Փաշինյանը համառորեն առաջ է տանում իր կործանարար օրակարգը
Ո՞վ և ինչպե՞ս է տեղավորվել այդ օրակարգում, և այն ո՞ւր կհասցնի մեզ
Հայաստանում թացն ու չորը խառնվել է իրար. մեկը մի բան է ասում իշխանության բեսպրեդելի, Սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները խախտելու մասին, մյուսն արդարացնում է ու հիմնավորում։ Մարդիկ այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտե՞ղ է ճշմարտությունը։
Այս անորոշության մեջ մեկ բան հստակ է. Նիկոլ Փաշինյանը համառորեն առաջ է տանում իր կործանարար օրակարգը։ Ոչ մի նշանակություն չունի, թե ով ինչ է ասում իշխանության բեսպրեդելի, Սահմանադրությունն ու օրենքը ոտնահարելու, մարդկանց ազատություններն ու իրավունքները սահմանափակելու, իրավական ու ոստիկանական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու մասին. գծել է իր գիծը և հետևողականորեն առաջ է գնում։
Ղարաբաղյան պատերազմից ու կրած ծանր պարտությունից, 44 օր շարունակ «հաղթելու ենք» գոռալուց ու վերջում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրելուց հետո, թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում մնալու ոչ մի շանս այլևս չունի։ Բայց նա ոչ միայն կամավոր, այլև պարտադրանքով չհեռացավ։ Ամիսներ շարունակ ընդդիմությունը փողոցներ էր փակում, զանգվածային ցույցեր էր անում, պահանջում էր նրա հեռացումը, իսկ նա շարունակում էր պահել վարչապետի աթոռը։
Չնայած հասարակության մոտ կուտակված ցասմանը՝ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ոստիկանական մահակը, ոչ միայն կարողացավ մնալ վարչապետի աթոռին, այլև թելադրել իր օրակարգը։ Որքան էլ ընդդիմությունը պահանջում էր, որ վարչապետի հրաժարականից հետո պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է 1 տարի հետո նախապատրաստի արտահերթ ընտրություններ, դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ ընդդիմությունը և, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությունը շուտով սկսեց շարժվել վարչապետի թելադրած օրակարգով։
Այսօր էլ շարժվում է այդ օրակարգով։
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հրաժարականից հետո վարչապետն իրավունք չունի ժամանակավոր պաշտոնակատար լինել։ Հիմա, երբ նույնը վերաբերում է իրեն, պարզվում է՝ Սահմանադրությունը դա թույլ է տալիս։ Չի էլ ուզում լսել, թե մասնագետներն ինչ են ասում։ Նա համառորեն կառչած է մնում վարչապետի աթոռից և առանց այդ աթոռի չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների։
Պարզ է, թե ինչու. մեկ այլ բան է՝ ընտրությունների գնալ վարչապետի, թեկուզ՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, մեկ այլ բան է՝ առանց դրա։
Կա վարչական հսկայական ռեսուրս, որն էական դեր ունի՝ ընտրություններում ձայներ ապահովելու հարցում։ Ոչ մեկը չի ուզենա կամովին հրաժարվել այդ ռեսուրսից։ Առավել ևս, որ ընտրություններում հաղթելը կենաց ու մահու անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանի համար։
Հիմա նա համառորեն գնում է իր այդ նպատակի հետևից՝ անտեսելով ամեն ինչ։
Թե դա ո՞ւր է հասցնելու նրան՝ ժամանակ կլինի տեսնելու։ Բայց փաստ է, որ այս պահին ընտրական գործընթացը դեռ գնում է նրա գծած օրակարգով ու սցենարով։
Խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ չի ցանկանում լսել վարչապետի իր թեկնածուին առաջադրելու մասին, ու պատրաստ է ընտրությունների գնալ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարով։ Մինչդեռ, ոչ վաղ անցյալում պահանջում էր նրա հրաժարականն ու այլ օրակարգ չէր պատկերացնում՝ երկիրը կապիտուլյացիայի հասցրած մարդու հետ։ Հիմա նույն ընդդիմությունը լիովին տեղավորվել է նրա օրակարգում ու կարծես բոլորովին էլ վատ չի զգում դրանից։
Այսպիսի ընդդիմության պայմաններում զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է առաջ տանել այն օրակարգը, ինչ իրեն է ձեռնտու։
Պատերազմում կրած ծանր պատությունից, այդքան զոհերից ու կորուստներից հետո, նա կարող է իրեն թույլ տալ խոսել ազգային արժանապատվության հաշվին թուրքերի հետ ապագա կառուցելու մասին։ Այն դեպքում, երբ պատերազմից 6 ամիս անց Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել անգամ գերիներին։
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը համառորեն առաջ է մղում թուրքերի հետ տնտեսական հարաբերություններ ձևավորելու իր օրակարգը, և ոչ մի նշանակություն չունի, որ տնտեսագետները դրա մեջ լուրջ վտանգներ են տեսնում։ Առավել ևս հիմա, որ տնտեսությունը գտնվում է կիսաքանդ վիճակում։
Տնտեսությունն անկման մեջ է, մասնագետները տխուր կանխատեսումներ են անում ապագայի վերաբերյալ, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետական ամբիոններից ու ֆեյսբուքյան էջերից հասարակությանը պարտադրել իր կեղծ լավատեսությունը։ Այնպես, ինչպես ժամանակին պատերազմի մասին էին ասում՝ «հաղթելու ենք», հետո պարզվեց, որ պարտվում ենք, հիմա նույնն ասում են տնտեսության մասին։
Երկնիշ աճերից ու տնտեսության վերականգնումից են խոսում, մինչդեռ՝ մի օր կարող է պարզվել, որ տնտեսությունը մնացել է փլատակների տակ։
Սա նոր բան չէ։ Այդ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը տարել երկիրն իր վարչապետության ողջ ընթացքում։ Ամենուրեք «ձեռքբերումներ» ու «աննախադեպ» աճեր ունեինք, «թռիչքային զարգացումներ», բայց հանկարծ պարզվեց, որ ոչ մի բան էլ չունենք։ Տնտեսությունը փլվեց՝ առաջին իսկ հարվածից։
Այդպես էր, որովհետև ամեն ինչ կառուցված էր ստի ու կեղծ լավատեսության վրա։
Այսօր էլ նա փորձում է նույն կերպ առաջ գնալ՝ թաքցնելով իրականությունը։
Իսկ իրականությունն այն է, որ մեր տնտեսության հիմքերն այսօր շատ թույլ են, լուրջ խնդիրներ կան բոլոր ոլորտներում, նույնիսկ ֆինանսական կայունությունն է վտանգի տակ, պետական պարտքը հասել է ահռելի չափերի՝ հատելով վտանգավոր շեմը, առկա են դեֆոլտի առաջ կանգնելու ռիսկեր։
Բայց Նիկոլ Փաշինյանին սա քիչ է հետաքրքրում. նա շարունակում է առաջ տանել իր օրակարգը։
Այդ օրակարգով էլ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու կրկին վերարտադրվել։ Կարևոր չէ, թե դա ո՞ւր է տանում երկիրը, և ի՞նչ է մեզ սպասվում ընտրություններից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ