«Այդ տարածքները նախկինում եղել են իմ անմիջական ենթակայության տակ». «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Կիրակոսյանի խոսքով՝ «Սոսիների պուրակի» այն հատվածը, որտեղից Ալիևների ընտանիքը լուսանկարներ է հրապարակել, նախկինում եղել է իր անմիջական ենթակայության տակ։
«Իմ նախաձեռնությամբ 2018 թվականին սոսիների արգելավայր է ստեղծվել հենց Արցախի Հանրապետության տարածքում, որը, ի դեպ, տարածքով ավելի մեծ է, քան Սյունիքի տարածքում գտնվող պուրակն է՝ մոտ 110 հեկտար տարածք է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Կիրակոսյանը։
Ալիևների հրապարակած լուսանկարում երևում է ծառի համարակալումը, ինչը, ըստ Կարեն Կիրակոսյանի՝ եղել է իր նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։
«Բայց մեկ բան էլ ասեմ՝ ծառերի համարակալումը շարունակել ենք նաև Արցախի տարածքում։ Ալիևների ընտանիքի արած լուսանկարն արվել է Արցախի տարածքում, այսինքն՝ ծառը գտնվում է Արցախի տարածքում՝ Հայաստանի պետական սահմանից մոտավորապես 2 կամ 1,5 կմ հեռավորության վրա։ Այսինքն՝ լուսանկարները ՀՀ տարածքի «Սոսիների պուրակի» հետ կապ չունեն, կապ ունեն Արցախի Հանրապետության «Սոսիների պուրակ» արգելավայրի հետ»,- շեշտեց Կ. Կիրակոսյանը։
Նա նաև շեշտեց, որ կորցնելով այդ պուրակը, հայկական կողմը կորցրել է բնական ռեսուրս։
«Կորցրել ենք տարածք և այդ տարածքի վրա եղած բնական ռեսուրսն էլ հետն ենք կորցրել։ Որպես արժեք, իհարկե, ընդհանուր «Սոսիների պուրակն» աշխարհի ամենամեծ պուրակներից մեկն է, որովհետև ընդհանուր տարածքը հասնում է մոտ 200 հեկտարի և 200 հեկտարանոց նման պուրակ աշխարհում երևի 2-3 հատ կա, սա ամենախոշորներից է։ Հիմա դրանից մեզ մնացել է ընդամենը 64 հեկտար տարածք»,- եզրափակեց Կարեն Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Կիրակոսյանը 2017-2018 թվականն ընկած ժամանակահատվածում եղել է Արցախի Հանրապետության բնական ռեսուրսների կառավարման գործակալության ղեկավարը։
Հիշեցնենք, նաև Ալիևն ընտանիքի անդամների հետ միասին ծառաբնին գրկախառնված լուսանկար էր հրապարակել «Սոսիների պուրակից», ինչից հետո լրագրող Նարինե Կիրակոսյանը բարձրաձայնեց, որ լուսանկարն արվել է Սյունիքի մարզի «Սոսիների պուրակից»։
Ի պատասխան լրագրողի բարձրաձայնած այս խնդրի, Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։
Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:
Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում էլ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանն ասել էր, որ լուսանկարն արվել է Ռազդարա հատվածում, որտեղ գտնվում է «Սոսիների պուրակը»։