«Հայաստանում իշխանություն չկա. կա մեկ մոլագար պոպուլիստ, որն ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության վտանգն է». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում է հասկանալ. երբ Ալիևը հայտարարում է, թե ունի պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն, ի՞նչ պայմանավորվածությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսում Ադրբեջանի քաղաքական էլիտան։
«Վեց ամիսը՝ «թայմ-աութը», որը վերցրեց Նիկոլ Փաշինյանը, և ճանապարհային քարտեզը, որը հռչակեց, այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, բացի խաբելուց։ Ինձ հաճախ են հարցնում, թե արդյո՞ք հավատում եմ արդար ընտրությունների անցկացմանը, գիտեք՝ եթե մարդը 44 օր կեղծել է պատերազմը, ո՞վ է բռնում Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ նա չկեղծի նաև ընտրությունները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորն ասաց նաև, որ չգիտի, թե սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան ինչ սահմաններում պետք է լինեն, եթե Ալիևի գրկած 1975 թվականի Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի քարտեզով պետք է լինեն, ապա դա անընդունելի է։
«Կարծում եմ՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին այս փուլում խոսելը վաղ է, հարցը քննարկել եմ նաև Արցախի ռազմական ղեկավարության հետ՝ այս պահին պետք է լինի սահմանների ճշգրտում, քանի դեռ Արցախի հարցը, կարգավիճակը լուծված չէ։ Մենք չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ինչ է խոստացել, մենք այս մարդու պայմանավորվածությունների մասին ոչինչ չգիտենք։ Նա ԱԺ ամբիոնից բղավում, ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, սա է իրավիճակը»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի կարող պոպուլիստական հայտարարություն անել ու ասել, որ, եթե վաղը Նիկոլը հեռանա, Հայաստանը հետ կբերի Արցախի կորցրած տարածքները, բայց մեկ բան հաստատ է, որ Հայաստանը կունենա ադեկվատ իշխանություն, որն Ադրբեջանում չի դառնա զավեշտի ու կլոունադայի առարկա։
«Այսօր մենք արժանապատիվ բանակցող չունենք, և այսօրվա գլխավոր խնդիրը սա է։ Գիտեք, ես չեմ կարող մեղադրել ժողովրդին, ժողովուրդը տվեց՝ ինչ կարող էր, նա տվեց իր որդուն, զավակին։ Հայաստանում այսօր իշխանություն չկա, կա մեկ մոլագար պոպուլիստ, որն այսօր Հայաստանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության վտանգն է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև ընդգծեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա բոլորն ականատես կլինեն ՀՀ պետականության վերջին էջի շրջմանը։
Չնայած պատգամավորն այնքան էլ չի հավատում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, քանի որ որևէ շանս չունի վերընտրվելու, եթե 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական որևէ ուժ նրա հետ կոալիցիա չկազմի։
«Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը, որոնք շանս ունեն անցնելու խորհրդարան՝ Քոչարյանի դաշինքն այդ մասին հայտարարել է, «Պատիվ ունեմ» դաշինքը , ԼՀԿ-ն հայտարարել է, որ կոալիցիա չեն կազմի, բոլորը պիտի հայտարարեն, որ որևէ պարագայում, որևէ իրավիճակում Արցախը հանձնած հողատուի հետ չեն գնա կոալիցիա կազմելու։ Ես զարհուրում եմ այն ապագայից, որը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հետ»,- շեշտեց պատգաամվորը։