Պետք է ոչ նյարդային քայլերով հասնենք ադրբեջանցիների՝ այս տարածքից դուրս գալուն. Նիկոլ Փաշինյան
Մինչ ՀՀ ռազմական ոստիկանության ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելում էին լրագրողներին մուտք գործել Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, Նիկոլ Փաշինյանի հսկայաքանակ շարասյունը մտավ Կութ գյուղ, ավելին՝ այնտեղից նա ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ելույթ ունեցավ, այդ ընթացքում էլ մի քանի տեսախցիկներով ցույց տալով իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին, հանդիպման վայրն ու հարակից տարածքը, որտեղ նկարահանում իրականացնելը, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, վտանգավոր և անթույլատրելի է:
Նախ Փաշինյանը հավաքվածներին հայտնեց, թե մինչ օպերատիվ իրավիճակին ծանոթանալն ուզում է «մի երկու բառ» խոսել բնակիչների հետ, ինչի ընթացքում մի քանի անգամ հորդորեց չմտածել անգամ այն մասին, որ կարող է իր կառավարությունը ստվերային, մութ գործարքների մեջ է, ու չնյարդայնանալ:
«Ժողովուրդ ջան, ուզում եմ մի քանի կարևոր շեշտադրում անեմ մեր անելիքների մասին այս իրավիճակում: Առաջինը մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել, ամենակարևորը: Ինչի՞: Որովհետև ամեն անգամ, երբ որ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի ոգևորվում է, ավելի է ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողությունների մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր բան է: Ընդհուպ, ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր բոլոր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչև Կութ համայնքի, բնակավայրի գյուղամեջը, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ ենք, և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:
Երկրորդը, սթափությունը: Շատ կարևոր է սթափությունը: Այս իրավիճակում պարզ է, որ շատ նյարդային է իրավիճակը, շատ հուզական է իրավիճակը, պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք և մեր… այսինքն՝ ինչի՞ սթափությունը չկորցնենք և նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունը և հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:
Հաջորդը, ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել: Էլի եմ ուզում ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ, խնդրում եմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող…
Եվ մենք այս իրավիճակում պետք է հաջորդ ամենակարևոր բանը, մեր հաստատակամությունը չկորցնենք, մեր հաստատակամությունը չկորցնենք: Դուք նենց էլ այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք նենց էլ, ես ձեզ չպիտի ասեմ, դուք հերոս մարդիկ եք, հերոս ժողովուրդ եք, և մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք և հստակ կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է և ևս շատ կարևոր է: Եվ այս իրավիճակում մենք, իհարկե, էմոցիոնալ սիրով մեր հայրենիքի նկատմամբ լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, և քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:
Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել, ոչ մի նոր բան չկա: Ոչ մի նոր բան չկա: Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը:
Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Լավ, հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանը էլ չի համաձայնվել: Ասենք, հա, ասվել է՝ «հանուն խաղաղության՝ եկեք սենց մի հատ, ինչ-որ մի հատ զիջում անենք»: Երբ որ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:
Հիմա այսօրվա իրավիճակը ինչի՞ մեջ է: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև, հասկանո՞ւմ եք, որ եթե մենք մեր սահմանը զիջենք, սա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու:
Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա: Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը կանտրոլից և վերահսկողությունից դուրս գա, և մենք այսօր առաջինը դիվանագիտական եղանակներով այս օրակարգը պետք է առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ դնենք: Այսօր Միացյալ Նահանգները ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը, այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանը ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց:
ՌԴ-ն հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է: Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն: Եվ այստեղ, էլի եմ ասում, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք, և ակնհայտ այսօրվա դեպքը նաև տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների, սահմանի կահավորման գործը ավարտելուց, ես չգիտեմ՝ հանգամանքները ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել: Բայց հստակ է, որ 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստան: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է»: