Պետության վրա նստած ծանր բեռը
Պետության ֆինանսական բեռը վերջին երկու տարիներին կտրուկ ծանրացել է։ Մի կողմից՝ նվազել են բյուջեի եկամուտները, մյուս կողմից՝ մեծացել է ծախսերի ճնշումը՝ ստանձնած նոր ֆինանսական պարտավորությունների պատճառով, որոնք ժամանակին բավարար հիմնավորված չեն եղել տնտեսական զարգացումներով։
Պոպուլիզմի հետևից ընկնելով՝ կառավարությունը գնացել է ծախսերի, մասնավորապես՝ ընթացիկ ծախսերի ավելացման։ Մեծացրել է պետության ֆինանսական բեռը՝ առանց մտածելու, որ կարող է մի օր էլ կանգնել ստանձնած պարտավորությունները կատարելու դժվարությունների առաջ։
Հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ընթացիկ պարտավորություններն ավելի արագ են աճում, քան եկամուտները։ Կառավարությունը բյուջեի ծախսերը ֆինանսավորելու խնդիր ունի։ Բայց գոտիները ձգելու, ծախսերը կրճատելու փոխարեն՝ գնում է նոր պարտքեր վերցնելու արատավոր ճանապարհով։
Ծանրանում է պետության ֆինանսական բեռը։ Հազար ու մի կարևոր ու անկարևոր ծախսեր են կատարվում, պետական հսկայական ապարատ են պահում, դրա վրա հարյուրավոր միլիարդ դրամներ են ծախսում։
Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը՝ համարում էր, որ պետական կառավարման համակարգը ուռճացված է և պետք է լրջորեն բարեփոխել ու օպտիմալացնել։ Նորընծա վարչապետը հավաստիացնում էր, որ այլևս չեն լինելու աշխատանքի տեղավորման նախկին արատավոր հարաբերությունները, որտեղ գլխավոր առավելություններն էին խնամի-ծանոթ-բարեկամ կապերը։
«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Տպավորություն էր, որ այս հայտարարությունից հետո հրատապ միջոցներ կձեռնարկեն պետական կառավարման համակարգը կրճատելու և նախկին արատավոր բարքերը վերացնելու համար։ Բայց ոչ միայն չձեռնարկեցին ու չվերացրեցին արատավոր երևույթները, այլև դրանք ավելի խորացան ու արմատավորվեցին։ Նիկոլ Փաշինյանը շուտով մոռացավ այդ մասին ու սկսեց պետական կառավարման համակարգը լցնել իր ասած՝ հորաքույր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձանցով։ Անտեսվեցին ու մոռացության տրվեցին նախկին ուռճացված պետական համակարգը կրճատելու և բարփոխելու հավաստիացումները։ Այսօր էլ պետական կառավարման համակարգը շարունակում է ծանր բեռ լինել պետական բյուջեի վրա։
Ֆինանսական այն դժվարությունները, որոնց վերջին 2 տարիներին բախվել է պետական բյուջեն, թվում է, թե պիտի դաս լինեին կառավարության համար՝ մտածելու ծախսերը հնարավորինս սեղմելու ու կրճատելու մասին։ Խոսքը հատկապես ընթացիկ պարտավորությունների մասին է, որոնք վերջին տարիներին չհիմնավորված բարձր տեմպերով ավելացել են։ Բայց այդպես էլ ոչինչ չարվեց համակարգը օպտիմալացնելու, հազար ու մի տեղի-անտեղի հաստիքները կրճատելու, պետական ապարատի պահպանման ծախսերը նվազեցնելու, պետության ֆինանսական բեռը մեղմելու ուղղությամբ։
Երեք տարվա ընթացքում ձևականորեն վերանայվեց կառավարության կառուցվածքը, սակայն դրանից համակարգի էությունը չփոխվեց։ Գործընթացն ավարտվեց նրանով, որ մի քանի նախարարություն և գերատեսչություն վերցրեցին ու արհեստականորեն կպցրեցին իրար։
Զարմանալի չէ, որ այսօր պետական հատվածում ավելի շատ աշխատող է ընդգրկված, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր համակարգի ուռճացված լինելու և լրջորեն կրճատելու անհրաժեշտության մասին։
Պաշտոնական տվյալներով՝ 2018թ. սկզբին պետական համակարգում զբաղված էր 198 հազար 200 մարդ։ 2021թ. սկզբին նրանց թիվը հասել է 202 հազար 660-ի։
Այնինչ՝ ժամանակին դեմքի ջղային արտահայտությամբ հայտարարություններ էին անում պետական հատվածի ուռճացվածության և պետության վրա ծանր ֆինանսական բեռ դառնալու մասին, խոստանում էին կրճատել ու օպտիմալացնել պետական ապարատը։ Հիմա բեռը շատ ավելի ծանր է, բայց մտածող չկա։
Երեք տարում պետական ապարատը համալրվել է ևս մի քանի հազար աշխատողով։ Եվ այդ աշխատողները նստած են պետության վրա, սնվում են պետական բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Դեռ չհաշված, որ աշխատավարձից բացի՝ պարգևավճարներ են ստանում, երբեմն նաև՝ շատ բարձր։
Գուցե լավ է, որ այդքան մարդ աշխատանք է գտել և կարողանում է լուծել իր սոցիալական խնդիրները։ Բայց դա չպետք է լինի պետության հաշվին։ Հատկապես որ, այդ ծախսերը ֆինանսավորելու հետ կապված լուրջ դժվարություններ կան։
Բացի այդ էլ, այնպես չէ, որ այդպիսի ավելացումները բերում են պետական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման։ Այսօր այն ավելի լավ չի աշխատում, քան աշխատում էր 1 տարի, 2 տարի կամ 3 տարի առաջ։
Ընդհակառակը՝ պետական կառավարման բազմաթիվ ինստիտուտներ վերջին տարիներին պարզապես ոչնչացվել են, չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին։ Թեև շարունակում են մնալ ու ծանրանալ պետական բյուջեի վրա։ Այն բյուջեի, որի ֆինանսական ճեղքը լցվում է դրսից ու ներսից ներգրավվող հարյուրավոր միլիոն դոլարների հաշվին՝ ավելացնելով պետության պարտքի բեռը։ Վերջին տարիներին բյուջեի ճեղքը էապես ավելացել է. հիմա այն կրկնակի ավելի մեծ է, քան պիտի լիներ։
Թվում է, թե այսօրվա ֆինանսական դժվարությունների, առավել ևս՝ անվտանգային բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում, կառավարությունն օր առաջ պիտի ձգեր գոտիները և գնար ծախսերը հնարավորինս օպտիմալացնելու ու եղած ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու ճանապարհով։ Բայց դա մեր համար չէ։ Կառավարությունը շարունակում է նույն անտարբերությամբ տնօրինել բյուջեի միջոցներ՝ կարծես ոչինչ էլ չի եղել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ