
Մալին փակում է օդային ու ցամաքային սահմանները

Մալին, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել, փակում է իր ցամաքային ու օդային տարածքներն ու հայտարարում պարետային ժամ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Մալիի փոխնախագահի խորհրդական Բաբա Սիսեն հայտարարել էր, որ նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել դատավորի ներկայությամբ: Սիսեն տեղեկացրել է, որ երկրում է միջազգային միջնորդական առաքելությունը, ընթանում են բանակցություններ Նդաոյի և Ուանի ազատ արձակման, ինչպես նաև նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
Մալիի փոխնախագահ, գնդապետ Հասիմի Գոիտան հայտարարել է, որ նախագահն ու վարչապետը ազատվել են պաշտոններից անցումային շրջանի խարտիան խախտելու համար:
Մալիի նախագահն ու վարչապետը զինվորականների խմբի կողմից ձերբակալվել էին մայիսի 24-ին:
Երկրում ռազմական հեղաշրջում էր եղել 2020 թվականի օգոստոսին: