Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն ազգային իշխանություններ․ միակ լուծումը դա է․ թուրքագետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Ինչպե՞ս պետք է կապիտալիզացնել Բայդենի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը, և բացի բարոյական փոխհատուցումից՝ ի՞նչ կարելի է ակնկալել այս հայտարարությունից՝ հարցերն այս օրերին փորձագիտական շրջանակների քննարկումների ծիրում են։
«Բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հարցը շարունակելու է լինել Հայաստանի ճնշման սակավ գործիքներից մեկը, և սա լավ առիթ է, որպեսզի, օրինակ, այդ հայտարարության հիման վրա ԱՄՆ-ում հայերի կամ հայկական կազմակերպությունների կողմից բացված դատական գործերը օգտագործեն Հայաստան-Թուրքիա բանակցությունների ընթացքում՝որպես Թուրքիայի վրա ճնշման միջոց»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարող է ավելի գրգռել Թուրքիային՝ Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականության հարցում, թուրքագետն արձագանքեց․
«Չի կարող գրգռել․ Թուրքիան այնպիսի պետություն չէ, որ առաջնորդվի մեկ հայտարարությամբ, առավել ևս՝ հայտարարությամբ, որը գտնվում է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում, այլ Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում։
Այնպես որ, Թուրքիան չի շեղվելու իր պլաններից, իսկ այդ պլանները միանգամայն պարզ են՝ Հայաստանի Հանրապետության վրա ճնշում՝ համապատասխան նպատակներով՝ առաջին հերթին՝ Սյունիքով միջանցքներ ստանալ»։
Վարուժան Գեղամյանի համոզմամբ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն չեն կարողանում, այլև չեն ցանկանում դիմակայել այս գործընթացներին, իսկ թե այդ պարագայում ո՞րն է լուծումը՝ նա մանրամասնեց․
«Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն ազգային իշխանություններ․ միակ լուծումը դա է։ Ազգային իշխանություններ, որոնք հասկանան խնդիրը և համապատասխանաբար կազմեն դրան ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ։ ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ դա անելու, այլև չի ցանկանում դա անել․ համաձայնվել է թուրքական բոլոր նախապայմաններին, և աստիճանաբար մենք տեսնում ենք դրանց իրականացումը»։