Երևանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո
Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան եւ իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Նրանք արդեն հուսահատվել էին, սակայն որոշեցին եւս մեկ անգամ փորձել:
Այս տարի ապրիլի 7-ին Ռուզաննան վերջապես ավելի քան 12 տարի սպասելուց հետո երկու տղայի լույս աշխարհ բերեց:«Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ Ռուզաննային ԱՄԲ պրոցեդուրային պատրաստելու համար մոտ երկու տարի է պահանջվել:
«Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, եւ մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք ցանկալի արդյունքի»,-պատմեց մասնագետը:
2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին պատվաստել են երկու սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:
«Աստված ինձ ուղարկեց որդիների, ապագա զինվորների»,-ասել է այդ ժամանակ Ռուզաննան:
Բժիշկներին այդ լուրը եւ՛ ուրախացրել է, եւ՛ մտահոգել:
«Երբ մենք իմացանք, որ ամեն ինչ ստացվել է, բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էինք: Մյուս կողմից, իհարկե, մտահոգվում էինք, քանի որ պացիենտը տարիքով մեծ է, եւ ոչ թե մեկ, այլ երկու երեխա են լույս աշխարհ գալու»,-պատմում է Մարինա Մկրտչյանը:
Ռուզաննայի հղիությունը հեշտ չի անցել, սակայն եւ՛ նա, եւ՛ նրա հետ աշխատող բժշիկներն արել են ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա:
Եվ վերջապես 36-րդ շաբաթում կեսարյան հատմամբ ծնվեցին երկվորյակներ Էմիլն ու Լեւոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 եւ 2400 գրամ, եւ արդեն 12-րդ օրը դուրս են գրվել ծննդատնից:
Ռուզաննան տարիքով մեծ պացիենտներից է, ովքեր հաջողությամբ հղիացել եւ ծննդաբերել են Հայաստանում: Եվ նրա օրինակը կարող է հույս ներշնչել իր տարիքի եւ երեխաների մասին երազող շատ կանանց: