Հինգ ամսում ԿԲ-ն կորցրել է շուրջ 193 մլն դոլար
Դրամի գահավիժումը կանխելու համար Կենտրոնական բանկը պարբերաբար ինտերվենցիաներ է իրականացնում։ Տարադրամը հանում է ռեզերվներից և ներարկում շուկա։
Կարճաժամկետում սա թույլ է տալիս զսպել դրամի թուլացումը։ Սակայն դա խնդրի ժամանակավոր լուծում է։
Ռեզերվները վաճառելով՝ անհնարին է երկարաժամկետ կայունություն ապահովել։ Հատկապես որ, ԿԲ ռեզերվներն անսահման չեն։
Ճիշտ է, այսօր դրանք գտնվում են բավական բարձր մակարդակում, բայց միայն այն պատճառով, որ տարեսկզբին 750 մլն դոլարի նոր պարտք ներգրավեցինք՝ եվրոպարտատոմսերի հերթական թողարկման միջոցով։ Տարադրամային այդ միջոցները համալրեցին Կենտրոնական բանկի պահուստները։ Այլապես՝ հիմա դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեին։
Անցած տարվա վերջին ԿԲ արտաքին պահուստները հասնում էին 2 մլրդ 615 մլն դոլարի։ Այս տարվա հունվարին դրանք նվազեցին՝ կազմելով 2,4 միլիարդ։
Հունվարին Կենտրոնական բանկը բավական մեծ միջոցներ է հանել պահուստներից։
Խոսքը 215 մլն դոլարի մասին է։ Իհարկե, այդ գումարն ամբողջությամբ չի գնացել արժութային շուկայի տարադրամային պահանջարկը հագեցնելուն և ազգային արժույթի թուլացումը զսպելուն։ Բայց այնպես չէ, որ ԿԲ-ն քիչ միջոցներ է ծախսել՝ դրամի արժեզրկումը կանխելու համար։
Միայն հունվարին վաճառվել է 46,8 մլն դոլար։ Փետրվարին գործարքներ չեն եղել։
Տարվա առաջին 2 ամիսներին ԿԲ-ն ոչ մի անգամ տարադրամ չի գնել։ Պարզ է, թե ինչու. շուկան եղել է բարձր ճնշման տակ, մի կողմից՝ առաջարկի կրճատման, մյուս կողմից՝ պահանջարկի ավելացման հետևանքով։
Դա բերեց նրան, որ մարտի վերջերից-ապրիլի սկզբից դրամը վերսկսեց թուլանալ։ Մի պահի դոլարի գինը փոխանակման կետերում հասավ ընդհուպ մինչև 544-545 դրամի։
Կենտրոնական բանկը ստիպված էր հայտարարել, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործառնություններ կիրականացնի արժութային շուկայում։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո ԿԲ-ն սկսեց տարադրամային միջոցներ ներարկել շուկա։
Արդյունքում՝ դրամը վերսկսեց արժևորվել։ Դոլարի փոխարժեքն իջավ ընդհուպ մինչև 515-516 դրամի։
Այն բանից հետո, երբ ԿԲ-ն դադարեցրեց ներարկումները՝ դոլարի գինը կրկին բարձրացավ և այժմ տատանվում է 520-524 դրամի միջակայքում։
Ինչքա՞ն այն կմնա այդ դիրքում, կախված է բազմաթիվ գործոններից և հատկապես Կենտրոնական բանկի վարաքգծից։ Որքան էլ ԿԲ-ն հայտարարի, թե վարում է լողացող կուրսի քաղաքականություն, այնուհանդերձ հաճախ է ստիպված լինում միջամտություններով կանխել հնարավոր դրսևորումները։ Արդեն տևական ժամանակ այդ միջամտություններն ուղղված են բացառապես դրամի թուլացումը զսպելուն։
Անցած տարվա մայիսից Կենտրոնական բանկը ոչ մի անգամ տարադրամ չի գնել շուկայից։
Փոխարենը՝ հետպատերազմյան շրջանում սկսված դրամի գահավիժումը մեղմելու համար ստիպված է եղել վաճառել շուրջ 193 մլն դոլար։
Միայն այս տարվա առաջին եռամսյակում ԿԲ-ն կորցրել է 81,6 մլն դոլարի տարադրամ. 46,8 միլիոնն իրացվել է հունվարին, 34,8 միլիոնը՝ մարտին։
Ռեզերվներն այդքանով պակասել են, չնայած, ի հաշիվ եվրոպարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված տարադրամային ռեսուրսների, դրանք դեռևս գտնվում են բավական բարձր դիրքում։ Հունվարի կրճատումից հետո, երբ ներգրավվեցին այդ միջոցները, ԿԲ պահուստները փետրվարին հասան 3 մլրդ 184 մլն դոլարի։ Հաջորդ ամսին կրկին նվազեցին. մարտին արտաքին ռեզերվները կրճատվեցին 181 մլն դոլարով։
Ապրիլի տվյալներով՝ դրանք կազմում են 2 մլրդ 990 մլն դոլար, ինչը բավական լավ դիրք է։ Բայց դա դեռ չի նշանակում, թե տարադրամի հետ կապված խնդիրներ չկան։
Տնտեսության մեջ տարադրամային հոսքերը կրճատվել են, ինչը մեծացրել է ԿԲ պահուստների պահանջարկը ոչ միայն արժութային շուկայում, այլև մյուս հատվածներում։
Այնպես որ, դրանք դեռ կշարունակեն մնալ ուժեղ ճնշման տակ այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունն ակտիվություն ցույց չի տալիս։
Չեն հանգուցալուծվել նաև արտաքին ու ներքին միջավայրում պահպանվող անորոշություններն ապագայի նկատմամբ։ Վերջին գործոնն ազդում է հատկապես տարադրամի լրացուցիչ պահանջարկի ձևավորման վրա։ Մի կողմից՝ մեծացել է ազգային արժույթը տարադրամի փոխարկելու պահանջարկը, մյուս կողմից՝ նկատվում է խնայողությունների արտահոսք։
Արտահոսքը վերաբերում է, առաջին հերթին՝ տարադրամային միջոցներին, որոնք դուրս են բերվում բանկային համակարգից։ Վերջին շրջանում նկատվեց նույնիսկ բանկային խնայողությունների կրճատում՝ նախորդ տարվա համեմատ։ Դա արտառոց երևույթ էր, որը վաղուց չէր դիտարկվել բանկային համակարգում։
Այդ երևույթը կարող է պարբերաբար կրկնվել ու խորանալ, եթե չվերանան պատճառները։
Այն, ինչ անում է Կենտրոնական բանկը, որպեսզի կայունացնի շուկան, բավարար չէ դրա համար։ Պետք է բարձրացնել տարադրամային միջոցներ գեներացնելու տնտեսության պոտենցիալը։ Շուկայում արտարժույթ ներարկելով՝ անհնար է ոչ միայն տնտեսությունը վերականգնել, այլև երկարատև ֆինանսական կայունություն ապահովել։ Այսպես շարունակվելու դեպքում, մի օր, ի վերջո, սպառվելու են ռեզերվների հաշվին դրամի թուլացումը կասցնելու հնարավորությունները։
Նման փաստի առաջ չկանգնելու համար անելիքները կառավարության դաշտում են։ Ազգային արժույթի վարքագիծն ուղիղ կապ ունի երկրի մակրոտնտեսական իրավիճակի հետ։
Երբեմն-երբեմն տարադրամ ներարկելով՝ գուցե թե հաջողվի ժամանակավորապես կանգնեցնել դրամի թուլացումը, նույնիսկ արժևորել, բայց դրանով մակրոտնտեսական խնդիրները չեն լուծվում։ Մակրոտնտեսական խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի հաջողվի հասնել արժութային շուկայի երկարատև կայունության։ Դրա հիմքերը հիմա շատ թույլ են՝ պայմանավորված՝ ինչպես երկրի անվտանգության հետ կապված սպառնալիքներով, այնպես էլ՝ հասարակության ու տնտեսության մեջ առկա բացասական սպասումներով, տնտեսության ու ֆինանսական համակարգի նկատմամբ եղած անվստահությամբ, կապիտալին սպառնացող վտանգներով ու անհարմարություններով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ