Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է «ԷԳԱ» ընկերության գովազդային վահանակները
25 տարի հայկական շուկայում գործող «ԷԳԱ» արտաքին գովազդային կազմակերպությունը գործունեություն է իրականացնում՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Տեղադրված է 300-ից ավելի գովազդային վահանակ։ Կազմակերպությունն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնել, քանի որ Երևանի քաղաքապետարանը երեկվանից սկսել է ապամոնտաժել ընկերությանը պատկանող գովազդային վահանակները։
«Սկզբում քաղաքապետարանին մենք վճարում էինք տեղական տուրք՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, բայց 2018 թվականին օրենսդրական մեծ փոփոխության արդյունքում ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված բոլոր գովազդային վահանակների համար օրենսդիրը նախատեսեց վճարել ճանապարհային հարկ, այս պարագայում արդեն ճանապարհային հարկը վճարվում է Պետական եկամուտների կոմիտեին»,– այս մասին ասաց «ԷԳԱ» ընկերության տնօրեն Թամարա Հակոբյանը։
Ընկերության տնօրենի խոսքով՝ չնայած այս փոփոխությանը, 2018 թվականին քաղաքապետարանին տուրք վճարել են և պահանջել են վճարած տուրքերի համար փաստաթուղթ ներկայացնել, սակայն քաղաքապետարանի կողմից չի տրամադրվել հիմնավոր փաստաթուղթ-թույլտվություն, որը կարող էր հիմք հանդիսանալ վճարված տուրքերը ծախսագրելու համար։
2018 թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո, դիմել են Նիկոլ Փաշինյանին, դրան հաջորդել են հանդիպումներ տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, սակայն մինչ օրս հարցին որևէ լուծում չի՛ տրվել․
«Ոլորտը չկարգավորվեց, նորից փոխեցին հին օրենքը՝ տեղական տուրքի 1 քառակուսի մետրի համար գանձում, սակայն այդ տեսակը ՊԵԿ-ը թույլ չի տալիս ծախսագրել»։
Հետաքրքիր է, որ գովազդային վահանակներն ապամոնտաժելու համար ոչ մի վարչական վարույթ չկա, քաղաքապետարանից որևէ հիմնավորում չեն տալիս, միայն ասում են՝ ապօրինի է․
«Ասում եմ՝ այս 20 տարի է՝ ապօրինի չէ՞ր։ 20 տարի ես տեղական տուրք եմ վճարում, եթե ոլորտում առկա խնդիրներ կան, եթե ես դա վճարում եմ և չեմ կարողանում ծախսագրել, ուրեմն բարի եղեք այդ հարցին կարգավորում տալ․․․»։
Գովազդային ընկերության տնօրենը շեշտեց, որ քաղաքապետարանի այս գործողությունների հետևանքով իրենք լուրջ ֆինանսական խնդիրներ են ունենալու, կրելու են վնասներ: Բացի այդ, խնդիրներ են լինելու նաև պատվիրատուների հետ, քանի որ գովազդն ընդհատվում է։ Հատուկ նշեց նաև առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գովազդների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած անհրաժեշտ տեղեկությունը․
«Մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել ենք արդեն այն գովազդային վահանակները, որոնք պետք է ներկայացվեն ընտրվողների կողմից, և եթե նրանք այդ վահանակներն էլ ապամոնտաժեն , դա էլ է խափանվում»։
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում 12։30-ի սահմաններում հանդիպեցինք մի խմբի, որոնք քաղաքապետարանի հրահանգով ապամոնտաժում էին գովազդային վահանակները, հետաքրքրվեցինք, թե ո՞վ է համակարգում այդ աշխատանքը, որպեսզի զրուցենք, պատասխանեցին՝ համապատասխան վարչության պետը հարակից այգում է։
168.am-ը նույն պահին կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին՝ արտաքին ձևավորման և գովազի վարչության պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդիկ Կարապետյանը հավանաբար աշխատանքային քննարկման է։ Զանգից րոպեներ անց Սարյանի այգու հարակից սրճարաններից մեկում, սակայն, ֆիքսեցինք, որ քաղաքապետարանի թիմն էր նստած։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը արտաքին գովազդ առաջարկող կազմակերպությունների հետ իր իրավահարաբերությունները կազմակերպում է օրենսդրությամբ և համաձայն երկկողմանի պայմանագրի, և որևէ ընկերության հետ այդ իրավահարաբերությունները տեղի են ունենում՝ ըստ այդ նորմերի։ Սակայն կոնկրետ այս դեպքով Կարապետյանը մանրամասների չի տիրապետում․
«Ես տեղյակ եմ, որ կան իրավահարաբերությունների հետ կապված որոշակի խնդիրներ, և այդ խնդիրների շրջանակում են տեղի ունենում այդ գործողությունները։ Ավելի մանրամասների համար պետք է խնդրեմ գրավոր հարցում ուղարկեք»։