«Թարմ դիակներ ունեցել ենք միայն պատերազմի առաջին 1-2 օրը, հետո բոլոր դիակները եղել են նեխման փուլում, ամբողջովին որդերով, թրթուրներով պատված». դատաբժիշկ

«Մինչ օրս 3500-ից ավելի դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի աղմկահարույց պատմությանը, երբ պատերազմում նահատակված մեր զինվորների դիերն ու մասունքները պարկերի մեջ հայտնվել էին դիահերձարանի նկուղային հատվածի հատակին, դատաբժիշկն ասաց.

«Տվյալ դեպքի առթիվ նախորդ օրերին թե՛ առողջապահության նախարարի, թե Հանրապետական դատաբժշկական կենտրոնի տնօրինության կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ, ներկայումս հարուցված է քրեական գործ, գործը գտնվում է նախաքննության փուլում, և նախաքննության  ընթացքում տվյալ գործին առնչվող որևէ հայտարարության, որևէ ենթադրության իրավունք ոչ մեկս չունենք»:

Գևորգյանը նշեց, որ պատերազմի ընթացքում եղել է ֆորսմաժորային իրավիճակ, ստիպված են եղել փորձաքննության ենթարկել մի քանի անգամ ավելի շատ դիակներ, քան սովորաբար:

«Աշխարհի որևէ առաջադեմ երկիր, զարգացվածության գագաթնակետին գտնվող որևէ երկիր պատրաստ չէ նույն դատաբժշկական փորձաքննությունների ասպարեզում իրագործել իր օրական նորմավորված փորձաքննություններից տասնյակ և հարյուրավոր ավելի  փորձաքննություններ, սա ֆորսմաժորային իրավիճակ էր»,- ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը:

Արմեն Գևորգյանը վստահեցրեց, որ դիակների թրթուրներով պատված լինելը, կամ դրանց  շուրջ ճանճերի առկայությունը, ինչի մասին հաճախ պատմում են նաև դիահերձարաններ այցելող ծնողները, պայմանավորված չեն դիակների պահման պայմաններով:

«Ի ցավ բոլորիս՝ մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակների հետ, հուղարկավորված և արտաշիրիմված դիակների հետ, մենք թարմ դիակներ ունեցել ենք միայն պատերազմի առաջին 1-2 օրը, դրանից հետո քանի որ արդեն մեր դիակները գտնվում էին ոչ մեր ենթակայության տակ գտնված հողերում, և դժվար էր այդ դիակները հետ բերել… դուք պատկերացնո՞ւմ եք՝ արև, կենդանիներ, նրանց ազդեցությամբ՝ որդեր, թրթուրներ և այլն, մենք ոչ մի հատ թարմ դիակի հետ չենք առնչվել: Դրանից հետո բոլոր դիակները մեզ մոտ բերել են ամենածայրահեղ ծանր աստիճանի աուտոլիտիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերով, թրթուրներով պատված դիակներ, ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չենք առել, համարել ենք՝ մեր որդին է, մեր եղբայրն է»,- ասաց դատաբժիշկը:

Նա պատմեց, որ զինվորների դիակների մեծ մասը եղել են անճանաչելի, այն ճանաչելու համար հաճախ կրկնակի նմուշառման կարիք է եղել, այդ է եղել պատճառը, որ դիակները չեն զմռսել՝ նեխումը կանխելու համար:

«Չճանաչված զինվորների դիակները որևէ մշակման ենթակա չեն, քանի դեռ տվյալ դիակից չենք կարողացել վերջնական անջատել գենետիկ նյութը, քիմիական նյութով այդ դիակի վրա ազդելու իրավունք չունենք»,- ասաց Գևորգյանը:

Դատաբժշկի պնդմամբ՝ զմռսված մարմնից այլևս հնարավոր չէ նմուշառում իրականացնել:

«Նույն ձևով դիակը չէինք կարող պահել նաև բացասական ջերմաստիճանի սառնարաններում, քանի որ բացասական ջերմաստիճաններում ևս սպիտակուցը կարող է ենթարկվել դենատուրացիայի, և այլևս հետագա փորձաքննությունների, գենետիկ ուսումնասիրության համար չլիներ պիտանի»,- պարզաբանեց Գևորգյանը:

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանն էլ  անդրադարձավ արդեն դատաբժշկական փորձաքննության ենթարկված դիակներն և մասունքները սառնարանային պայմաններում պահելու հարցին.

«Այդ վիճակում փորձաքննության ենթարկվելուց հետո այդ դիակները ենթարկված են խիստ արտահայտված նեխային փոփոխությունների, տեղ-տեղ նույնիսկ լրիվ մերկացմամբ փափուկ հյուսվածքներից, այսինքն՝ ոսկրային ֆրագմենտների ձևով: Իրականում այդ պարագայում սառնարանային պայմանները, կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ այդ դիակի պահպանման հարցում, իրականում այդ դիակները պետք է պահվեին այնպիսի մի փակ տարածքում, որ դրանով հետագայում բացառվի մասունքի կամ դիակի մեխանիկական կամ այլ արտաքին գործոնով վնասվելու հանգամանքը, ընդամենը, այսինքն, եթե արդեն իսկ փորձաքննության ենթարկված տվյալ նմուշի, մասունքի կամ դիակի մոտ փափուկ հյուսվածքները բացակայում են, կմախքային վիճակ է, ուզում եմ ճիշտ հասկանաք, այս պարագայում սառնարանում պահելը էմոցիոնալ ֆոնի վրա է, որ մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում, էդ սառնարանում էդ աստիճանի նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման ոչ մի գործընթաց տեղի չի ունենում»:

Աբգարյանը նաև տեղեկացրեց, որ Արմավիրի մարզային բաժնում այժմ գտնվում է 87 դի և 58 մասունք:

Տեսանյութեր

Լրահոս