկուն աշխատում են, որովհետև ուզում են ներդրում անել գիտության մեջ, ուզում են, որ ուղեղն աշխատի, միշտ ինչ-որ գաղափարների մասին մտածի, իսկ եթե դա չկա, ուրեմն մեռնում ես: Եթե մտածում ես մի գաղափարի մասին, ու այն խելամիտ չէ, հոգ չէ, դրա մասին ոչ ոք չի իմանալու, իսկ եթե գաղափարդ լավն է, գիտական հասարակության կողմից կընդունվի: Եվրոպայում, ԱՄՆ-ում բոլոր իսկական գիտնականները մահանում են գրասենյակում:

– Բյուրականի աստղադիտարանն ուշադրություն է դարձնում գիտական տուրիզմի զարգացմանը, սա ինչքանո՞վ կնպաստի գիտության հանրայնացմանը։ Ժամանակին դուք ասել եք, որ դիտակները պետք է արդյունավետ օգտագործել, ասենք՝ դիտողականության ժամերը վաճառել, դրանից օգուտ ստանալ:

– Գիտական տուրիզմն ավելի հեշտ է անել: Երբ գնում են Բյուրականի աստղադիտարանի այգի, տեսնում են ծառերը, մրգեր ու մի խնձոր միանգամից քաղում ու սկսում են ուտել: Տուրիզմն էլ է այդպես. ո՛չ շատ գումար է պետք ներդնել, ո՛չ էլ դրա մասին մտածել: Կարող են նաև ամառային դպրոց կազմակերպել: Դա լավ բան է, սակայն ուրիշները պետք է կազմակերպեն, իսկ գիտնականները գիտությամբ զբաղվեն: 2.6 մետրանոց դիտակը պետք է 150 տոկոսանոց էֆեկտիվությամբ աշխատի կամ ընդհանրապես չաշխատի: Պետք է երիտասարդներին հնարավորություն տան, ասեն՝ ով ավելի լավ ծրագիր կառաջարկի, նա կստանա աջակցություն 3 տարով, որից հետո պետք է նայեն, թե ինչ է արել: Ես ուրախ կլինեմ, որ, օրինակ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի լաբորատորիան և Բյուրականի աստղադիտարանը միասին լինեն, երկու տեղում էլ լավ գիտնականներ կան:

Ընդհանուր առմամբ գիտությունը պետք է մրցունակ լինի: Առանց մրցակցության տնտեսություն գոյություն չունի, գիտությունը դա տնտեսության մասն է: Գիտեք, գիտության մեջ ևս դաժան մրցակցություն կա, որովհետև ամեն մեկն ուզում է ապացուցել, որ դու սխալ ես, սակայն, եթե կարողանում ես ապացուցել, որ ճիշտ ես, տպագրում ես աշխատանքներդ, գիտնականներն ասում են՝ այո՛, երևի ճիշտ է, ու սկսում են իրենց հոդվածներում քո հոդվածին հղում տալ: Սակայն եթե հոդված ես գրում, ու դրան ոչ ոք հղում չի տալիս, ուրեմն ինչո՞ւ ես գրում, քեզ համա՞ր: Եթե քո համար ես գրում, էլ ինչո՞ւ պետք է պետությունից փող ստանաս, գնա մի կողմից նարդի խաղա, մյուս կողմից հոդված գրիր քեզ համար: Եթե ամբողջ աշխարհի համար ես աշխատում, ուրեմն քո աշխատանքը պետք է գնահատեն, ցույց տան ուրիշներին, որ դա պետք է: ՆԱՍԱ-ում այդպես է. տարեվերջին նայում են, հաշվի են առնում ոչ թե այն, թե քանի հոդված ունես, այլ այն՝ որին հղումներ են տալիս:

– Բնագիտական առարկաները գրեթե միշտ տուժում են. դիմորդները քիչ են. այստեղ ծնողների՞, ուսուցիչների,՞ թե՞ գիտնականների մեղավորությունն է, որ չեն խոսել այս ճյուղերի կարևորության մասին:

– Սա նրանից է, որ գիտնականի, գիտության ստատուսը հասարակության մեջ ցածր է: Դա ԽՍՀՄ-ից է մնացել: Սովետական Միությունը միշտ ուզեց մրցել ԱՄՆ-ի հետ, ցույց տալ, որ մեր գիտությունն այդքան ուժեղ է, ու դրա համար սարքել են մեծ՝ 100-200 հոգանոց ինստիտուտներ՝ ասելով, որ եթե 10 տոկոս կաշխատեն, լավ է, արդյունք կտան: Կոմունիստները հասկացել են, որ 100 տոկոս արդյունավետություն չի լինի, բայց իրենք ուզել են մրցել: Գագարինը համաշխարհային պատմության մեջ առաջին մարդն էր, որը թռավ տիեզերական բաց տարածություն, մեծ աստղադիտակ սարքեցին, և այլն: Բայց այս մրցման պատճառով գիտնականների աշխատավարձը ցածր է եղել՝ 100-200 ռուբլի:

Բոլորը շատ վատ են ապրել, բայց ուզել են ցույց տալ, որ մենք մրցում ենք, մենք ուժեղ ենք: Հենց դա եմ ասում, որ հիմա շարունակվում է: Բոլոր գիտնականները վատ են ապրում և շատ են, սակայն ոչ ոքի հետ հիմա չենք էլ մրցում: Օրինակ, ՆԱՍԱ-ում ամեն 10 տարվա համար մենք մշակում ենք հարցերը, որոնք մեր գիտության համար ամենակարևորն են: Նայում են, թե որ հարցերի ուղղությամբ պետք է ֆինանսավորեն: Չես կարող նստել ու ասել՝ օ՜, այսօր մի միտք ծագեց, տվեք ինձ մի 5 տարվա աշխատավարձ՝ ամիսը 500 դոլար, կարող է մի բան ստացվի, կարող է՝ ոչ: Ամենահարուստ պետությունն անգամ իրեն նման ճոխություն թույլ չի տա: Սիստեմատիկ ձևով պետք է փոփոխություն լինի: Պետք է առաջինը հասկանալ՝ ի՞նչ է պետք տվյալ ճյուղի մեջ, ու ո՞վ կարող է դա անել: Կարող են ծրագրերը հանձնել, միջազգային հանձնաժողովը գա, ընտրեն ու ով անցնի՝ հնարավոր է՝ տարեկան 30.000 դոլար աշխատավարձ ստանա: Դա Հայաստանի համար շատ լավ աշխատավարձ է, գիտնականին VIP մակարդակի վրա կբերի, ու նա կգնա կոնֆերանսերի, իր հետ հարցազրույցներ կանեն, ցույց կտան, թե ՀՀ-ում գիտությունն ինչպես է զարգանում: Մի քանիսը՝ աստղագիտություն, մի քանիսը՝ քիմիա, կենսաբանություն, մի քանիսն էլ տնտեսագիտություն առարկաներից կառանձնանան, ու կլինի 100 հոգի, հերիք է, փոքր երկիր է: Բայց հետո այս փոքր ճյուղերը պետք է աշխատեն՝ որպես կենտրոն, որն իր շուրջը կհավաքի երիտասարդ գիտնականների, ուսանողների, ովքեր այդ կենտրոններում կսովորեն, կզարգանան, ու քիմիայի ֆակուլտետում 5-ի փոխարեն՝ 50 հոգի կլինի։ Շատ լավ, թող լինի 50 հոգի, քանի որ ցույց են տվել՝ կարող են մրցել ու արդյունք տալ:

Գուցե մի փոքր գիտությունից շեղվենք, բայց առանց աստղադիտակի հաճա՞խ եք նայում աստղերին ու ինչի՞ մասին եք մտածում։

– Օ՜, հետաքրքիր էր: Երբեմն գնում եմ այնպիսի տեղեր, որտեղ լույս չկա: Արևմտյան Վիրջինիա եմ գնում մեկ-մեկ, որտեղ շատ անտառ կա, շատ գեղեցիկ է: Տեսնում եմ Ծիր Կաթինը, ու այդ պահն ինձ բալանսի է բերում բնության հետ: Հասկանում եմ, որ առաջացել եմ սուպեր բռնկման միջոցով: Իմ մարմնի ամեն ատոմը դուրս է եկել այդ աստղերից ու պետք է հետ գնա։ Ու երբ մահանամ, այդ ամբողջ մատերիալը ևս մի օր պետք է ոչնչանա, արևն էլ մի օր պետք է դառնա կարմիր գիգանտը ու այնքան մեծ, որ լայնանա մինչև երկիր ու դառնա աստղի մաս, ու ես նույնպես, ու ամեն մեկը։ Ամբողջ ցիկլը կարող է տևել մի քանի միլիարդ տարի։ Այդպես է աշխատում կյանքը, շատ հետաքրքիր է։

Տեսանյութեր

Լրահոս