Եթե Հայաստանում բոլորը լինեն շատ լուրջ, խոշոր գիտնականներ, գիտությունը միանգամից կփլուզվի, որովհետև չի կարող խոշոր գիտնականը միայնակ աշխատել. Արեգ Միքայելյան
«Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է հիմնադրման 75-ամյակը: Այն հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը: Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։
«Իհարկե, 1946թ. նոյեմբերին ԳԱԱ հրամանով է ստեղծվել Բյուրականի աստղադիտարանը, սակայն մենք ամբողջ տարին դիտարկում ենք՝ որպես հոբելյանական, այնպես որ, ամիսն այդքան էլ կարևոր չէ: Իրականում, 1947թ. գարնանից նոր սկսվել են շինարարական աշխատանքները, որոշ դիտակներ տեղադրվել ու սկսվել են ուսումնասիրությունները: Մինչև 1950 թվականն ամբողջությամբ կառուցվել է աստղադիտարանի առաջին շենքը, իսկ 1956 թվականին, երբ պատրաստ է եղել ամբողջ համալիրը, կազմակերպվել է միջազգային գիտաժողով ու հայտարարվել աստղադիտարանի պաշտոնական բացումը: Շատերը հարցնում են, թե ինչու է Վիկտոր Համբարձումյանն աստղադիտարանի համար ընտրել Բյուրականը: Գիտենք, որ ինչքան բարձր լեռնային պայմաններ, այնքան նոսր է մթնոլորտը: Աստղադիտական դիտումներն առավել լավ են կազմակերպվում նման միջավայրերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նրա փոխանցմամբ՝ 75-ամյակը պաշտոնապես նշվի հավանաբար սեպտեմբերին, քանի որ հենց այդ ամսին անցկացնելու են «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, հնարավոր է՝ գիտաժողովն անցկացվի առցանց հարթակում:
«Բոլորս հասկանում ենք, որ այնպիսի տարի չէ, և այն պայմաններում չէ Հայաստանը, որ տոնակատարություն անենք, դրա համար ավելի շատ հարգանքի տուրք մատուցելով մեր փառապանծ անցյալին՝ ուզում ենք աստղադիտարանի պատմությանը և գիտական նվաճումներին նվիրված գիրք հրատարակել: Աշխատանքների կեսը կատարված է: Գիրքը բաղկացած է լինելու երկու մասից, ներկայացվելու են գիտական արդյունքները, ամբողջ պատմությունը: Փորձում ենք թանգարանային նյութեր հավաքել, կլինի նաև տարածաշրջանային ամառային դպրոցը, ցուցահանդես և այլն»,- մանրամասնեց Արեգ Միքայելյանը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ընդգծեց՝ պատերազմից հետո աստղադիտարանի հիմնադրումը հերոսություն է եղել:
Ֆինանսական հնարավորություններն անսահմանափակ չեն եղել, միևնույն ժամանակ՝ հնարավոր չի եղել աստղադիտարանը կառուցել ցանկացած վայրում, քանի որ ենթակառուցվածքների անհրաժեշտություն է եղել: Ճանապարհ պետք է լիներ, էլեկտրականություն, գազ, ջուր և այլն: Ընտրվել է Բյուրական գյուղն իր ենթակառուցվածքներով: Սկզբնական շրջանում աստղագետները գյուղի բնակիչների տներում են ապրել: Գյուղացիները նրանց օգնել, աջակցել են:
Անդրադառնալով 2021թ. մայիսի 13-ին կառավարության նիստում կայացված որոշմանը, համաձայն որի՝ գիտաշխատողների աշխատավարձը բարձրանալու է, 90․000-ի փոխարեն՝ 276․000, 141․000-ի փոխարեն՝ 477․000 դրամ, Արեգ Միքայելյանն ասաց, որ, եթե այդպես լինի ու այս աստիճանի կտրուկ ավելացում լինի, ապա շատ լուրջ խնդիրներ կլուծվեն:
«Գոնե գիտնականների սոցիալական վիճակը կբարելավվի, եթե սկսեն արժանավայել աշխատավարձ ստանալ: Չնայած այսպիսի բան երբեք չի եղել, որ նման մեծ թվեր հայտարարեն: Անկեղծ, այնքան էլ չեմ հավատում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ առավել արդյունավետ կզարգանա գիտությունը, եթե գիտնականների թիվը կրճատվի, Արեգ Միքայելյանը նկատեց.
«Կարևոր է, որ Հայաստանը պահպանի իր գիտական պոտենցիալը, որովհետև աշխարհում շատ քիչ երկիր կա, որ այս մակարդակի գիտություն ունի: Իսկ գիտնականների կրճատումներին դեմ եմ, որովհետև արդեն 7 անգամ կրճատվել են: ԽՍՀՄ վերջին տարվա տվյալներով եթե նայում ենք, 27.5 հազար էր, հիմա դարձել է 4000: Բյուրականի աստղադիտարանում 3 անգամ են կրճատվել: Կարծես թե այս ցնցումն ավելի մեղմ ենք տարել, ամենաքիչը մենք ենք կրճատել: Հիմնարկներ կան, որ 10 անգամ են կրճատել, կան հիմնարկներ, որ ընդհանրապես են փակվել: Շատ կատաստրոֆիկ պակասել է գիտնականների թիվը: Եթե ԽՍՀՄ ժամանակ ամեն ինչ հաշվարկված էր, չեմ կարծում, որ այդ աստիճանի անիմաստ ուռճացրել էին:
Բոլոր իշխանությունները, արդարացնելով գիտությունը չֆինանսավորելու իրենց քաղաքականությունը, հաճախ խոսում են օպտիմալացումից: Միշտ ասել եմ՝ բոլոր մարդկային խմբերը՝ գիտնականներ, պատգամավորներ, լրագրողներ, նրանց մեջ միշտ կան լավերը և վատերը, անհնար է, որ բոլորը լավը լինեն: Օրինակ՝ պատգամավորներին եկեք կրճատենք, թողնենք 10-20 հոգու՝ հաշվի առնելով պասիվությունը, ոչ մի բան չանելը: Գիտության մեջ այդ բաշխումը միշտ լինելու է: Կրճատենք էլ, ավելացնենք էլ, մեկ է, չի կարող այնպես լինել, որ բոլորը նույն ակտիվությամբ աշխատեն: Սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ անընդհատ խոսենք կրճատումներից: Եթե թույլերին կրճատենք՝ կրկին մնացածը վերաբաշխվելու են, ու էլի լինելու են ավելի լավերը, խիստ մրցակցություն է լինելու, ոմանք չեն դիմանալու, ակամայից զիջելու են դիրքերը, ու նրանց ֆոնին ասելու ենք՝ սրանք էլ անարդյունավետ գիտնականներ են, ու նորից դնելու են նույն հարցը, և այդպես կարելի է անվերջ կրճատել: Այդպես ոչ մի բանի չենք հասնի, ընդհակառակը, կհասնենք մի աբսուրդ իրավիճակի. եթե Հայաստանում բոլորը լինեն շատ լուրջ, խոշոր գիտնականներ, գիտությունը միանգամից կփլուզվի, որովհետև չի կարող խոշոր գիտնականը միայնակ աշխատել, որովհետև նրանք, որպես կանոն, ունենում են գիտական խմբեր, իրենց շուրջը հավաքում են գիտաշխատողների, ովքեր օգնում են, իրենց հանձնարարություններն են կատարում: Ասենք, ո՞նց կարող է Նոբելյան մրցանակակիրը մեկ այլ մրցանակակրի հանձնարարություններ տա, ասի՝ այս գործն արա, մյուսն արա: Պարզ է, որ չի լինի. ամեն մեկը լիդեր է լինելու գիտության մեջ, ու չեն կարողանալու գործել: Դրա համար օգնականներ էլ են պետք, կրտսեր գիտաշխատողներ և այլն: Կրճատումն ինձ համար ամենասխալ քաղաքականությունն է: Հակառակը, պետք է գիտությամբ զբաղվողների թիվն ավելացնել, որովհետև հայ ժողովուրդը շատ լուրջ ստեղծագործական, մտավոր պոտենցիալ ունի»:
Ինչ վերաբերում է այս տարի ևս «Ֆիզիկա» առարկայի ոչ այնքան պահանջված լինելուն՝ Բյուրականի ստղադիտարանի տնօրենը հայտնեց, որ կարծես թե այս տարի առաջխաղացում կա՝ անցած տարվա համեմատ:
«Երկակի նշանակության ծրագրեր են ներառել, որոնք նաև ռազմական ոլորտում են կարևոր: Ասենք՝ ֆիզիկոսներ, որոնք կարող են ծառայել ռազմական ոլորտին, այդպիսի մասնագետներ են սկսելու պատրաստել, ու կարծես թե դա մի փոքր նպաստել է, որ դիմելիությունն աճի: Գիտությունը ծանր ոլորտ է, սովորաբար գալիս են նվիրյալները: Փող վաստակելու համար գիտություն իմաստ չունի գալ»,- եզրափակեց Արեգ Միքայելյանը: