Գերիների հարցը՝ ընտրական խաղաթո՞ւղթ
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 27-ի վաղ առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ թվով 6 զինծառայող։
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախ՝ 1 ժամ են տվել հակառակորդին, որից հետո իրենց հետ կապ են հաստատել Ստեփանակերտում գտնվող ռուս գործընկերները և ներկայացրել՝ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդակցություն է անցկացնում:
«Քննարկվում է մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը, դրա համար համապատասխան գործողությունների չենք գնացել: Հակառակորդի՝ մեր զինծառայողների վերադարձման պայմանը չկատարելու դեպքում, մշակվում են համապատասխան պլաններ, որը չեմ կարող այստեղ ներկայացնել»,- վստահեցրել էր Էդվարդ Ասրյանը՝ հավելելով, որ իրենց կոշտ պայմանը ռուս գործընկերների միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին:
Անցել է մեկ օր, սակայն ո՛չ գերիների վերադարձի մասին լուր կա, ո՛չ էլ հայտնի է՝ արդյո՞ք այլ կոշտ քայլեր ձեռնարկվում են: Հայտնի է, որ նրանց արդեն տեղափոխել են Բաքու:
Մյուս կողմից, դատելով Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից, թե գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է, պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ այդ հարցով կարող է անձամբ իրեն, մեր ժողովրդին ցավացնել, և հիմա վրեժ է լուծում, կարելի է ենթադրել, որ երեկ գերեվարված 6 զինծառայողներին ևս շուտ չպետք է սպասել: Առավելևս ևս, որ այդ վրեժ ասվածն ընտրությունների հետ է կապվում:
«Նրանք ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե այս ընտրություններում ով՝ քանի տոկոս հավաքի»,- շարունակել էր Փաշինյանը:
Ի դեպ, այնպես է ստացվել, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամենաշատն են ցանկանում, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվի: Եվ նրանք դա չեն թաքցնում. հենց Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ բողոքի ալիք է բարձրանում՝ անմիջապես իրար են անցնում և հայտարարություններ անում: Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե ազգային հերոս է: Նրանց ամենաշատն է ձեռնտու Փաշինյանի իշխանությունը, որովհետև նվաստացուցիչ այդ պատերազմի արդյունքներից հետո, մինչ օրս առանց որևէ կրակոցի՝ ստանում են ամեն ինչ՝ տարածքներ, բնական ռեսուրսներով հարուստ տարածքներ… Նույնիսկ հայ զինծառայող սպանվեց օրեր առաջ ադրբեջանցու կրակոցից, իսկ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են խաղաղասիրական իրենց վախվորած կոչերը…
Այստեղից հետևություն՝ գերիների և սահմանային ներկա իրավիճակը հենց Փաշինյանի ձեռամբ է կատարվում, որպեսզի նախընտրական շրջանում խաղարկելու բան ունենա իր ընտրազանգվածի առաջ, ինչն արդեն սկսել է: Այն, ինչի մասին բազմիցս ասել են փորձագետները՝ դա համարելով Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածության արդյունք: