ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կրկին ապօրինություն է գործել

Օր օրի ապացուցվում է, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր ամեն գնով ձգտում տիրել Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանին (ՍԴ)։ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությունը կյանքի կոչելու և վերարտադրվելու ճանապարհին մեծագույն վտանգ էր համարում ազգային ու պետական մտածողությունը, Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելը, պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը, անկախ ու անաչառ գործունեությունը։ Փաշինյանին անհրաժեշտ էր ՍԴ այնպիսի կազմ, որը կլիներ իր ղեկավարած քաղաքական ուժի հետ ներդաշնակ, գրեթե նույն մակարդակի, Սահմանադրության և օրենքների խախտումները նկատելու ունակություն և համարձակություն չունեցող, կունենար կամակատարների գոնե այնքան քանակ, որը կապահովեր իր ծրագրերի համար անհրաժեշտ որոշումների ընդունումը։

Նա բավարարեց իր ցանկությունը՝ 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով, ՍԴ կազմի հակաօրինական համալրումներով, այդ թվում՝ նաև չառարկելով, որ ՍԴ նախագահի աշխատասենյակի դռան վրա փակցվի «ՍԴ նախագահ Արման Դիլանյան» ցուցանակը։

Քանիցս անդրադարձ եղել է, որ ՍԴ-ի հակասահմանադրական և հակաօրինական կազմը՝ իր պաշտոնատենչ ու պաշտոնազավթ նախագահ Արման Դիլանյանով, այս ընթացքում չի խնայել իրեն՝ Փաշինյանի վստահությունն արդարացնելու և նրա հանձնարարականները ի կատար ածելու համար՝ դրա համար խախտելով թե Սահմանադրությունը, թե ՍԴ օրենքը, խնդիրներ ստեղծելով նաև միջազգային պարտավորությունների հետ կապված։

Այս  առումով վառ օրինակներից է այն, երբ ՍԴ-ի անօրինական կազմը, խախտելով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերն ու ժամկետները, արդեն մեկ տարի երեք ամիս է, փաստացի կառավարության թույլ տված թերությունների և ՍԴ-ի անգործության արդյունքում, կարևորագույն միջազգային պայմանագրերից մեկի վերաբերյալ որոշում չի կայացնում։

Այս օրինակն աննախադեպ է նաև այն առումով, որ այդ գործով դեռևս զեկուցող է շարունակում համարվել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանը, ում լիազորությունները հակասահմանադրական փոփոխություններով դադարեցվեցին 2020 թվականի հունիսի 26-ից։

Այսպես՝ ՍԴ աշխատակազմի մեր աղբյուրներից և ՍԴ պաշտոնական կայքէջից պարզել է լինում, որ 2020 թվականի հունվարին  Փաշինյանը ՍԴ էր ներկայացրել կառավարության դիմումը՝ 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Այդ դիմումը ՍԴ-ի նախկին կազմը 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ քննության էր ընդունել և գործով զեկուցող նշանակել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին։ Ինչպես և մի շարք միջազգային պայմանագրերի դեպքերում, այս դիմումը ևս պետական կառավարումից և պետական փաստաթղթերից չհասկացող, ամենաթողությամբ առաջնորդվող Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունը ՍԴ էին ներկայացրել բազմաթիվ թերություններով։ Այդ թերությունները, այդ թվում՝ միջազգային համաձայնագրի բնագիր անգլերեն և հայերեն թարգմանված տեքստերի միջև անհամապատասխանությունները, այնքան էական և ակնհայտ են եղել, որ տվյալ գործով կառավարության ներկայացուցիչը ևս միջնորդել է գործի քննությունը հետաձգել՝ դրանք վերացնելու համար։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՍԴ-ի նախկին կազմը 2020 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ գործի վարույթը կասեցրել էր՝ մինչև կառավարության կողմից հիշյալ համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը։ Կառավարությունն ամիսներ հետո այդ տեքստն ուղարկում է ՍԴ, սակայն, կրկին բազմաթիվ թերություններով։ ՍԴ-ի կազմն արդեն փոխված էր, և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը համարձակություն չուներ այդ թերությունները քննարկման առարկա դարձնել և դնել ՍԴ համապատասխան որոշում ընդունելու հարց։

Եվ քանի որ լիազորությունները դադարեցված Հրանտ Նազարյանի փոխարեն այլ զեկուցող չէր նշանակվել, ինչը նաև ՍԴ նախագահի թերացումն էր, և զավեշտալի լինելուց բացի՝ նաև լրջագույն խախտում, Արման Դիլանյանն առանց ՍԴ որոշման՝ անօրինական, ստանձնում է գործով զեկուցողի և ՍԴ-ի գործառույթները և սկսում գրագրություններ վարել կառավարության հետ։

Մի շարք դատավորների պնդմամբ, որ նման իրավիճակն անթույլատրելի է, ոչ միայն կոպտորեն խախտվում են ՍԴ-ում գործերի քննության ընթացակարգերը, այլ նաև հարցը վերաբերում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, Արման Դիլանյանը հարցը դարձնում է 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴ աշխատակարգային նիստի քննության առարկա, սակայն, գործի վարույթը վերսկսելու և դատաքննության օր նշանակելու նպատակով։ Հիշյալ նիստում փաստերի ուժով ՍԴ-ն, ի վերջո, որոշում է, որ կառավարությունը թերությունները չի վերացրել, այսինքն՝ գործի կասեցման հիմք հանդիսացող հանգամանքները չեն վերացել, և, ըստ այդմ, գործի վարույթը չի կարող վերսկսվել։

Արման Դիլանյանը կրկին թույլ է տալիս անօրինականություն՝ ՍԴ ընդունված որոշումը չի ստորագրում, համենայնդեպս, ՍԴ պաշտոնական կայքէջում նման որոշում հրապարակված չէ։ ՍԴ օրենքով, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին ՍԴ աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ապա այդ գործը ենթակա է կարճման։

Արդեն այդ գործով կասեցման մեկ տարին ս․թ․ ապրիլի 15-ին լրացել է, և գործը պետք է կարճվի։ Սակայն այդ մասով ևս՝ կարճման որոշում կայացնելու համար հարցը դնել ՍԴ աշխատակարգային նիստի քննարմանը, Արման Դիլանյանը չի կատարում։ Ինչո՞ւ, որովհետև կառավարության թերությունների դեմ ՍԴ նախագահի պաշտոնը Փաշինյանի թույլտվությամբ անօրինական զբաղեցնող Դիլանյանը գործելու համարձակություն չունի։

Այս օրինակը, այս ընթացքում, ներկայացնում ենք նաև այն պատճառով, որ պարզ ու հասկանալի լինի, թե վերարտադրվել ցանկացող Փաշինյանի համար ինչ անօրինականության է ունակ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներում ընդունված որոշման հետ կապված սահմանադրական վեճ քննող ՍԴ-ի անօրինական կազմը և, հատկապես, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը։ Այո։ Արման Դիլանյանը կարող է և ունակ է լալահառաչ հայացքով նստել Փաշինյանի դիմաց, նայել նրա դեմքին և ստանալ հանձնարարականներ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում թիկնապահի կեցվածքով կանգնել ազգակործան և պետականակործան Փաշինյանի կողքին, նրա քայլերին նպաստող որոշումներ ապահովել կամ անգործություն թույլ տալ։

Մենք պարտավոր ենք անուն առ անուն իմանալ և հիշել դավաճանի խարանը «վաստակած» և վերարտադրվել ցանկացող Փաշինյանի կողքին կանգնած և սատարող յուրաքանչյուրին, առավել ևս, երբ խոսքը որոշում կայացնող պատասխանատուի մասին է։

Տեսանյութեր

Լրահոս