Գնաճի տեմպը 2,5 անգամ բարձր է աշխատավարձի աճից
Նունիսկ մեթոդաբանության փոփոխությունը չփրկեց
Ընտրությունների օրը դեռ չնշանակած՝ իշխանությունը լծվել է նախընտրական քարոզչության գործին։ Չնայած երկրին պատուհասած աղետին՝ փորձում են ամեն ինչ այնպիսի վառ գույներով ներկայացնել, կարծես մարդիկ կույր են ու չեն տեսնում, թե ինչ է կատարվում։ Աճերից ու զարգացումներից են խոսում, երբ երկրում գնալով խորանում է աղքատությունը։
Նույնիսկ սկսել են մարդկանց եկամուտները խմբագրել։ Խմբագրել են ու բարձրացրել միջին աշխատավարձը։
Մինչև վերջերս Վիճակագրական կոմիտեն միջին աշխատավարձը հաշվելու իր մեթոդաբանությունն ուներ։ Բայց քանի որ այդ մեթոդաբանությամբ աճ գրեթե չկար, որոշել են, որ այսուհետ պետք է օգտվեն Պետեկամուտների կոմիտեի մեթոդաբանությունից։ Ու ստացվել է այնպես, որ ցուցանիշները կտրուկ փոխվել են։
Եթե փետրվարին միջին աշխատավարձի հազիվ 0,8 տոկոս աճ ունեինք, ապա վերախմբագրումից հետո այն դարձել է 2,5 տոկոս։ Առնվազն 3 անգամ ավելացրել են աճի տեմպը։
Մարտին ավելի առաջ են գնացել ու միջին աշխատավարձի 3 տոկոսանոց աճ են ներկայացրել։
Բայց վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ նման վերանայումներով չի հաջողվել ստանալ այն, ինչին ձգտում են։ Իսկ ձգտում են ստանալ այն, որ գոնե միջին աշխատավարձի տեմպը հասնի գնաճին, որպեսզի ընտրություններից առաջ ասեն, ճիշտ է՝ գնաճ կա, բայց այն ազդեցություն չի ունեցել մարդկանց սոցիալական վիճակի վրա, որովհետև ավելացել են նաև աշխատավարձերը։
Ավելացե՞լ են աշխատավարձերը, թե՞ ոչ, մարդիկ լավ գիտեն։ Ցուցանիշներ նկարելով չէ, որ նրանք պետք է իմանան՝ փոխվե՞լ են իրենց եկամուտները, թե՞ չէ։
Նույնիսկ վերախմբագրումներից հետո միջին աշխատավարձի աճն էապես հետ է մնում գնաճից։
Առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 2,1 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 5,2 տոկոս։
Գնաճի տեմպը գրեթե 2,5 անգամ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձինը։ Չհաշված, թե ինչ է կատարվում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում. գնաճը հատել է բոլոր սահմանները ու շարունակում է ավելանալ։ Դա, իհարկե, չի երևում գնաճի միջին ցուցանիշի մեջ, բայց մարդիկ այն ամեն օր զգում են սարսափելի թանկացումների տեսքով։
Միջին աշխատավարձի ու գնաճի շեղումն աղքատության խորացման առաջին ազդակն է։ Դա նշանակում է, որ աղքատացել են ոչ միայն չաշխատող քաղաքացիները, որոնց քանակը մեր երկրում բավական շատ է, այլև աշխատողները։ Նրանց եկամուտներն ավելի դանդաղ են ավելացել, եթե նույնիսկ ավելացել են, քան գներն են բարձրացել։ Ու դա հանգեցրել է անգամ աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակի վատացման։
Սակայն միայն սա չէ, որ բնութագրում է սոցիալական իրավիճակը մեր երկրում։
Իշխանությունները վաղուց արդեն մոռացել են սոցիալական խոցելի խմբերին՝ կենսաթոշակառուներին, անապահովներին, գործազուրկներին։ Մասսայական թանկացումների հետևանքով, եթե աշխատող քաղաքացիներն են աղքատանում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում այս խմբերում ընդգրկված մարդկանց հետ։
Սա այն է, ինչ «ժողովրդի իշխանությունը» տվել է ժողովրդին։ Իրենք վայելում են իշխանության պտուղները, իսկ ժողովուրդը կրում է արածի ու չարածի հետևանքները։ Այսքանից հետո ցինիկաբար հայտարարում են, որ իշխանությունը չի կարող փոխվել, քանի որ այն պատկանում է ժողովրդին։
Մի՞թե ժողովուրդն այսպիսի իշխանության համար էր ժամանակին պայքարում։ Մի՞թե պայքարում էր, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, իսկ իր շրջապատի մարդիկ բարձր պաշտոններ ստանան, ու վայելի իշխանության բարիքները՝ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի վրա։
Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ընտրվում էր վարչապետ, բոլորին հավաստացնում էր, թե կախարդական փայտիկ ունի և շատ արագ լուծելու է բոլոր խնդիրները։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա խաբկանք էր։ Ինչպես իշխանության գալուց անմիջապես հետո, այնպես էլ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շարունակում են առաջնորդվել հասարակության հույզերի ու զգացմունքների վրա խաղալով, ստելով ու կեղծելով իրականությունը։ Նույնիսկ պատերազմն ու դրա սարսափելի հետևանքները դաս չեղան նրանց համար։
Առջևում ընտրություններ են, ու իշխանությունը լծվել է ժողովրդին խաբելու իր սրբազան գործին։ Չնայած նախորդ շրջանի դասերը դեռ շատ թարմ են։
Բացի այն, որ երկիրը ներքաշեցին կործանարար պատերազմի մեջ և կանգնեցրին մեծ արհավիրքի առաջ, տեսանելի ոչինչ չի փոխվել ժողովրդի կյանքում։ Հիմա ժողովուրդը նույնիսկ ավելի վատ է ապրում, քան ապրում էր Նիկոլ Փաշինյանից առաջ։
Ի՞նչ է արել այս ընթացքում իշխանությունը մարդկանց հոգսերը թեթևացնելու կամ սոցիալական խնդիրները լուծելու համար. ներառական տնտեսությո՞ւնն են կառուցել, նոր աշխատատե՞ղ են ստեղծել, թե՞ գործազրկությունն են նվազեցրել, արտագա՞ղթն են վերացրել, թե՞ աղքատությունն են կրճատել։ Վիճակագրական աճերից բացի, ի՞նչ են տեսել մարդիկ։
Երբ դեռ իշխանություն չէին՝ «տառապում» էին ժողովրդի հոգսերով, եկան իշխանության՝ ժողովրդի մասին մոռացան։ Թոշակները բարձրացնելու ու սոցիալական ծախսերն ավելացնելու համար գումարներ չկան, պարգևավճարներ վճարելու համար կան։ Այս ընթացքում մեկ անգամ թոշակ են բարձրացրել, այն էլ՝ ընդամենը 3 հազար դրամի չափով։
Սա է այն իշխանությունը, որի հետ ժամանակին մարդիկ մեծ հույս էին կապում։ Կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բոլոր խնդիրները լուծվելու են։ Բայց դրանք ոչ միայն չլուծվեցին, այլև ավելի խորացան ու ծանրացան։
Մարդիկ մասսայաբար հայտնվեցին վարկային բեռի տակ։ Հավատալով իշխանություններին՝ գնացին սպառողական վարկեր վերցրեցին, վարկերի հաշվին 1-2 տարի էլ ապրեցին, այն հույսով, որ վաղը լավ է լինելու։ Այնինչ՝ պարզվեց վաղը ավելի վատ է։ Ու հիմա շատերը կանգնած են խնդիրների առաջ, չեն կարողանում փակել իրենց վարկերը։ Չհաշված, որ համատարած գնաճի պայմաններում պետք է կարողանան գոյություն պահպանել։
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ոչինչ չկարողացավ անել ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար, մի բան էլ խորացրեց։ Եվ ոչ միայն սոցիալական ոլորտում, այլև մյուս բոլոր առումներով. մարդիկ կորցրել են հույսն ապագայի նկատմամբ։ Ու դրա մեղավորը ոչ այլ ոք է, քան Նիկոլ Փաշինյանն ու իշխանության էլիտան, ովքեր իրենց արկածախնդրությամբ երկիրը գլորեցին անդունդը ու շարունակում են գլորել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ