Կութեցու և Փաշինյանի վտանգավոր շեշտադրումները
Մինչ ՀՀ ռազմական ոստիկանության ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելել էին լրագրողներին մուտք գործել Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, Նիկոլ Փաշինյանի հսկայաքանակ ավտոշարասյունը մտել էր Կութ գյուղ, և այնտեղից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ելույթ էր ունեցել՝ մի քանի տեսախցիկներով ցույց տալով իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին, հանդիպման վայրն ու հարակից տարածքը, որտեղ նկարահանում իրականացնելը, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, վտանգավոր և անթույլատրելի է:
Ելույթն ավարտելուց հետո Փաշինյանն ասաց, թե լսելու է բնակիչներին, զգուշացրեց. «Մենակ մի բան խնդրեմ, ձեր ասելիքը հիմա կլսեմ, ուղղակի հաշվի առեք, որ ուղիղ եթերում ենք, խնդրում եմ՝ այնպիսի բան չասենք, որ չվնասենք», սակայն հենց ինքն էլ հայտարարություններ թույլ տվեց, որոնք հատկապես հետաքրքիր կարող են լինել երկրի հակառակորդների համար:
Ու սկսվեց, թերևս, ամենահետաքրքիրը:
33 տարի Կութում ապրող Լենդրուշ Ղարիբյանը, ինչպես ներկայացավ քաղաքացին, ուղիղ միացման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հիշեց 33 տարի առաջ Կութ գնալը, գյուղից թուրքերին «խռիկ տալը», ապա չմոռացավ զարմանալ, թե ինչո՞ւ է գերիների հարցով բանակցություններ տանում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը, այն դեպքում, երբ ըստ քաղաքացու, Հայաստանը պետություն ու պետականություն ունի, նախարարություններ ու կառույցներ, կամ գուցե մոռացել էր քաղաքացին, որ հենց այդ կառույցներն են հերքել գերիների հարցով զբաղվելու իրենց պարտավորությունը: Փաշինյանի հետ զրուցող քաղաքացին նաև հիշեց ՀԱՊԿ-ի ու նրա անդամ պետությունների անգործությունը: Ու չնայած Փաշինյանը, որն ավելի վաղ զգուշացրել էր, թե այնպիսի բան չասեն, որ չվնասի, անգամ փորձ չարեց ընդհատել ուղիղ միացումը կամ քաղաքացու հետ առանձին զրուցել, որ վերջինիս՝ նման վտանգավոր շեշտադրումները հասանելի չլինեն գոնե թշնամուն, այլ տեղ-տեղ հայտնեց, թե համաձայն չէ քաղաքացու դիտարկումներին:
Փաշինյանի ու քաղաքացու զրույցն ամբողջությամբ՝ ստորև.
– Պարոն Փաշինյան, մի հարց կարելի՞ ա:
– Դուք Կութի՞ց եք:
– Ես՝ Կութից, Ղարիբյան Լենդրուշ, ներկայանամ: 33 տարի ստեղ ապրում եմ: Եկել եմ, էս գյուղից թուրքերին խռիկ ենք տվե…
– Ըհը:
– Էս տերիտորիայում ապրում ենք: Հասկացաք: Էդ ժամանակ, երբ որ Քյալբաջարում նստած էին ազրբեջանցիք, Խանլարի ամբողջ էդ օբան՝ ոչխարաբուծական ֆերման, էս սարի հետևում էր: Որ բերում էին մեր կողմ, հիմա որ թուրքերը նստած էին, որ մենք ձիերով գնում էինք, փախչում էին: Խանլարի ֆերմայի վարիչը գալիս խնդրում էր, ասում էր՝ «տղերք, մեկ ա ձուն ա դնելու, էս սարերը մնալու են, թողեք մենք ոչխարը արածացնենք», չէին թողում: Հիմա ո՞նց եղավ՝ էդ ժամանակ մերն էր էդ տերիտորիան, հիմա ասում են՝ Ադրբեջանինն ա, թուրքինն ա:
– Ո՞վ ա ասում:
– Թուրքերը:
– Դե թուրքերը շատ բան… մենք ասում ենք…
– Հա, հասկանում ենք… Պարոն Փաշինյան, մի բան էլ, խնդրում եմ, ինձ պատասխանեք: Մենք ունենք պետություն, պետականություն, արտգործնախարարություն ունենք, պաշտպանության նախարարություն ունենք, Փառք Աստծո, պետություն ունենք, վարչապետ ունենք, ամեն ինչ ունենք, գերագույն մարմիններ ունենք: Էսօր խի՞ ա մեր գերիների հարցով ինչ-որ Մուրադով հետաքրքրվում: Բա մեր մնացած աշխատանքային էդ ղեկավարները որտե՞ղ են, որ վստահում ենք Մուրադովին, որը, Մուրադովը, ես գիտեմ, որ ունի ադրբեջանական…
– Չէ, չէ, չէ: Մի րոպե: Հես ա, նախ ասեմ, որ ձեր նշած մարմինները՝ առանց բացառության, զբաղվում են գերիների հարցով: Եվ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարը էս առումով, այո, միջնորդական գործունեություն ա կատարում, գնում ա, գալիս ա, տեսակետներ ա փոխանցում և այլն: Եվ խաղաղապահների մանդատի մեջ մտնում ա նաև գերիների փոխանակության հարցը: Բայց մեր պաշտոնյաները բոլորը՝ և՛ արտաքին գործերի…, ես ինքս, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, մյուս կառույցները ներգրավված են, իհարկե, այդ բանակցային գործընթացում: Էսօր տասնյակ… ես հույս ունեմ, չեմ չափազանցնում, բայց շատ մեծ թվով միջազգային կառույցներ նաև զբաղվում են գերիների հարցով, և դա նաև էն բանի շնորհիվ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը, մեր կառավարության դեսպանատները և այլն, շատ ակտիվ կազմակերպություններ զբաղվում են դրանով: Բայց նաև էդ եմ ասում՝ գերիների հարցով էլ մեր հետևությունը ի՞նչ պետք ա լինի: Դրանք պետք ա… նրանց շատ հաճախ ոգևորում ա էն փաստը, որ մենք ներսում, տեսնում է, որ գերիների հարցի լուծման ձգձգումով մեր ներսում իրանց հաջողվում ա պառակտումներ մտցնել: Եվ դրանից ոգևորվում են իրանք: Եվ հետևաբար՝ մեր ճիշտ ռեակցիան առաջինը, որ մենք պետք ա ունենանք, մենք պետք ա համախմբվենք, մենք պետք ա… իրանք պետք ա տեսնեն, որ մեր ներսում մեզ չեն կարողանում ներքին բախումների տանել: Նրանց բոլոր նպատակը պատերազմի ավարտից հետո եղել ա Հայաստանում ներքին բախումներ հրահրելը: Ինչի՞ համար հրահրել ներքին բախումներ, որ մենք պատերամզի հետևանքով, ցավոք, մեր դիմակայունության անկում ենք ունեցել, նրանք ուզում են մեր դիմակայու… դի.. դի… դի…
– Դիմակայունությունը ավելի ցածրացնեն, ավելի նսեմացնեն մեզ:
– Դիմակայման ունակությունները նվազեցնեն, զրոյացնեն, որ անարգել ինչ ուզում է, անեն:
– Հասկացա: Ես հիմա համեմատում եմ Մուրադովի աշխատանքը էն ժամանակվա Պալյանիշկոյի աշխատանքին:
– Լավ էլի, եկեք գնահատականներ չտանք, խնդրում եմ: Ես համաձայն չեմ: Շատ կառուցողական աշխատում ենք, մեր ռուս գործընկերների հետ շատ կառուցողական աշխատում ենք, և ես համոզված եմ՝ էսօր էլ, հիմա էլ մեր պաշտպանության նախարարը և ԳՇ պետի 1-ին տեղակալը, էս դեպքի հետ կապ չունի, երեկ ես ասեցի, Մոսկվայում են գտնվում, իրենք կաշխատեն և…
– Կներեք, մի հարց ևս:
– Համեցեք:
– Դուք համոզված չե՞ք, որ էսօր ՀԱՊԿ-ը՝ Բելառուսիան, Ղազախստանը, Տաջիկստան, Կիրգիզստանը, էս չորսը, թուրքական, թուրքական, թուրքալեզու պետություններ են, որոնք բացահայտորեն պաշտպանում են Ադրբեջանին: Մենք ո՞նց համոզվենք, որ դրանցից ինչ-որ օգուտ ունենք…
– Ես ոնց որ նախկինում արդեն ասեցի, մենք հետևողականորեն պետք ա գնանք… ՀԱՊԿ երկրները ստորագրել են և կոնկրետ պարտավորություններ են ստանձնել, և մենք ասում ենք, որ դրանք պայմանագրային միջազգային պարտավորություններ են, և էդ պարտավորությունները պետք է կատարվեն, որովհետև… Դե գիտեք՝ Դուք նենց բան եք ասում, բայց ես մի քիչ էդքան էլ համաձայն չեմ, որովհետև էստեղ կազմակերպության ստանձնած պարտավորությունների հարցն ա միջազգային և հեղինակության հարցն ա, և մենք բոլորս պետք ա ամեն ինչ անենք, որպեսզի ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձր լինի, գործունակ լինի, և մենք մեր պարտավորությունները նրանց նկատմամբ կատարենք, իրանք էլ իրանց պարտավորությունները, կազմակերպությունն էլ իր պարտավորությունները կատարի:
– Հասկացանք, պարոն Փաշինյան: Մենք միշտ վստահում ենք ու վստահել ենք, ինչպես վստահեցինք Ազրբեջանին խաղաղության պայմանագիր կապեցինք, եռակողմ, բա ո՞ւր ա, խի՞ չի…
– Դե ճիշտ եք ասում, հիմա պետք ա մենք էդ ամեն ինչը… պետք ա հետևողական աշխատենք, հաստատակամ, որ կյանքի կոչենք: Այո, դա միջազգային պարտավորություն ա և պարտավորությունը պետք ա կատարվի: Նույնն էլ վերաբերում ա գերիների խնդրին:
– Ուրեմն շնորհակալություն ձեզանից, որ ասեցիք՝ միասնական պետք ա լինենք, համամիտ եմ: Մենք բոլորս հեղափոխական ենք, հակահեղափոխականներ չկան, պտի միասնական լինենք ու շնորհակալություն Ձեզ, որ եկաք, ժողովրդին էլ լսեցիք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում