Արոնյանի և Կարլսենի կիսաեզրափակիչ չորս պարտիայից հետո հաշիվը հավասար է
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի կիսաեզրափակիչի երկու պարտիա ավարտվել է ոչ ոքի, մեկում հաղթել է Արոնյանը, իսկ մյուսում` աշխարհի չեմպիոնը: Այժմ ընդհանուր հաշիվը 2:2 է:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում Հիկարու Նակամուրան հետագա պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: