Բաժիններ՝

Թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտվել․ երկու անձ կալանվորվել է

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներից մեկը տարբեր անձանց թմրամիջոց է իրացնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Ակնաշեն և Փարաքար գյուղերից, մեքենաներով հանդերձ, բաժին բերման ենթարկվեց երկու տղամարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ և մեքենաների զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 25 գրամից ավելի քաշով։

Արմավիրի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ նրանց մարիխուանայի նմանվող զանգվածները 20 և 30 հազար դրամով իրացրել էր իրենց տեսադաշտում հայտնված Արգավանդ գյուղի բնակիչը։ Նա հայտնաբերվեց և, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արգավանդ գյուղի բնակչին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին. Արմավիրի քրեական հետախույզները տեղեկություն ունեին, որ արգավանդցին էլ իր հերթին 4-ից 5 հազար դրամով թմրամիջոց էր գնել 76-ամյա համագյուղացուց, որի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր և մարիխուանայի նմանվող զանգված։

Թոշակառուին ևս մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորված է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված այլ խուզարկություններով հայտնաբերվել են կանեփի սերմեր և ինքնաձիգի փամփուշտներ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս