Արցախի շուրջ երկու բևեռի պայքարը նոր փուլ է մտել

Վերջին շաբաթների ընթացքում Դոնբասի շուրջ ռուս-թուրքական ընդհատակյա լարման ֆոնին օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան, որի շրջանակում քննարկեցին արցախյան հակամարտության կարգավորումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ կենտրոնի աշխատանքը։ Այդ մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ կենտրոնի աշխատանքը՝ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- նշվում էր տարածված հաղորդագրության մեջ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին նաև Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը, կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև Թուրքիայում «Спутник V» ռուսական պատվաստանյութի հնարավոր արտադրության հարցը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, ոչ բոլոր պայմանավորվածություններն են արագ իրագործվում, սակայն իրագործվում են, կողմերը հաստատում են իրենց պարտավորությունները: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշում է, որ Թուրքիան գոհ է Ռուսաստանի հետ համագործակցությունից Լիբիայի հարցում և հրադադարի արդյունավետ պահպանումից: Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած խնդիրներին, գտնում են փակուղուց ելքերը և շարունակում համագործակցել: Հեռախոսազրույցից ժամեր անց Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Երևանում անդրադարձավ նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհին, միջանցքին, նշելով, որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվելու կամավոր սկզբունքով: Նա մեկ այլ կարևոր հայտարարությամբ ևս հանդես եկավ, կոչ անելով չքաղաքականացնել կարգավորման գործընթացը Ղարաբաղի շուրջ, չնայած Փարիզն ու Վաշինգտոնը խոսում են Ղարաբաղի կարգավիճակը բանակցային սեղանի շուրջ կարգավորելու անհրաժեշտության մասին: Իսկ մայիսի 10-ին և 11-ին Լավրովը Բաքվում է լինելու:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ իրադարձությունները, որոշումները կազդվեն կամ ռուս-թուրքական բևեռից, կամ արևմտյան, այսինքն՝ Միացյալ Նահանգների: Նրա որակմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան, միմյանց հետ ունենալով խնդիրներ բոլոր գոտիներում, ունեն ընդհանուր շահեր՝ «պաշտպանվել» Արևմուտքից կամ պայքարել Արևմուտքի դեմ, շահեր՝ տուրիզմ, էներգետիկ և տնտեսական համագործակցություն:

«Եվ ընդհանուր առմամբ, ճիշտ են ձևակերպումները, թե յուրաքանչյուր փակուղուց կարողանում են դուրս գալ, քանի որ հասկանում են, որ ընդդեմ Արևմուտքի՝ առանձին-առանձին Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանալու: Ներկայիս հարցն այն է, որ Ղարաբաղյան գոտում հաստատվել է հրադադար, կողմերից որոշները գոհ են, որոշները՝ ոչ, ինչը նշանակում է, որ իրավիճակն ինչ-որ կերպ կզարգանա, թե ինչպես, դժվար է ասել, քանի որ պարանը քաշում են երկու կողմից և աշխատում են լիովին տարբեր հարցերի ուղղությամբ, և այստեղ ներկայումս Հայաստանը կարծես չի կարողանում որևէ պրոցեսի վրա ազդել, հարցերը լուծվում են անկախ իր կամքից, հատկապես, երբ ներքաղաքական կյանքն էլ լարված է ու ընտրական պրոցեսների փուլ է թևակոխում:

Շատ բան է կախված այն հանգամանքից, թե կվերականգնվի՞ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թե՞ ոչ, քանի որ դա կնշանակի, որ արևմտյան ջանքերն արդյունք տվեցին, և այդ հարթակը, որի արդյունավետությունը մշտապես եմ կասկածի տակ դրել, կսկսի գործել: Բնականաբար, կփոխվի այն հարցերի խումբը, որը կսկսի քննարկվել, կարծում եմ: Երկրորդ պլան գուցե մղվեն այն պայմանավորվածությունները, որոնք կնքվել են պատերազմից հետո: Ռուսաստանն իր հերթին՝ այս ամենում հայտնվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Արևմուտքի միջև, որովհետև երկու կողմում էլ հարաբերությունները փայլուն ու լիովին վստահելի չեն, այդ պատճառով քաղաքականությունը շարունակում է՝ մանևրելով: Դրա վառ ցուցիչն է, որ պայմանավորվում է Ֆրանսիայի հետ, որոշ հարցերում մերժում Թուրքիային, աշխատում Միացյալ Նահանգների հետ: Սակայն խնդիրն այնպես է դրվում, որ վաղ թե ուշ այս հարցը հստակեցվելու է՝ կամ սկսվելու են բանակցությունները, կամ պահպանվելու է ստատուս-քվոն, և նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները շարունակելու են իրագործվել, իսկ եթե խաղը փոխվի, ապա մյուս տեղում պրոցեսներն էապես կդանդաղեն»,- ասաց վերլուծաբանը:

Իսկ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն այն կարծիքին է, որ Արցախի շուրջ միշտ այդ ընդհատակյա պայքարը եղել է, սակայն Բայդենի աշխատակազմի որոշումները, նրա խոսքով, նոր որակ են հաղորդել արևմտյան ջանքերին: «Սա նորություն չէ, պարզապես Թրամփի վարչակազմն էր պասիվ որոշ ուղղություններով իր արտաքին քաղաքականության մեջ, իսկ այս վարչակազմը ներգրավված ու համակարգված տարածաշրջանային քաղաքականություն է սկսել: Փաստորեն նույնիսկ երկար ժամանակ չպահանջվեց այս վարչակազմին՝ հարմարվելու այդ տարածաշրջանի իրողություններին, քանի որ պաշտոնյաները ծանոթ են Ռուսաստանի և հարևանության քաղաքականությանը, Թուրքիային, հակամարտություններին, և արդեն իսկ իրենց համար պարզ է դիրքավորվելու համար անհրաժեշտ քայլերի շրջանակը: Դա արվում է: Կարծում եմ՝ Մինսկի խմբի աշխատանքը երկար սպասեցնել չի տա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս