«Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որ գործող իշխանությունը վերարտադրվի». Մանգասարյան
Ադրբեջանի վերջին շրջանի վարքագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ անում են այն, ինչ ուզում են և երբ ուզում են, ինչի մեղավորը, բնականաբար, մենք ենք: 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Տավուշի հատվածում տեղի ունեցած միջադեպին, որի մասին հայտնի է դարձել երեկ:
Երեկ ՀՀ պաշտպանական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:
«Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ:
Ռազմական փորձագետն այս համատեքստում հիշեցնում է՝ հատկապես 2014 թվականից, երբ Ադրբեջանը տարբեր ուղղություններով սադրանքների էր դիմում, դիվերսիոն ներթափանցման փորձեր իրականացնում, դիպուկահարների ակտիվություն կար, բայց դրանց ի պատասխան՝ ստանում էր կոշտ և անհամաչափ պատասխան։ Մինչդեռ հիմա մեր հովվին Սյունիքում փորձում են առևանգել, իսկ պետության կողմից՝ զրո արձագանք, անտարբերության ֆոն:
«Օրինակ, ինչո՞ւ ապրիլի 28-ի միջադեպի ժամանակ մեր ԶՈւ-ն չի փորձել այդ ադրբեջանցիներին գերի վերցնել։ Չէ՞ որ մենք Ադրբեջանում ունենք մեծ թվով գերիներ, և հակառակորդի հետ խոսելիս մեր դիրքերն է՛լ ավելի ամուր կլինեին, եթե այդ 8-10 հոգուն գերի վերցրած լինեինք՝ հետագայում փոխանակելու նպատակով: Իսկ Ադրբեջանի կողմից նմանօրինակ սադրանքներ ապագայում նույնպես լինելու են: Եվ, իմ կանխատեսումներով, առավել լարված դրսևորումներով: Եվ սա այնքան ժամանակ՝ մինչև մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանա և հստակ ձևակերպի՝ ի վերջո, բանակն ի՞նչ խնդիր է լուծում, ո՞րն է կոնկրետ ուղղությամբ տեղակայված ստորաբաժանման մարտական խնդիրը: Մինչև այս և մի շարք այլ հարցերի պատասխանները մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ չձևակերպի, այդ կարգի սադրանքներն անպակաս են լինելու: Հասկանում եմ, որ մեր Զինված ուժերի առջև ծառացած շատ մեծ խնդիրներ կան, բայց այս ամենը հրատապ լուծումներ է պահանջում գոնե կարճաժամկետ կտրվածքում, ինչը ոչ մի կերպ չի նկատվում»,- նշեց Մանգասարյանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի կարծիքով, նախընտրական շրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որ գործող իշխանությունը վերարտադրվի, քանի որ նրանց տեսանկյունից ներկա իշխանություններից ավելի հարմար տարբերակ չկա:
«Թե դա ինչ ձևով կանդրադառնա սահմանային միջադեպերի ինտենսիվության վրա, դժվար է ասել»,- եզրափակեց Մանգասարյանը: