Մայր աթոռը՝ հայ զինծառայողների գերեվարման մասին

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում Գեղարքունիքում ադրբեջանցիներ զինծառայողների կողմից հայ զինծառայողների գերեվարման առնչությամբ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում»։

Տեսանյութեր

Լրահոս