
Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին: Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին:
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը և միջազգային գործընկերների արձագանքները: Որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ: Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:
Պատասխան. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց:
Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն:
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ:
Պատասխան. Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:
Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ: