Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝  Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։

Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։

Հիշեցնենք, որ 168.am-ը մայիսի 4-ին գրել էր, որ Ադրբեջանից 3 գերի է վերադառնում Հայաստան, և, որ չնայած պաշտոնանկությանը՝ Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, որը հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով՝ առանց պետական որևէ աջակցության։

Մեր այս հրապարակումից ժամեր անց «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը հայրենիք վերադարձեց 3 գերու։

Տեսանյութեր

Լրահոս