Հիմար դավաճաննե՞ր, թե՞ դավաճան հիմարներ․ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Հայաստանում կատարված ու շարունակվող գործընթացների վերաբերյալ կա երկու հիմնական կարծիք՝ տեղի ունեցողը կա՛մ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հիմարության արդյունք է, կա՛մ դավաճանության։ Այս դիլեմայի շուրջ է, ըստ էության, բաժանված քաղաքական դաշտն ընտրություններից առաջ։

Իշխանական բոլոր ընդդիմադիրները՝ կեղծ ընդդիմություն խաղացող ուժերը, որոնց իրական նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրության ապահովումն է՝ փոքր կամ մեծ մասնաբաժինների դիմաց, կոկորդ են պատռում այս իշխանությանը որպես հիմար ներկայացնելու համար՝ օգտագործելով հայոց լեզվում առկա բոլոր մակդիրները՝ ապիկար, տհաս, ոչ կոմպետենտ, անկարող և այլն, և այդպես շարունակ։

Բոլոր այդ մակդիրների օգտագործման նպատակը մեկն է՝ ապացուցել փաշինյանական իշխանության հիմարությունը և դրանով հերքել դավաճանության վարկածը։ Ստեղծված իրավիճակում դա մեծագույն նվեր է Նիկոլ Փաշինյանին, քանի որ, հասկանալիորեն, ավելի լավ է լինել հիմար, քան դավաճան։

Հիմարության թեզը գուցե ազդում է ոչ այնքան ինտելեկտուալ շերտերից բաղկացած իշխանության էլեկտորատի վրա, որը շարունակում է վայելել հիմար իշխանություն ունենալու բերկրանքը, քանի որ դրանում կա նաև իդենտիֆիկացիայի որոշակի բաղադրիչ։

Հասարակության մտածել կարողացող հատվածի համար, սակայն, հիմարության վարկածը համոզիչ չէ, քանի որ բոլորն են հասկանում, որ Արցախի ու Հայաստանի հետ տեղի ունեցած տիեզերական մասշտաբի ողբերգությունները չեն կարող պայմանավորված լինել հիմարությամբ։ Հիմարությամբ պետությունը կարող է շեղվել զարգացման ընթացքից, սակայն հիմարությամբ պետություն չի քանդվում ու հիմարությամբ պետությունը չի հայտնվում թշնամական երկրների շահերը սպասարկողի դերում․ դա կլիներ չափազանց պարզունակ՝ իրականությանը համապատասխանելու համար։

Պետությունները պարտություն են կրում ու քանդվում են այն դեպքերում, երբ դրանցում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր հանուն այդ իշխանության պատրաստ են այն ամենայնին, ինչը կատարվել է Արցախի հետ և կատարվում է հիմա Հայաստանի դեպքում։

Հիմարության ու դավաճանության թեզերի մեջ, սակայն, կա դիալեկտիկական կապ․ հնարավոր են իրավիճակներ, որ հիմարության չափազանց բարձր չափաբաժինը դրա կրողին հնարավորություն չտա հասկանալու, որ իրականում ինքը զբաղվում է դավաճանությամբ։ Հիմարության այդպիսի դոզաներ կրողներ այս իշխանության մեջ շատ կան, բայց վստահաբար դա տեղին չէ Նիկոլ Փաշինյանի պարագայում։

Նա չափազանց խորամանկ է՝ այդչափ հիմար լինելու համար։

Պետությունը, որում իշխանությունը բնութագրվում է կամ հիմարության, կամ դավաճանության կանխավարկածներով, իրականում սահմաններ չի ունենում, քանի որ անսահման են՝ ինչպես հիմարությունը, այնպես էլ՝ դավաճանությունը։ Նաև այդ պատճառով են ադրբեջանցի զինվորներն անարգել հատել Հայաստանի սահմանները։ Նրանց կա՛մ ուսուցանել են հիմարության անսահմանության մասին, կամ փոխանցել են տեղեկություններ դավաճանության վերաբերյալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս