«Մենք երկի՞ր ենք, ՄԱԿ-ի անդամ պետությո՞ւն ենք, թե՞ ձեռքից ձեռք ենք անցնում»․ Լարիսա Ալավերդյան
«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»,- Պաշտպանության նախարարության հերթական հայտարարությունն է սահմանային իրավիճակի մասին։
Տասնհինգ օրերի ընթացքում, երբ ադրբեջանական Զինված ուժերը ազատ շրջում էին Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք տարածքներում, նախարարությունն ու պաշտոնական այլ մարմիններ հերթապահ հայտարարություններով վստահեցնում էին՝ իրավիճակը վերահսկողության տակ է, բանակցություններ են ընթանում, կան խնդիրը լուծելու մի քանի սցենարներ։ Պարզվեց՝ անարդյունք։
«Քանի որ Հայաստանի իշխանության քայլերը, քաղաքականությունն արդեն ամբողջովին ենթարկված է ադրբեջանական վերնախավին, ոչ թե մենք էինք գերի վերցնելու մեր տարածքները ներխուժած անձանց, այլ իրենք են վերցնելու գերի․ դա տրամաբանական շղթա է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրավիճակին՝ նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյանը ասաց, երբ նման կարծիք է արտահայտում, լսում է պարզաբանում, թե այս կամ այն երկիրը թույլ չի տալիս, սակայն նրա համար անհասկանալի են նման մեկնաբանությունները․
«Մենք երկի՞ր ենք, ՄԱԿ-ի անդամ պետությո՞ւն ենք, թե՞ ձեռքից ձեռք ենք անցնում․ այսինքն՝ հստակեցնենք, որ իշխանությունն իր ամբողջ էությամբ, իր ամբողջ քայլերով ոչ միայն մնալու է պատմության մեջ որպես այդ եռակողմ հայտարարությունն անօրինական ստորագրած իշխանություն, այլև մի իշխանություն, որն ունակ է միայն ենթարկվելով մնալ իշխանության։ Նա չի անհանգստանում ազգային շահը տապալելուց․ նա ունի կախվածություն այլ պետություններից՝ բոլորը չգիտեմ, բայց մեկ-երկուսը նշմարվում են՝ առնվազն դա Թուրքիան և Ադրբեջանն են։ Եվ եթե իրենք չեն կարողանում լեզու գտնել Ռուսաստանի հետ, որը ռազմավարական դաշնակից է, ինչպես անընդհատ հայտարարոււմ են, ուրեմն դա արվում է զուտ թուրք-ադրբեջանական քաղաքականության քմահաճույքներով և իրենց ռազմավարական նպատականերին հասնելու համար»։
Իրավապաշտպանն ակնկալում է բոլոր ակտիվ քաղաքական ուժերի միասնական պայքարը այս անվտանգային խնդիրները լուելու հարցում․ «Նրանք պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ գնան և այլ պետությունների դեսպանատներ, պետք է նամակներ հղեն ՄԱԿ, պետք է ամեն ինչ անեն, որ երևա՝ իշխանությունը պետությունն ամբողջովին մատնել է քայքայման, բայց կան տերեր այդ պետության մեջ»։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիներն Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։