ՍԴ դիմող սուբյեկտները ՍԴ–ին քննադատելու, առավել ևս «դասեր տալու», ՍԴ որոշումը հակասահմանադրական անվանելու լիազորություն, մանդատ, բարոյական իրավունք չունեն․ ՍԴ դատավորները՝ Դատախազությանը
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ Սահմանադրական դատարանը կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը։ Ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը պետք է անմիջապես պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ կոշտ քննադատությանը, սակայն, այդպես էլ որևէ տեղեկատվություն չտարածվեց, ուստի, փորձեցինք զրուցել Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ՝ նրանց մոտեցումները պարզելու համար։
– Պարոն Թովմասյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն՝ վերջնարդյունքում 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով կազմաքանդեց գործող Սահմանադրական դատարանը, դադարեցվեց նաև Ձեր՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, լիազորությունները։ Սակայն արի ու տես, որ Սահմանադրական դատարանի գործող կազմի ընդունած որոշումներից էլ դատախազությունը գոհ չէ, ինչպես կմեկնաբանեք։
– Նախ և առաջ, թույլ տվեք անել երեք արձանագրում, դատախազության և որոշ այլ պաշտոնյաները ենթադրաբար ցանկություն ունեն ունենալու հլու հնազանդ դատարաններ, և, ուստի ցանկացած դատական ակտ, որը հաճո չէ իրենց քիմքին ընդունվում է սվիններով կամ նման որոշումներ կայացրած դատավորները ենթարկվում են հետապնդումների, օրինակները բավականին շատ են։
Երկրորդ, եթե նախկինում Բարձր դատարանի նկատմամբ քննադատությունները ներկայացվում էին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղարշի ներքո, ապա այժմ ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ թիրախավորվում է ինքնին դատական ակտը՝ դրա ոչ հաճո լինելու հիմքով: Թեև հասկանալ կարելի է, ի վերջո դժվար է ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողած համարելուց հետո կարճ ժամանակ անց կրկին խոսել համանման բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Եվ երրորդ, հարկ է նկատել, որ դատախազության գործելաոճով վերջին մեկ տարում էական «դրական» փոփոխություններ են արձանագրվել։ Ընդամենը մեկ, մեկուկես տարի առաջ դատախազության և ոչ միայն նրա համար Սահմանադրական դատարանի ոչ հաճո որոշումներին հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահի, նրա ազգականների, սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելը, ոստիկանության դիմակավորված ծառայողներով Սահմանադրական դատարանի նախագահի բարեկամներին բերման ենթարկելը, ապա այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանափակվում է քննադատական հայտարարություն տարածելով։
Ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, ապա թերևս մի պատմություն պատմեմ.
Մակեդոնացին դեպի Աքեմենյան Պարսկաստան արշավանքից առաջ նամակ է գրում Դարեհ III–ին, և առաջարկում հանձնվել, հակառակ պարագայում սպառնում, որ հողին կհավասարեցնի Պարսկաստանը։ Դարեհ III-ը ի պատասխան այս նամակի Մակեդոնացուն է ուղարկում՝ գնդակ, ճիպոտ և մեկ պարկ ոսկի։ Սա խորհրդանշական պատասխանն էր Դարեհի՝ Մակեդոնացու, որ դու շատ փոքր ես, գնա և գնդակով խաղա, ճիպոտը նրա համար էր, որ քեզ վատ են դաստիրակել, քեզ չեն սովորեցրել մեծերի հետ խոսել, և երրորդը՝ ոսկի նշանակում էր, որ դու ագահ ես։ Կարծում եմ այդ օրինակը բավականին տեղին է, միայն ոսկու փոխարեն դատախազություն կարելի է ուղարկել սահմանադրական վերահսկողությանը նվիրված որևէ մենագրություն։
Իսկ վերջում, թերևս անեմ ամենակարևոր արձանագրումը, որի մասին առիթ ունեցել եմ խոսել: Աշխարհում բազմաթիվ են այն ավտորիտար, տոտալիտար երկրները, որտեղ իշխանության տարբեր պաշտոնյաներ սվիններով են ընդունում Սահմանադրական կամ առհասարակ որևէ դատարանի այս կամ այն որոշումը, թիրախավորում են դատարանները: Դեպի ժողովրդավարություն անցման փուլում նրանց պաշտոնավարման վախճանը բավականին դաժան է լինում, իսկ այդ անցման տեղի չունենալու և դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների տևականության դեպքում ականատեսը կարելի է լինել տարբեր արհավիրքների, քաոսի, ինչու ոչ՝ պետականության կործանման: Ցավոք սրտի, Հայաստանը ևս բացառություն չեղավ: Առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը ինքնուրույն երևույթ չէ, այն փոխկապակցված է երկրի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ երևույթների հետ: Ու ցավոք սրտի, Արցախյան հարցի շուրջ զարգացող իրադարձությունները միայն հավաստեցին իմ այդ կանխատեսումները, որ Սահմանադրական դատարանը կազմաքանդելուց հետո կորցնելու ենք Արցախը։ Եվ եթե այդ ամենից դեռևս դասեր չեն քաղվել, ապա կրկին ցավով պետք է արձանագրեմ, որ մենք շարժվում ենք ոչ թե մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրների լուծման, այլ՝ դրանց խորացման ճանապարհով:
– Տիկին Պետրոսյան, Դուք մասնակցե՞լ եք ՀՀ գլխավոր դատախազի ս.թ. ապրիլի 1-ի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կայացմանը։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության գնահատականը։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումների հիման Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները բոլոր դեպքերում չեն մնում անարձագանք։
– Բնականաբար, մասնակցել եմ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կայացմանը։ Եվ Սահմանադրական դատարանի կողմից օբյեկտիվ, սահմանված կարգով որոշում կայացնելու համար հանդես եմ եկել ինչպես միջնորդությամբ՝ դնելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տվյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը, այնպես էլ որոշման վերաբերյալ ներկայացրել եմ կոնկրետ առաջարկություններ։
Այո, Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումների հիման վրա կայացրած որոշումներով, դրանց նախորդած և հաջորդած գործընթացներով ևս հայաստանյան սահմանադրական արդարադատությունն ունի ներկայանալի պատմություն, որին անդրադարձ կկատարվի։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության գնահատականին, ապա Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները, անկախ կարգավիճակից, Սահմանադրական դատարանին որոշումները քննադատելու, առավել ևս Սահմանադրական դատարանին «դասեր տալու», Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական անվանելու լիազորություն, մանդատ, բարոյական իրավունք չունեն։ Այն երկրներում, որտեղ այս պարզ ճշմարտությունը չեն հասկացել, այդ պաշտոնատար անձանց համար հետևանքները եղել են ծանր։ Կրկնում եմ, դիմող սուբյեկտներն իրավունք չունեն թե իրենց նախնական, թե հետագա որակումներով կաշկանդել Սահմանադրական դատարանին, հայտարարության մակարդակով հատել իրենց գնահատման տիրույթում չգտնվող սահմանը։
Մեր ժողովրդի և պետականության համար այս ծանր օրերին առավելապես յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է խստորեն ղեկավարվել Սահմանադրությամբ և օրենքներով, գործել իր սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակներում։