Վարկային համաներո՞ւմ, թե՞ նախընտրական խայծ
Ընտրություններից առաջ կրկին ակտիվացել են վարկային համաներում հայտարարելու վերաբերյալ խոսակցությունները։ Հասկանալի է, որ դրանք նախընտրական խոստումներ են՝ ընտրողներին գրավելու համար։
Ժամանակին այդպիսի խոստումներով իշխանության եկավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Իրականացվեց նաև վարկային համաներում՝ տույժ-տուգանքների չեղարկման ձևով։ Բայց դա չտվեց ու, բնականաբար, չէր կարող տալ այն արդյունքը, որն ակնկալվում էր։
Վարկային համաներումն ընդամենը խայծ է հասարակության համար։
Պատահական չէ, որ նախորդ համաներումից կարճ ժամանակ անց կրկին հայտնվեցինք այնտեղ, որտեղ գտնվում էինք։ Վարկային համաներումից հետո էլ բազմաթիվ քաղաքացիներ շարունակեցին չկատարել իրենց պարտավորությունները։ Եթե նույնիսկ ուզենային էլ, չէին կարող կատարել, որովհետև խնդիրը ամենևին էլ վարկային համաներման մեջ չէ։
Մարդկանց եկամուտները չեն բավարարում ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Կարևոր չէ՝ դրանք կլինեն տույժ-տուգանքներո՞վ, թե՞ առանց դրանց։
Այս խնդիրը Հայաստանում նոր չէ։ Բայց այն ահագնացել է հատկապես վերջին 1-2 տարվա ընթացքում։
Մարդիկ մեծ քանակությամբ վարկային բեռ են ստանձնել, այն հույսով, որ կավելանան իրենց եկամուտները, ու կկարողանան սպասարկել դրանք։ Սակայն ստեղծված տնտեսական խնդիրների հետևանքով՝ եկամուտները չեն ավելացել, ու հիմա կանգնած են փաստի առաջ։ Չեն կարողանում սպասարկել վերցրած վարկերը, ինչի հետևանքով բանկային համակարգում աճել են չաշխատող կամ անորակ վարկերը։
Այս պահին բանկերի վարկային պորտֆելի 7,1 տոկոսը խնդրահարույց է։ Նախորդ համաներումից 2 տարի հետո դրանք կրկնապատկվել են։
Բանկերի ժամկետանց կամ չաշխատող վարկերի պորտֆելն անցնում է 500 մլն դոլարից։ Ճիշտ է, նախորդ համաներման արդյունքում դուրս գրվեցին շուրջ 125 հազար վարկառուի գրեթե 13 մլրդ դրամի հասնող տույժ-տուգանքներ, սակայն խնդիրը դրանով չլուծվեց, ավելին՝ հիմա խորացել է։ Ովքեր ինչպես մինչև համաներումը չէին կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները, այնպես էլ շարունակեցին չկարողանալ կատարել նաև դրանից հետո։
Կասկած չկա, որ նույնը կրկնվելու է հիմա, եթե իրականացվի վարկային համաներում։
Վարկային համաներման անհրաժեշտություն չի տեսնում նաև Կենտրոնական բանկը։
«Չեմ կարծում, որ ողջամիտ է վարկային համաներում անցկացնելը։ Մենք նախկինում էլ այդպիսի փորձ ունեցել ենք, որոշակի խմբի ներվել է, հետո մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներվածների 50 տոկոսը հայտնվել է նույն վիճակում, ինչ վիճակում ներվելուց առաջ էր»,- ասում է ԿԲ նախագահը։
Այնպես չէ, որ բանկերը հակված չեն գնալ տույժ-տուգանքների համաներման։ Հատկապես որ, դրանով որոշակի հնարավորություններ են ստեղծվում՝ վերադարձնել գոնե մայր գումարները։ Բայց դա էլ միշտ չէ, որ հաջողվում է։
Բանկերն ավելի հակված են ժամկետանց վարկերի խնդիրը լուծել վարկային պայմանների վերանայումների միջոցով։ Առավել ևս, որ տույժ-տուգանքների ներումը նաև բացասական սպասումներ է ձևավորում վարկառուների շրջանում, ինչը հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել համակարգը։
Սա դեռ միայն տույժ-տուգանքների դեպքում։ Վերջին շրջանում սկսել են խոսել նույնիսկ վարկերի ներման մասին։ Առաջարկում են ընդհանրապես չեղարկել վարկային պարտավորությունները։
Իհարկե, միշտ էլ կարելի է հանդես գալ նման շռայլ խոստումներով։ Այլ բան, թե դա որքանո՞վ է հնարավոր իրականացնել։
Վարկերը չեղարկելուց առաջ նախ պետք է մտածել այն ֆինանսական աղբյուրների մասին, որոնցով պիտի փոխհատուցվեն վարկառուների պարտավորությունները։
Հազիվ թե կարելի է կարծել, որ այդ բեռը կարող են ստանձնել բանկերը։ Այն պարագայում, երբ խոսքը տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։ Բանկերն ի վիճակի չեն մտնել նման ծանրության տակ, եթե նույնիսկ շատ ուզենան։ Ի վերջո, նրանք էլ ունեն իրենց պարտավորություններն ավանդատուների նկատմամբ։ Տրամադրված վարկերը բանկերի փողերը չեն, դրանք ավանդատուների գումարներն են, որոնք պետք է վերադարձվեն։
Համաձայն կլինե՞ն արդյոք ավանդատուները, որ չվերադարձվեն իրենց գումարները։ Այս հարցի պատասխանը, կարծում ենք, միանշանակ է։
Մնում է պետական բյուջեն։ Այն բյուջեն, որը նույնիսկ ընթացիկ ծախսերը կատարելու հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով ստիպված է պարտքեր վերցնել՝ ավելացնելով առանց այդ էլ բարձր պարտքի բեռը։
Վարկերը ներելու այլ տարբերակ, ըստ էության, չկա։ Գուցե կարող է լինել նաև, այսպես կոչված, հիբրիդային մոտեցում, երբ պարտավորությունների մի մասը կստանձնեն բանկերը, մյուս մասը՝ պետական բյուջեն։
Բայց դա էլ քիչ հավանական է՝ հաշվի առնելով կուտակված վարկային պարտավորությունների մեծ բեռը։
Վարկային համաներումը, որքան էլ համարենք մարդասիրական քայլ, նաև լուրջ խնդիրներ է բերում։
Անհնար է ժամկետանց վարկերի հարցը լուծել պարբերաբար իրականացվող համաներումների միջոցով։ Դա կլինի անընդհատ պրոցես, որից երբեք դուրս չենք գա։
Համաներման փոխարեն՝ պետք է քայլեր անել մարդկանց եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծել ժամկետանց վարկերի բեռը թեթևացնելու խնդիրը։
Շատ կարևոր է մտածել նաև վարկառուների վարկային գրագիտության բարձրացման մասին։
Երբեմն մարդիկ վարկեր են վերցնում՝ առանց բավարար հիմքերի։ Երբեմն էլ, իհարկե, պարտադրված են դա անում՝ սոցիալական դժվարություններից ելնելով։
Բայց դա չի նշանակում, թե պետք է բոլորին անխտիր վարկ տալ, կարևոր չէ՝ մարդիկ կարո՞ղ են դա վերադարձնել, թե՞ ոչ։ Դրանով ոչ թե լավություն, այլ վատություն ենք անում։ Այդպես արեցինք վերջին մի քանի տարիներին, որ քաղաքացիների վարկային բեռը կտրուկ ավելացավ։ Հետո էլ պարզվեց՝ այնքան ենք ծանրաբեռնել վարկառուներին, որ շատերն ի վիճակի չեն սպասարկել իրենց պարտավորությունները։ Ու հիմա, հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններ են՝ կրկին վարկային համաներում հայտարարելու, նույնիսկ վարկերը չեղարկելու խոստումներ են հնչում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ