Մտնում ենք ռեպրեսիաների նոր փուլ. սպասեք հերթական «հնչեղ» գործերին
Սյունիքի դեպքերը ծանր տարած իշխանություններն ընտրություններից առաջ խստացնում են Քրեական օրենսգրքի պահանջները, որպեսզի պատժեն քաղաքական հակառակորդներին։ Բայց, իհարկե, չեն պատրաստվում բավարարվել միայն դրանով։ Տնտեսությունը ճգնաժամից հանելու ուղիներ փնտրելու և խթաններ ստեղծելու փոխարեն՝ սկսել են ռեպրեսիաներ կիրառել քաղաքական հակառակորդների տնտեսական գործունեության նկատմամբ. բիզնես են փակում, ոստիկանություն ու ԱԱԾ են կանչում, քրեական գործեր են «կարում»՝ այդ ճանապարհով փորձելով ընտրություններից առաջ ասպարեզից հեռացնել անհնազանդներին։
Սպասվում է, որ առաջիկայում տնտեսական ռեպրեսիաներն ավելի կխորանան։ Գործին լծվել են հարկային մարմինները։ Թեև իշխանությունները մտադիր չեն սահմանափակվել միայն հարկայինով։
Այսպես կոչված՝ «ապօրինի գույքի բռնագանձման» անվան տակ շուտով շրջանառության մեջ կդրվեն որոշ «հնչեղ» գործեր։ Այդ մասով հերթական շոուները կսկսեն բեմադրվել ընտրությունների նախօրյակին։
Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ։ 400-ից ավելի անձանց վերաբերյալ ապօրինի գույքի հետ կապված գործեր են քննվում։
Դրանց մի մասը շուտով կհանրայնացվեն։ Կարևոր չէ, թե հետո ինչպես կավարտվեն այդ գործերը։ Կարևորն ընտրություններից առաջ շոուներ ապահովելն է և կրկին նախկին «թալանչիների» թեման ասպարեզ բերելը։ Ոչ մի նշանակություն չունի, թե իրականում ինչ կա այդ բեմականացումների տակ։
Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո նման «հնչեղ» գործերի հետ կապված բեմականացումներ բազմիցս եղել են։ Բայց արդյունքներն այդպես էլ չտեսանք։
Այդ գործերի մեծ մասը ջրվեցին-գնացին։ Շատերն էլ մինչև հիմա նույնիսկ դատարան չեն հասել։ Չէին էլ կարող հասնել, որովհետև գործ ունեինք հիմնականում քաղաքական նպատակներով կարված քրեական գործերի հետ։
Միլիարդավոր դոլարների հասնող թալանից ու չարաշահումներից էր խոսում Նիկոլ Փաշինյանը։ Այնինչ՝ 3 տարվա ընթացքում կարողացավ վերադարձնել ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Գրեթե այնքան, որքան ապօրինի գործունեության ու չարաշահումների արդյունքում նախկինում միշտ վերադարձվում էր։
Բայց դա չի խանգարի հերթական բեմականացումները կազմակերպել՝ այս անգամ «ապօրինի գույքի բռնագանձման» անվան տակ։
Մինչ այդ, իշխանություններն արդեն միացրել են հարկային մամլիչը քաղաքական հակառակորդների նկատմամբ։
Հարկայինի կողմից ճնշումները սկսվեցին Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից անմիջապես հետո։ Այցի հաջորդ օրը ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հրահանգով փակվեց Մեղրիի մաքսային պահեստը, որը պատկանում էր Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավարի ընտանիքին։
Եթե դա արվեր մինչև Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը, գուցե ինչ-որ տեղ ընկալելի լիներ։ Բայց արվեց այն բանից հետո, երբ սյունեցիք սվիններով ընդունեցին Նիկոլ Փաշինյանի անհասկանալի ու կոնսպիրատիվ այցը տարածաշրջան։
Քաղաքական պատվերն ակնհայտ էր։ Եվ ոչ միայն այդ դեպքում։ Դրան հաջորդեց մեկ այլ նախաձեռնություն՝ արդեն օրենսդրական մակարդակով։
Հրատապ կարգով, իշխանական խմբակցությունը ներկայացրեց նախագիծ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որով առաջարկվեց վերացնել ճանապարհային հարկի գծով գործող արտոնությունը։ Արտաքուստ ոչինչ չասող այս նախաձեռնությունը դարձյալ կապված էր Սյունիքի հետ։ Ժամանակին, Սյունիքի համայնքներից մեկի ղեկավարի առաջարկությամբ, տրվել էր արտոնություն ճանապարհային հարկի գծով՝ տնտեսության համար որոշակի խթաններ ստեղծելու նպատակով։ Վերջին դեպքերից հետո իշխանությունը որոշեց պատժել սյունեցիներին և հետ վերցնել այդ արտոնությունը։
Ի դեպ, ժամանակին դրա նպատակահարմարությունը հիմնավորել և ընդունել էին գործող իշխանությունները։ Հիմա նույն ջանասիրությամբ հիմնավորում են հակառակը։
Պրեսինգի տակ է հայտնվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին պատկանող բիզնեսը։ Սյունիքի դեպքերից անմիջապես հետո նրա կինը հրավիվեց ՊԵԿ քննչական վարչություն։ Հասկանալի է, թե ինչի համար։
Տնտեսական հատվածի ոչ ցանկալի մասնակիցների գործունեության վրա ճնշումները, բնականաբար, չեն սահմանափակվի միայն Սյունիքով։ Սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, որոնք շուտով համալրվելու են՝ սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ։
Թե քաղաքական նպատակներով տնտեսությանը ճնշելը և ռեպրեսիաների ենթարկելը ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նույն տնտեսության վրա՝ վերջին 3 տարիներին մենք տեսնում ենք։ Այն, որ Հայաստանը զրոյացրել է գրավչությունը ներդրումների համար, նաև դրա պատճառով է։ Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն դրսի ներդրողներին։ Նման պայմաններում չի կարող իրեն անվտանգ զգալ նաև ներսի կապիտալը։ Փողը և բիզնեսը մեր երկրում պաշտպանված չէ։ Դրա համար այս իշխանություններն ամեն ինչ արել են՝ սկսած ներդրողներին ճնշելուց ու երկրից վտարելուց, վերջացրած իրավական ու ֆինանսական գործիքներ կիրառելով։ Ինչքան էլ համարենք, որ նախկինում ներդրումային միջավայրը մեր երկրում վատն էր, պետք է ընդունենք, որ հիմա ավելի վատ է։
Քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու և իր իշխանությունը պահելու համար՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։ Կարևոր չէ, թե դա ինչ հետևանքներ է ունենում երկրի հեղինակության, տնտեսական միջավայրի ու տնտեսության զարգացումների վրա։
Մեր տնտեսությունը վատ վիճակում է, ու դա պահանջում է հրատապ քայլեր՝ այդ վիճակից հնարավորինս արագ դուրս գալու համար։ Այնինչ՝ իշխանություններն ընկել են քաղաքական խարդավանքների հետևից, որի մեջ ներքաշել են նաև տնտեսությանը։ Այսքանից հետո բնական է, որ անգամ կտրուկ անկումից հետո մեր տնտեսության վերականգնման հեռանկարները շատ մշուշոտ են։ Ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, մեզ սպասվում է տնտեսության չափազանց դանդաղ վերականգնում։
Բնականաբար, այդպես էլ պիտի լիներ, եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնց մեր տնտեսությունը բախվել է վերջին տարիներին ու շարունակում է բախվել մինչև հիմա։ Քաղաքական նպատակներով տնտեսական ճնշումները բերեցին նրան, որ էապես նվազեց տնտեսության դիմադրողականությունը։
Իշխանությունները պարբերաբար խոստանում են վերացնել «թավիշը»՝ առանց հասկանալու, թե դրանով ինչպիսի հարված են հասցնում երկրի տնտեսությանն ու ներդրումային միջավայրին։ Այսպիսի քաղաքականության հետևանք է, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը, որոնց մասին 3 տարի շարունակ ազդարարում են իշխանությունները, այդպես էլ իրականություն չեն դառնում։ Չեն էլ դառնա, քանի դեռ տնտեսության զարգացումները ստորադասվում են քաղաքական նպատակներին ու որոշ մարդկանց անձնական շահերին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ