Բաժիններ՝

Պայմաններ չկան երիտասարդների համար. միայն գումարը չէ, նաև միջավայրն է. Գիտաշխատող

«Վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ցույց տվեց, որ գիտությունը սկսել է սկզբունքային դեր խաղալ պետության անվտանգության ապահովման հարցում»,- «Մեդիա կենտրոնում» «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ հայկական կողմը, ըստ էության, պարտվեց տեխնոլոգիական պատերազմում, իսկ սա փաստեց, որ պետության անվտանգությունն էապես պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաներով:

«Եվ այն երկիրը, որտեղ կա հզոր, զարգացած գիտություն, համապատասխանաբար ի վիճակի է ապահովել բարձր որակի կրթություն, իսկ այդ հանգամանքն իր հերթին թույլ է տալիս պատրաստել բարձր որակի կադրեր՝ ինչպես գիտական, այնպես էլ՝ ինժեներատեխնիկական, որոնք փաստորեն կարողանում են համալրել այն մասնագետների բանակը, որոնք ի վիճակի են տեխնոլոգիապես ապահովել պետության անվտանգությունը՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով: Փաստորեն, կարելի է ասել, որ տեխնոլոգիաները դարձել են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոն: Այն երկիրը, որը լավ տիրապետում է լավ տեխնոլոգիաների, ի վիճակի է ստեղծել լավ զենք, համապատասխանաբար ապահովել նաև իր սեփական երկրի անվտանգությունը: Հետևաբար՝ կարելի է  ասել, որ գիտությունն արդեն պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Կարծում եմ՝ պետք է վերանայենք այն վերաբերմունքը, որը հասարակությունը, պետությունն ունեցել է գիտական հանրության նկատմամբ, և հասկանանք, որ Հայաստանը գիտության ոլորտում  առանց լուրջ ներդրումների, առանց լուրջ ուշադրության այդ ոլորտի նկատմամբ՝ հետագայում շատ լուրջ խնդիրներ կունենա, նախևառաջ՝ անվտանգային»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրենը հիշեցրեց՝ ԽՍՀՄ տարիներին հզոր գիտական դպրոց ենք ունեցել, հայ մասնագետների առջև դրվել են չափազանց մեծ մասշտաբի խնդիրներ, նրանք մասնակցել են խոշոր ծրագրերի:

«ԽՍՀՄ փլուզումից հետո հետևողական պետական մոտեցում չի եղել, որ հնարավոր լինի համակարգված կերպով այդ ամենը պահպանել և հետագայում ընդարձակել: Պատճառներից է թերֆինանսավորումը, ինչպես նաև միջավայրի փոփոխությունը: Եթե Խորհրդային Միության օրոք գիտնականի, դասախոսի կերպարը հասարակության մեջ հարգված էր և շատ լուրջ էր ընդունվում, դրանից հետո մասնագիտությունը դարձավ ոչ պոպուլյար: Գումար չէին կարողանում վաստակել, ու այնպիսի կարծիք էր, որ պետության վրա գիտությունը բեռ էր ու պահպանվում էր նրա համար, որ՝ տեսեք, սա էլ ունենք, քանի որ քաղաքակիրթ ազգ ենք, իսկ իրականում չէին գիտակցում, թե դա ինչի համար է պետք: ԽՍՀՄ փլուզումից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ կիրթ մարդը սկսեց վատ ապրել: Միջավայրը փոխվեց, և երեխաները, ովքեր որ դպրոցում սովորում էին, մոտիվացիա չունեին  գիտելիք ստանալու, որովհետև գիտելիք ունեցող մարդը միշտ համարվում էր, այսպես ասած, կյանքից հեռու մարդ: Այս տեսանկյունից առաջին քայլը, որը արվեց, ու այն ես հանցագործություն եմ համարում, «Մեր բակը» ֆիլմն էր, որը հասարակության մեջ ներմուծեց այդ «ինժեներ բալայի» պատկերը, որը տարիներ շարունակ հետապնդում էր կիրթ մարդկանց: Այդ «ինժեներ բալաները» ջախջախեցին մեր բանակը»,- նկատեց Հայկ Սարգսյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ առաջին հերթին պետք է ստեղծել այն միջավայրը, որտեղ կարող են առաջանալ այդ ծառայությունները, և այստեղ պետությունն ունի առանցքային դեր:

«Այն երկարաժամկետ նպատակները, ներդրումները, որ կարող է դնել պետությունը, մասնավորը չի կարող ուղղակի ի սկզբանե անել: Երբ ստեղծվեն այդ ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը, գիտական խմբերից դուրս կգան ինչ-որ նորարարություններ, ինչպես նաև թե՛ մասնավորը, թե՛ պետությունը կարող են պատվեր տալ: Մեզ մոտ հիմնականում հիմնարար հետազոտություններ են տեղի ունենում, որովհետև պետությունն է այդպիսի պայմաններ ստեղծել:

Հայաստանում միայն էժան, ֆունդամետալ հետազոտություններով է հնարավոր զբաղվել, հնարավոր չէ զբաղվել կիրառական հետազոտություններով, փորձարարական մշակումներով: Դրանք թարմացված սարքային բազա են պահանջում, դրամաշնորհային ծրագրեր: Պայմաններ չկան երիտասարդների համար. միայն գումարը չէ, նաև միջավայրն է: Այն, թե ինչ սարքավորման վրա կարող ես աշխատել, միջազգային նախագծերի մասնակցել և այլն: Այսօր այնպիսի պայմաններ են, որ եթե ինչ-որ մեկն ուզենա զբաղվել կիրառական հետազոտություններով՝ չի կարող, քանի որ չկա այդ փորձարարական բազան, չկա երիտասարդ ներգրավելու հնարավորություն: Գիտաշխատողների թիվը  30.000-ից դարձել է 4000: Հիմնականում տուժել է կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումների կտորը: Մարդիկ դուրս են եկել պայմանների պատճառով»,- մանրամասնեց Տիգրան Շահվերդյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանն էլ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերջիվերջո կարողացան հանել այն ուղղությունների ցանկը, որոնք պետության համար գերակա են:

«Մինչև հիմա չգիտեմ՝ արդյո՞ք մեր պետական կառույցներից որևէ մեկը կարողացավ հանել մեր երկրի գիտական առաջնահերթությունները: Առանձին խմբեր գիտեն, թե ինչ են ուզում, ինչը կարող է լավ լինել, բայց պետությունը ոնց որ ընդհանրապես չի հասկանում դրանից, հեռու է մնում, չի բյուրեղացնում գիտության ոլորտի առաջնահերթությունները»,- ասաց Խաչիկ Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս