Ադրբեջանը պետք է հեռանա ռազմակալված տարածքներից, որպեսզի փախստականներն ու տեղահանվածները վերադառնան. Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ

Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրեցին:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նամակ փոխանցեցին, որտեղ առաջ են քաշվել մի շարք հարցեր, որոնցից է՝ Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, որովհետև ցեղասպան երկիր է, Ադրբեջանը պետք է հեռանա ռազմակալված տարածքներից, որպեսզի փախստականներն ու տեղահանվածները վերադառնան այդ տարածքներ: Շեշտել են, որ ադրբեջանցիները զինված ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և հետևում են, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողություններ կատարի, ոչ թե ուշադիր հետևի:

«Հայտնել ենք, որ դիմել ենք նաև միջազգային կառույցներին, որոնք պետք է մշակեն պարտադրանքի մեխանիզմներ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: Շեշտել ենք, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը՝ կոնֆլիկտը կանխելու մեջ, պասիվ է: Թուրքիան վաղուց է մխրճվել Ռուսաստան՝ սկսած կառավարական շերտերից՝ մինչև ներքև, մխրճվել է նաև Ղրղըզստան, Ղազախստան, Բելառուս: Շատ տարօրինակ է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացնող ու այն ժխտող, 2020թ.սեպտեմբերի 27-ին ցեղասպանական պատերազմ ծրագրավորած, հրահրող պետությունը՝ Թուրքիան այսօր մոնիտորինգային խմբում է: Սա աբսուրդ է»,- նշեց Մարիամ Ավագյանը:

Նա տեղեկացրեց, որ օրերս հանդիպել են Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի փախստականների, ներքին տեղահանվածների, միգրանտների հարցերով հանձնաժողովի ղեկավարի հետ ու հայտնել են, որ Ադրբեջանի կողմից օկուպացված 7 շրջաններում ապրում էին միայն 14.000 փախստականներ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից:

«Կոչ ենք արել նաև օր առաջ ակտիվացնել Մինսկի խումբը, որը պարտավոր է վերականգնել մինչև 2020թ.սեպտեմբերի 27-ը եղած ստատուս-քվոն ու սկսել խաղաղ բանակցային գործընթացը: Հիշեցրել ենք, որ, եթե այդ քայլերը չանեն, նշանակում է՝ պատրաստվում են աշխարհի չորս կողմերում տարածված բոլոր տիպի կոնֆլիկտները լուծել բացառապես ցեղասպանական, ահաբեկչական ճանապարհով»:

Տեսանյութեր

Լրահոս