«Չի բացառվում, որ լուսանկարներն արված լինեն հենց այնտեղ. դասեր չքաղելու դեպքում վաղը նույնն անելու է Ստեփանակերտում, Երևանում». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նույնպես տեսել է Ալիևի և ընտանիքի լուսանկարները սոսիների ծառին գրկախառնված։

«Մենք Արցախում ունեինք այդպիսի մի բնական պուրակ, և ըստ որոշ տվյալների, այս «Սոսիների պուրակը» տնկվել է Ավարայրի ճակատամարտի զինվորների հիշատակին, այսինքն՝ հազարամյակների պատմություն ունի։ Փաստորեն այն ժամանակ տնկվել և մինչև այժմ գոյություն ունի այդ անտառը, չի բացառվում, որ լուսանկարներն արված լինեն հենց այնտեղ։ Այդ պուրակում բազմիցս եղել ենք, նմանությունը շատ էր։ Մենք հիմա չպետք է դիտարկենք, թե կոնկրետ վայրը որտեղ է, բայց սա կրկին պատգամ է մեզ, թե ում հետ գործ ունենք, սա չմոռանանք երբեք ու իրականությունից չկտրվենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի, Ադրբեջանը վարում է մշակութային ցեղասպանության քաղաքականություն, ցեղասպանություն, որի նպատակն է՝ փոխել պատմական, մշակութային, ազգային ռելիեֆը։ Այդ ճանապարհով Ադրբեջանը փորձում է տիրանալ հայկական պատմամշակութային ժառանգությանը։

«Այդ գործընթացն Ադրբեջանն անում է շատ բիրտ ձևով, ինչ-որ տեղ՝ նաև քաղաքական տարրական նորմերի խախտումով։ Բայց սա է, ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ Ալիևի ոճն է՝ գնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ ու լուսանկարներ հրապարակել։

«Նա այդպես է անելու, նա շարունակելու է այդ հաղթանակի բերկրանքը վայելել, չգիտեմ՝ ինչ ձևով, այդ հաղթանակի կերտողն իրեն է համարում, սա՛ է։ Կյանքն այնպիսի բան է, որ որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու, եթե որևէ մեկն ուզում է, որպեսզի մեզ հետ նման բաներ չլինեն, պետք է դասեր քաղենք։ Դասեր չքաղենք՝ վաղը նույնն անելու է Ստեփանակերտում, Երևանում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ալիևն ընտանիքի անդամների հետ միասին ծառաբնին գրկախառնված լուսանկար էր հրապարակել «Սոսիների պուրակից», ինչից հետո լրագրող Նարինե Կիրակոսյանը բարձրաձայնեց, որ լուսանկարն արվել է Սյունիքի մարզի «Սոսիների պուրակից»։

Ի պատասխան լրագրողի բարձրաձայնած այս խնդրի, Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:

Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում էլ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանն ասել էր, որ լուսանկարն արվել է Ռազդարա հատվածում, որտեղ գտնվում է «Սոսիների պուրակը»։

Տեսանյութեր

Լրահոս