Ռեպրեսիաները հասան դպրոց. ազատվեք աշխատանքից կամ դատվեք

Երեկ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մի քանի օր է՝ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա ժամը 24:00-ն, նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ-որ շինծու գործով:

«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:

Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում»,- մասնավորապես գրել էր Ռուսլան Բաղդասարյանը՝ գրությանը կցելով մի փաստաթուղթ, ըստ որի՝ ոստիկանությունը կրթօջախներից պահանջել է իր աշխատակցի պայմանագրերը, նրանց բացակայած օրերը և այլ տվյալներ:

168.am-ին հաջողվել է որոշակի տեղեկություններ ստանալ տարբեր կրթօջախների աշխատակիցների՝ ոստիկանության բաժիններ այցերի էության, նպատակի ու մոտիվացիայի մասին:

Մինչ կներկայացնենք նշված տեղեկատվությունը, հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ուժի մեջ մտավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանը, համաձայն որի՝ դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգ է հաստատվել, որով փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:

Այս կարգով իր տեսակի մեջ վերականգնվել է տնօրենների նշանակման խորհրդային ժամանակաշրջանի պրակտիկան, իսկ առջևում էլ ընտրություններ են, և իշխանությունը, թերևս, հաշվարկել է օգտագործել այդ ռեսուրսն ընտրություններում: Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին դպրոցականների ու ուսուցչական կոլեկտիվների տոտալ ներգրավումն է, և բնական է, որ այս որոշումը հեռուն գնացող նպատակներ ունի՝ մի կողմից՝ զսպաշապիկ դառնալ անհնազանդների համար, իսկ մյուս կողմից էլ՝ ունենալ կատարյալ վերահսկելի դպրոցական համակարգ:

Հիմա վերադառնանք ոստիկանների՝ կրթօջախների նկատմամբ «հետաքրքրությանը»: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հունիս ամսվա վերջն է, ենթադրենք, քննաշրջան, դպրոցում դասեր չկան, և որևէ կրթօջախի աշխատակից մոտենում է տնօրենին ու ասում, որ, օրինակ, առողջական խնդիրներով պայմանավորված, երկրից դուրս պետք է գա, կամ պետք է գնա, օրինակ, ՌԴ՝ հիվանդ հարազատին տեսնելու, հուղարկավորության… Կարող եք նշել ցանկացած այլ առիթ, այդ թվում՝ հարսանիք:

Տնօրենը, բնականաբար, ընդառաջում է իր աշխատակցին ու այդ հանդարտ շրջանում մի քանի օրվա բացակայությունը չի արձանագրում:

Հիմա ոստիկանությունը, ընկած դպրոցների դռները, հանկարծ 5-10 տարվա կտրվածքով որոշել է ստուգել ողջ ֆինանսական թղթաբանությունը, և նշված խախտումները հայտնաբերելու դեպքում, բնականաբար, քրեական գործ է հարուցելու: Իսկ նման «խախտում» հնարավոր չէ չգտնել որևէ կրթօջախում կամ ցանկացած այլ հիմնարկում, որի ղեկավարը մարդկային կերպարանք ունի: Ուրեմն ընկել-պեղել են, թե տվյալ դպրոցից հաստիքացուցակով ով է երկրից դուրս եկել, համադրել են դպրոցի ֆինանսական թղթաբանության հետ ու գտել կրթօջախներին «խեղճացնելու» ձևը:

Սցենարը հետևյալն է. հարուցվում է քրեական գործ՝ բյուջեի վատնում հանցակազմով, ու տնօրենին առաջարկվում է կա՛մ ենթարկվել քրեական պատասխանատվության, կա՛մ ազատվել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանները «սանրում» են Աջափնյակ, Արաբկիր և Էրեբունի համայնքների կրթօջախները:

Պարզ է, որ տվյալ դեպքում տնօրենների մեծ մասը կնախընտրի ազատվել աշխատանքից ու… գլխացավանքից:

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. Երկրորդ էշելոնի բոլոր քայլածները, ովքեր տնօրեն դառնալու հավաստագրերը ձեռքներին՝ մնացել են կոտրած տաշտակի առջև, արագ կտեղավորվեն աշխատանքի, ինչով իշխանությունները կլուծեն երկու կարևոր հարց՝ նախ աշխատանքի կտեղավորեն իրենցից դժգոհ մնացած աջակիցներին ու, բացի դրանից՝ միանգամից ձեռք կբերեն մեծ թվով վերահսկելի դպրոցներ, իսկ ընտրություններից առաջ դրանից մեծ նվեր դժվար թե լինի:

Ի դեպ, երեկ Ռուսլան Բաղդասարյանի գրառումից հետո տարբեր փաստաբաններ և իրավապաշտպաններ ցանկություն հայտնեցին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ կրթօջախների՝ ոստիկանության բաժիններ հրավիրվող աշխատակիցներին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս